Աշխարհ

22.02.2021 16:09


Ադրբեջանը դեպի Քարվաճառ մայրուղի կկառուցի. Շուշիի հասնող ճանապարհը շահագործման կհանձնվի 2021-ի օգոստոսին

Ադրբեջանը դեպի Քարվաճառ մայրուղի կկառուցի. Շուշիի հասնող ճանապարհը շահագործման կհանձնվի 2021-ի օգոստոսին

Ադրբեջանի ավտոմայրուղիների պետական գործակալությունը 2021 թվականի մարտից կսկսի Քառվաճառ (Քելբաջար) տանող նոր մայրուղի կառուցել, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալության ադրբեջանական ծառայությունը՝ վկայակոչելով գործակալության նախագահ Սալեհ Մամեդովի հայտարարությունը:

«Ճանապարհի նախագծումն իրականացվել է թուրքական «Պրոյապի» ընկերության հետ համատեղ: Ճանապարհը կանցնի Գանձակ (Գյանջա)-Գոյգոլ-Օմարի լեռնանցք երթուղով: Այստեղ նախատեսվում է լեռնային թունել կառուցել»,-երկուշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Մամեդովը: Նրա խոսքով՝ ի սկզբանե նախատեսվում էր կառուցել 12 կմ երկարությամբ թունել, սակայն նման թունելի կառուցումն ու պահպանումը շատ թանկ է, ինչի հետևանքով էլ որոշում է կայացվել թունելի երկարությունը հասցնել 6,5 կմ-ի` ավելացնելով օձային ճանապարհների երկարությունը։

Անդրադառնալով Վարանդա (Ֆիզուլի)-Շուշի ճանապարհի կառուցմանը՝ Մամեդովը նշել է, որ 6 մետր լայնությամբ և 101 կմ երկարությամբ ճանապարհն այժմ ամբողջությամբ ծածկված է հողով և հավելել․ «Ներկայում ականազերծման աշխատանքներն են ընթանում: Այս ճանապարհը շահագործման կհանձնվի 2021 թվականի օգոստոսին»։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը