Աշխարհ

06.02.2021 19:40


«Իսպանական մամուլը խոսում էր Հայկ անունով մի տղայի մասին, որը «համարձակվել էր» Ֆրեդի Մերկուրի երգել». իսպանական The Voice Kids նախագծից հայտնի Հայկ Արսենյանը նոր հաջողություններ ունի

«Իսպանական մամուլը խոսում էր Հայկ անունով մի տղայի մասին, որը «համարձակվել էր» Ֆրեդի Մերկուրի երգել». իսպանական The Voice Kids նախագծից հայտնի Հայկ Արսենյանը նոր հաջողություններ ունի

Իսպանաբնակ երգիչ Հայկ Արսենյանը, որը լայն լսարանին հայտնի է իսպանական The Voice Kids («Մանկական Ձայնը») մրցույթին իր փայլուն մասնակցությամբ (Հայկը հանդես էր գալիս իսպանացի հայտնի երգիչ Դավիդ Բիսբալի թիմում), օրերս թողարկել է իր առաջին տեսահոլովակը: Բացի այդ՝ 15-ամյա կատարողը ևս մեկ հաջողություն է գրանցել անցած տարի՝ մասնակցելով Idol Kids երաժշտական մրցույթին, որտեղ դարձել է 12 ֆինալիստներից մեկը:

NEWS.am STYLE-ը Հայկի հետ զրուցել է նախագծում իր մասնակցության, երաժշտական նորության, Իսպանիայում հաջողության հասնելու և Հայաստան այցելելու ծրագրերի մասին:

Անդրադառնալով Idol Kids-ին իր մասնակցությանը՝ պատանի երգիչը նշեց.

«Զբաղվածությանս պատճառով որևէ նախագծի չէի պատրաստվում մասնակցել։ Instagram-ով անձնական նամակ ստացա, որով հրավիրվում էի մասնակցելու հաղորդաշարին։ Պատասխանեցի, որ ուսումս ժամանակ չի թողնում մրցույթների մասնակցելու։ Խոստացան, որ նկարահանումները շաբաթ և կիրակի օրերին են լինելու (իհարկե հետո այդքան էլ այդպես չէր (ծիծաղում է))։ Որոշեցի մասնակցել»։

118922659_327022125282327_1988644273538370880_n_2

Մրցույթում հայազգի երգիչն ունեցել է 3 ելույթ՝ նախընտրական փուլում, կիսաեզրափակիչում և եզրափակիչում։

«Անասելի հաճույք եմ ստանում ամեն անգամ բեմ բարձրանալիս, ու այս մրցույթը բացառություն չէր։ Հաջողությունը թերևս այն էր, որ ամիսներ շարունակ իսպանական մամուլը խոսում էր Հայկ անունով մի տղայի մասին, որը «համարձակվել էր» Ֆրեդի Մերկուրի երգել»,-հիշում է նա:

Երգիչը խոսեց նաև վերջերս թողարկած Fascinate երգի ու տեսահոլովակի մասին. երգը հենց ինքն է հեղինակել:

«Թերևս սա առաջին քայլս է՝ որպես հեղինակ-կատարող։ Երգը համագործակցություն է Մայք Ստինգի հետ, որը իմ կոնսերվատորիայի նախկին դասընկերներից է։ Որոշեցինք սկսել հենց այս երգի ձայնագրությամբ, որովհետև ավելի թեթև ու աշխույժ է։ Շատերն ասում են, որ երբ լսում են այն, անկախ իրենցից, շարժվելու ու պարելու ցանկություն է առաջանում»։

Խոսելով միջազգային մրցույթներին մասնակցության ու հայտնիություն ձեռք բերելու մասին՝ Հայկը նշեց.

139752584_1047268679086856_5450671857834351650_n

«Արդեն անցել եմ այն փուլից, երբ նախագծերին մասնակցելիս լարվում էի, ձգտում հաղթանակի։ Հիմա վայելում եմ յուրաքանչյուր ելույթս։ Երաժշտությունն ինձ համար կյանք է։ Իսկ հայտնիության առումով ասեմ, որ Իսպանիայում ինձ շատերը ճանաչում են, անգամ գիտեն, թե ինչպես է գրվում անունս, քանի որ հաղորդման ժամանակ այնքան էր հնչել, ժյուրին անգամ ասում էր, որ ես «ՀԱՅԿ -ի ոճով եմ երգում»»։

Հայկը նաև հավելեց,-«Առհասարակ դժվար է հաղթահարել շատ փորձություններ, երբ բնիկ տեղացի չես, սակայն կարծում եմ, որ դա միայն մղում է ավելի կատարելագործվելու ու ավելի որակյալ մասնագետ դառնալու։ Ես հայտնի մարդ չեմ համարում ինձ։ Պարզապես, կան մարդիկ, որոնք ինձ ճանաչում են»։

141675747_848043102647589_8500366426913944373_n

Երաժշտական գործունեությունից զատ՝ Հայկը սովորում է Viaro Global School ավագ դպրոցի տեխնոլոգիայի բաժնում, նաև ծրագրավորման մասնագիտական դասերի է հաճախում։ Փորձում է այնպես անել, որ սիրելի զբաղմունքները մեկը մյուսին չխանգարեն.

«Նոր երգեր ունեմ, որոնք շատ շուտով կձայնագրվեն։ Ոճը տարբերվելու է, ավելի բալլադային են, երաժշտական առումով՝ ավելի մելոդիկ»,-պատմում է նա:

Ինչ վերաբերում է Հայաստան այցելելու ծրագրերին՝ «Հայաստան գալը միշտ է իմ ծրագրերում. ամեն տարի գալիս եմ։ Ցավոք՝ այս համաճարակը թույլ չի տալիս գալ, բայց ճանապարհները բացվելուն պես անպայման կայցելեմ»,-նշեց երգիչն ու հավելեց, որ չի բացառում նաև իր մասնակցությունը այլ շոուների,-«Այս պահին իրավիճակն աշխարհում այն չէ, ու ոչինչ պլանավորել հնարավոր չէ։ Միգուցե, էլի լինեն նախագծեր, որոնց մասնակցեմ՝ եթե հնարավորություն լինի՝ նաև Իսպանիայից դուրս»։

Այս խորագրի վերջին նյութերը