Քաղաքական

26.04.2021 16:52


Երկու օր առաջ ադրբեջանցիները մեր հովիվին բռնեցին, քաշքշեցին, խփեցին. Արավուսի գյուղապետ

Երկու օր առաջ ադրբեջանցիները մեր հովիվին բռնեցին, քաշքշեցին, խփեցին. Արավուսի գյուղապետ

Սյունիքի մարզի Արավուս գյուղի համայնքապետ Արգամ Հովսեփյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրել է, որ գյուղը պաշտպանում են ժամկետային զինծառայողները, սակայն իրենք դիմել էին աշխարհազոր կազմելու և զենք ստանալու համար, որպեսզի կարողանան զինվորների հետ սահմանը պահել, բայց մերժում են ստացել։

«Խնդրել էինք, վերադասին, որ իմ ջոկատը՝ 33 տղաներից բաղկացած, ընդգրկեն, գրանցեն, օրինական զենքը ստանան, որ պաշտպանենք մեր գյուղը։ Իրենց 13 պոստերից, մեր գյուղի բրիգադը 2 կմ հետ է կանգնած։ Աշխարհազորային չկա, միայն ժամկետային զինծառայողներ են։ Մեր խնդրանքը մերժել են, անձնական պատճառներով, թե ինչպես՝ չգիտեմ։ Մենք խիստ սահմանամերձ վտանգավոր գոտում ենք, այդ իսկ պատճառով 4 ամիս է՝ խնդրում եմ, որպեսզի մեզ ընդգրկեն պետական սահմանի պաշտպանության մեջ՝ մեր գյուղը, տունը պահենք»։

Համայնքապետն ասել է, որ մինչև աշխարհազորայինները չընդգրկվեն, իրենք շարունակելու են վտանգ զգալ։

«Մեր բանակը հզոր է, բայց այս պահին քիչ են։ Ի՞նչ ենք անում, խանգարո՞ւմ ենք իրենց, գուցե խանգարում ենք դրա համար չեն ընդգրկում։ Ադրբեջանական յուրաքանչյուր պոստում 40 հոգի են, մեր պոստում՝ 7 հոգի»։

Հովսեփյանը հայտնել է նաև՝ օրեր առաջ ադրբեջանցիները քաշքշել են գյուղի հովիվին:

«Երկու օր առաջ մեր հովիվին բռնեցին, քաշքշեցին, մի հատ աչքին խփեցին։ Հովիվը իրենց պոստից 15 մետր էր հեռու, դա մեր հողն է։ Մեր տղաները զենքերով վազելով գնացել, իրենք հովիվին գցել են ու փախել։ Մեր հովիվը մեր հողի վերջին կետում էր կանգնել, GPS-ով էր նայել, հովվին ասել են՝ «100 մետր հեռու մնա»։ Այդ 100 մետր հեռուն արդեն էնպես է ստացվել, որ անասունն էլ չենք կարող պահել»,-ասել է Հովսեփյանը։

Այս խորագրի վերջին նյութերը