Քաղաքական

04.02.2021 17:45


«Իսկ Ջալալը խոսելու բան ունի՞»․ Սեյրան Օհանյան

«Իսկ Ջալալը խոսելու բան ունի՞»․ Սեյրան Օհանյան

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, պատերազմում ծանր վիրավորված Ջալալ Հարությունյանին այսօր Հայաստանի իշխանությունները պաշտոն են տվել՝ նշանակելով ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ։ Նրա այս նշանակումն արդեն իսկ կրքեր է բորբոքել, որ Ջալալ Հարությունյանին, փաստորեն, պաշտոն տվեցին, որ նա էլ լռի ու չխոսի։

Իսկ ի՞նչ է մտածում այս նշանակման մասին, հարցրինք գործող իշխանություններին բուռն քննադատող պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին։

«Ես առաջին հերթին մարդկային առումով, և որպես նախկին իմ ծառայակից և մարտական ընկերոջ արժանիքները հաշվի առնելով՝ նորմալ եմ համարում, որովհետև Ջալալը մեր զինված ուժերի գրագետ, բանիմաց սպաներից մեկն է, և կարծում եմ, որ ինքը գործող բանակում եղել է մինչև վիրավորվելը, մարտական գործողությունները ղեկավարել է, այնուհետև ապաքինվելուց հետո գտնվել է կադրերի տրամադրության տակ, և նրա նշանակումը դիտարկում եմ զինված ուժերի կադրային քաղաքականության շրջանակներում»,-ասաց պարոն Օհանյանը։

-Իսկ քաղաքական իմաստով ինչպե՞ս եք գնահատում։

-Ի՞նչ նկատի ունեք։

-Նկատի ունեմ այն, որ շատերը սպասում էին, որ Ջալալ Հարությունյանը ապաքինվելուց հետո շատ բան կունենա ասելու, պատմելու պատերազմում թույլ տրված սխալների, խնդիրների հետ կապված, բայց նրան նշանակում են ՊՆ-ում բարձր պաշտոնի՝ գուցե նաև դրանով լռեցնելով նրան։

-Դե, էդ հարցերը պետք է տալ արդեն Ջալալին, ես իրենց էսօրվա հարաբերություններին ղեկավարության հետ չեմ տիրապետում, չեմ կարող ասել։

-Բայց նույն կերպ Ձեզ էլ կարող էին առաջարկել պաշտոն, որպեսզի Դուք էլ լռեիք, չխոսեիք, չբարձրաձայնեիք խնդիրների մասին, բայց տեսնում ենք, որ եզակի սպաներից եք, որ խոսում եք ու չեք լռում։

-Դուք չպետք է մոռանաք, որ ես արդեն 4 տարի է՝ որևիցե պետական պաշտոնի չեմ, և դեռևս 2016 թվականի հոկտեմբեր ամսին եմ մերժել բոլոր այն առաջարկությունները, երբ որ ինձ կառավարության կազմում չէին ընդգրկել՝ Անվտանգության խորհրդի քարտուղար և այլ բարձր պաշտոններ, այսինքն՝ ես այն անձնավորություններից եմ, որը փոփոխությունների կողմնակից է և փոփոխություններն են զարգացման հիմք հանդիսանում։ Ե՛ւ 2016 թվականին եմ դրա կողմնակիցը եղել, և՛, առավելևս, այսօրվա այս, կարելի է ասել, ողբերգական ու նաև խայտառակ պարտությունից հետո։

-Այդ դեպքում ի՞նչը կարող էր ստիպել, որ Ջալալ Հարությունյանն էլ գնար այս ճանապարհով։

-Դե, Ջալալ Հարությունյանը բանակի գործող գեներալ է, էդ հարցը պետք է տալ իրեն, ես չեմ կարծում, թե գործող բանակի գեներալները պետք է քաղաքականությունից զերծ լինեն և, միևնույն ժամանակ, ինքնուրույն որոշումներ պետք է կայացնեն։ Ինքն ունի իր գնահատականը, ես իրեն՝ որպես անձնավորություն,հարգում եմ, և էդ հարցերը պետք է իրեն ուղղեք։

-Պարզապես ստացվում է, որ հերթով բոլոր կարևոր ֆիգուրները, որոնք պատերազմում մասնակցություն են ունեցել և կարող էին շատ բան խոսել, ստացվում է՝ այս ձևով մեկուսացվում են, որ չխոսեն։

-Դե, գիտե՞ք, պետք է հարց տալ՝ իսկ Ջալալը խոսելու բան ունի՞, էդ հարցերը պետք է տալ Ջալալին։ Ջալալն ունի իր վերլուծությունները, իր մեկնաբանությունները, և իր գնահատանքի արդյունքում է իր ճակատագրին վերաբերող որոշումներ ընդունում։

Աղբյուրը՝ Hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը