Քաղաքական

07.06.2021 14:59


Ռոբերտ Քոչարյանը փակագծեր բացեց. նախկինում ի՞նչ էր արվում պատերազմից խուսափելու համար

Ռոբերտ Քոչարյանը փակագծեր բացեց. նախկինում ի՞նչ էր արվում պատերազմից խուսափելու համար

Հայաստանի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչումը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` նախագահ եղած տարիներին կնշանակեր պատերազմի սկիզբ։ Քոչարյանն այդ մասին հայտնեց Մեղրիում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ` պատասխանելով քաղաքացիներից մեկի հարցին, թե ինչո՞ւ չի ճանաչել ԼՂ անկախությունը, երբ ՀՀ նախագահ էր։

«Մենք չենք ճանաչել ԼՂ անկախությունը, բայց փաստացի արել ենք ամեն ինչ, որ ստեղծենք ասիմետրիկ կոնֆեդերացիա։ Այսինքն` մենք փաստացի ինտեգրել ենք ամեն ինչ. Ղարաբաղն ուներ իր խորհրդարանը, իր նախագահն ու պետական կառույցները, բայց տակը բոլորը միասին էին։ Սա նշանակում է` կառուցել ենք մեկ երկիր»,-ասաց Քոչարյանը։

Անդրադառնալով բանակցությունների թեմային` ՀՀ երկրորդ նախագահը նշեց, որ եթե ներկայիս իշխող ուժն իշխանության չգար, հայկական կողմը դեռ 30 տարի հմուտ բանակցելու հնարավորություն կունենար։

Քոչարյանը վստահեցրեց, որ Ադրբեջանը ձեռ էր քաշել նախկին ԼՂՀ-ից և հասկանում էր, որ միջանցք չի տրամադրվելու, քանի որ ԼՂ-ն չի կարող անկլավային վիճակում զարգանալ։ Սակայն, ըստ Քոչարյանի, Ադրբեջանը հույս ուներ, որ ՀՀ-ն կարող է մյուս շրջանները վերադարձնել։

«Ճիշտ բանակցելն այն է, որ դու ո՛չ տաս այդ հույսը, ո՛չ էլ կտրես այն։ Իսկ այս իշխանությունն այսօր մի բան է ասել, վաղը` մեկ այլ բան, ստում էր միջնորդներին։ Այս իշխանությունն ասում էր` Շուշին մայրաքաղաք են սարքելու, և ոնց որ բզեին ու ասեն` հույս չունենաք, որ բանակցությունների միջոցով կարող եք մի բանի հասնել»,-ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով` Շուշին զգայուն թեմա էր ոչ միայն հայերի, այլև ադրբեջանցիների համար։ Երբ Քոչարյանը բանակցություններ էր վարել, ադրբեջանական կողմը միշտ հետաքրքրվել է, թե Շուշիի հարցը ո՞նց է լինելու։ Իսկ այս իշխանությունը, ըստ Քոչարյանի, արեց ամեն ինչ, որ պատերազմն անխուսափելի լինի։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը