Աշխարհ

24.03.2021 13:13


Սլովակիայի նախագահը վարչապետին կոչ է արել հրաժարական տալ

Սլովակիայի նախագահը վարչապետին կոչ է արել հրաժարական տալ

Մեկ մարդու դիրքորոշումը չի կարելի երկրի և նրա քաղաքացիների շահերից ավելի վեր դասել։ Այս մասին հայտարարել է Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովան՝ երկրի վարչապետ Իգոր Մատովիչին կոչ անելով հրաժարական տալ, գրում է EADaily-ն։

«Վարչապետն իր անխուսափելի դարձած հրաժարականով կոալիցիոն գործընկերներին թույլ կտա կառավարության վերակազմակերպման մասին համաձայնագիր կնքել։ Ես ուզում եմ ընդգծել՝ մեկ մարդու դիրքորոշումը չի կարելի երկրի և նրա քաղաքացիների շահերից ավելի վեր դասել»,-ասել է նա։

Չապուտովայի խոսքով՝ վերջին երեք շաբաթների ընթացքում իշխող կոալիցիայի կուսակցությունների ղեկավարների միջև ոչ մի պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Ընդ որում, «այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, երբ հիվանդանոցները լեփ-լեցուն են, իսկ բժիշկները, որոնք պայքարում են մարդկանց կյանքի համար՝ գերհոգնած»։ Ինչպես նշել է երկրի ղեկավարը, քաղաքական էլիտաների միջև շարունակվող ճգնաժամը միայն ցույց է տալիս «իրենց համաքաղաքացիների կյանքի հանդեպ անտարբերությունը»:

Հիշեցնենք, որ Սլովակիայում կառավարական ճգնաժամ էր սկսվել, երբ երկրի վարչապետ Իգոր Մատովիչը որոշում էր կայացրել կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութ գնել՝ նախապես տեղյակ չպահելով ո՛չ կառավարության գործընկերներին, ո՛չ նախագահին։ Ավելի ուշ էկոնոմիկայի նախարար և փոխվարչապետ Ռիչարդ Սուլիկը հայտարարել էր, որ Մատովիչի ղեկավարությամբ նախարարների կաբինետի աշխատանքի առաջին տարին «քաոս» կարելի է անվանել:

Մարտի 22-ին Սլովակիայի վարչապետը հայտարարել էր, որ պատրաստ է լքել իր պաշտոնը, եթե աշխատանքից հեռանան նաև իշխող կոալիցիայի մյուս կուսակցությունների չորս առաջատար քաղաքական գործիչները, այդ թվում՝ Ռիչարդ Սուլիկը, արդարադատության նախարար Մարիա Կոլիկովան, առողջապահության խորհրդարանական կոմիտեի ղեկավար Յանկու Բիտո Ցիգանիկովան և խորհրդարանի փոխխոսնակ Յուրայա Շելիգան: Մարտի 23-ին Սուլիկն ու Կոլիկովան հրաժարական են տվել։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը