Կարծիք

03.06.2021 18:09


«Հայաստան» դաշինքն անում է իր գործը, իսկ եթե դա ինչ-որ մեկի սրտով չէ, խնդիրն ի՛ր մեջ թող փնտրի

«Հայաստան» դաշինքն անում է իր գործը, իսկ եթե դա ինչ-որ մեկի սրտով չէ,  խնդիրն ի՛ր մեջ թող փնտրի

Ընդդիմադիր որոշ առաջնորդներ ծանր են տարել այն պրոակտիվ և գրագետ նախապատրաստական աշխատանքները, որ իրականացնում է «Հայաստան» դաշինքը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ` պատրաստվելով հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին։
Դեռևս անհասցե, ակնարկների մակարդակով` թաքնվելով գերագույն վիժվածքին ուղղված կոշտ քննադատության հետևում, ձեռի հետ դժգոհում են, թե ստեղծված ծանր իրավիճակում, երբ թուրքը մտել է մեր երկիր, մարդիկ ցնցված են զոհված տղաների դիակների պղծման սահմռկեցուցիչ փաստից, ամոթ է, ավելին` «սատանայություն» է, այստեղ-այնտեղ ընկած` քարոզչությամբ զբաղվել. պետք լինի, մենք էլ կանենք, բայց դա մեր սրտով չէ (ոմանք կարող են առարկել, թե խոսքը վերաբերում է պարտության խորհրդանիշին, բայց այն, որ այդ «ամոթալի» գործով զբաղված «սատանաների» մասին ասվում է հոգնակի թվով, այլ բան է հուշում)։
Նույն գծի մեջ են նախընտրական թոհուբոհից այս կամ այն պատճառով դուրս մնացած մարդիկ, որոնք, կապիտուլյանտին թունդ ընդդիմադիր «ըլլալով», մուննաթ են գալիս ընդդիմադիր ուժերի վրա, որ ընդունել են ինքնակոչ «ժամանակավոր պաշտոնակատարի» մարտահրավերը և մասնակցում են ընտրություններին։ Ընդ որում`այդպես էլ որևէ ողջամիտ այլընտրանք չառաջարկելով ընտրություններին, որ պասիվ մեծամասնության իներտ, անտարբեր, հարմարվողական կեցվածքի և ուժային կառույցների, ընդհանրապես` կառավարման ապարատի ծառայամիտ, ապապետական, անտրամաբանական, տեղ-տեղ` ուղղակի դավաճանական պահվածքի պայմաններում պարզապես այլընտրանք չունի։
Այո, շատ վատ է, որ ընդդիմությունը տապալեց կապիտուլյանտին իր աթոռից քերել-հանելու, ժամանակավոր կառավարություն ձևավորելու և մի տարի անց` հանգիստ պայմաններում, արտահերթ ընտրությունների գնալու մաքսիմում-ծրագիրը։ Բայց հիմա, երբ դա այլևս կատարված փաստ է (եթե, իհարկե, ազերի «եղբայրների» հետ համատեղ մի մեծ պրովակացիա չսարքեն սահմանում, ռազմական դրություն չհայտարարեն ու չչեղարկեն ընտրությունները), ո՞րը պետք է լինի ընդդիմադիր ուժերի, դաշինքների խնդիրը. հասարակությանը ներկայացնել իրական այլընտրանք` կանխատեսելի և անվտանգ ապագայի հստակ, հասկանալի ծրագիր և իր անելիքն իմացող, կարող, ճգնաժամային կառավարման հաջողված փորձ ունեցող պրոֆեսիոնալների թիմ, որը ի վիճակի է իրականացնել այդ ծրագիրը, ինչն էլ «Հայաստան» դաշինքն անում է բարձր մակարդակով։
Ասել` «հիմա դրա ժամանակը չէ», տրվել հոսանքին` կնշանակեր հարմարվել կապիտուլյանտի և իր թուրք-ադրբեջանական քիրվաների խաղի կանոններին, որ, իրար «պաս» տալով, ստեղծում են ինֆորմացիոն տարբեր «առիթներ» հասարակական կարծիքը կարևոր խնդիրներից, զարգացումներից, այս դեպքում`ընտրություններից շեղելու համար, հերթական սկանդալով լղոզում նախորդը, դրանով իսկ ջուր լցնել սրանց ջրաղացին. տանուլ տալ ընտրությունները, և մարտից հետո սուր ճոճել, թե Հայաստանի «երիտթուրքական» կառավարությունն օգտագործեց վարչական լծակները, կեղծեց ընտրությունները, վերարտադրեց իր իշխանությունը, և նպաստել հայոց պետականության ազատ անկմանը։
Ընդդիմությունն այսօր մի՛ խնդիր ունի` հեռացնել պետականակործան պատուհասին և կասեցնել պետության փլուզումը։ Իսկ դրա համար պետք է բեկում մտցնել հանրային կարծիքի մեջ, կոտրել 20 տարվա «հին կարծրատիպերը» ժողովրդական ունեցվածքի համատարած «ալան-թալանի», Արցախի «գլխանց ծախված լինելու» և տարիներ շարունակ հասարակությանը «պատվաստված» բազմաթիվ այլ կեղծ թեզերի վերաբերյալ, որոնք շահարկելով` «թավշյա խաժամուժը» եկավ իշխանության։
Եվ առաջին հերթին դա պետք է Ռոբերտ Քոչարյանին` նկատի ունենալով տասնամյակների «հսկայածավալ» աշխատանքը, կատարվել է նրանից «համազգային բոբո»` ամեն ինչի թիվ 1 մեղավոր և պատասխանատու, մի խոսքով, քավության նոխազ կերտելու ուղղությամբ. «տիտանական աշխատանք», որի առաջամարտիկը գերագույն կապիտուլյանտն էր իր ընտանեկան թերթով։
«Մեղադրել» երկրորդ նախագահին, որ օգտագործում է մինչև ընտրություններ մնացած սուղ ժամանակը իր վաստակած հանրային վստահությունը վերականգնելու համար` առնվազն փարիսեցիություն է։
«Հայաստան» դաշինքն անում է իր գործը, և եթե դա ինչ-որ մեկին դուր չի գալիս, խնդիրն իր մեջ թո՛ղ փնտրի...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը