Քաղաքական

29.03.2021 15:25


Դատարանը հենց այսօր պետք է հրատապ նիստ հրավիրի ու դադարեցնի Ռոբերտ Քոչարյանի և մյուս երեք մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը. Հայկ Ալումյան (տեսանյութ)

Դատարանը հենց այսօր պետք է հրատապ նիստ հրավիրի ու դադարեցնի Ռոբերտ Քոչարյանի և մյուս երեք մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը. Հայկ Ալումյան (տեսանյութ)

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը հույս ունի՝ որևիցե մեկի մտքով չի անցնի կասկածի տակ դնել Սահմանադրական դատարանի որոշումը։

«Օրենքով դատարանը ոչ թե վաղը, այլ հենց այսօր պետք է հրատապ նիստ հրավիրի ու հենց այսօր պետք է քրեական հետապնդումը դադարեցնի և պարոն Քոչարյանի, և մյուս երեք մեղադրյալի նկատմամբ, ու 300.1 հոդվածով քրեական գործով վարույթը պետք է կարճվի»,-ասաց նա։

Ալումյանի խոսքով՝ համապատասխան միջնորդություններն արդեն ներկայացված են, թեև, եթե միջնորդություններն էլ չներկայացվեին, դատարանը պետք է դա անի։

«Մեղադրող կողմն էլ պետք է հրաժարվի մեղադրանքից»,-ասաց Քոչարյանի փաստաբանը։

Նա նշեց, թե եթե դատարանը գտնի, որ, այնուամենայնիվ, խափանման միջոցը պետք է պահպանվի, այդ դեպքում, գրավի չափը պետք է էականորեն նվազի։

Հայկ Ալումյանը պնդեց՝ պետք է ստիպված շարունակեն Մարտի մեկի գործով դատավարությունն այնքան, մինչև «կաշառքի հոդվածն էլ կոտրվի այն մարդկանց գլխին, ովքեր համարձակվել են նման անօրինական մեղադրանք պաշտպանել»։

«Պարոն Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվել, ընդ որում, բավականին երկար ժամանակ իրեն առաջադրված է եղել միայն 300.1 հոդվածով մեղադրանք, հիմա այն մարդիկ, ովքեր կալանավորել են պարոն Քոչարյանին, ովքեր կալանքի ժամկետ են երկարացրել, ես հիմա չգիտեմ՝ իրենք ո՞նց են իրենց արածը գնահատում, ես հիմա չէի ուզի իրենց տեղը լինել»,-ասաց Ալումյանը։

Փաստաբանի խոսքով՝ ՍԴ որոշումից հետո հանդիպել են Ռոբերտ Քոչարյանին, քննարկել որոշումը։

«Ես չեմ նկատել պարոն Քոչարյանի տրամադրության մեջ որևէ փոփոխություն, երբ իրեն կալանավորում էին, երբ իրեն կալանքից ազատում էին, երբ իրեն նորից էին կալանավորում, որևէ փուլում ես չեմ տեսել, որ պարոն Քոչարյանը մի քիչ ընկճվի կամ ցույց տա, որ ոգևորվեց»,-ասաց Հայկ Ալումյանը։

Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը: ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը սահմանում է սահմանադրական կարգը տապալումը, որով մեղադրանք է առաջադրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին։

Հոդվածը ճանաչվել է Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր։

ՍԴ որոշումն այսօր մտնում է ուժի մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը