Քաղաքական

10.06.2021 19:27


Սահմանի միջադեպերը չեն նպաստում Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Զախարովա

Սահմանի միջադեպերը չեն նպաստում Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Զախարովա

Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումը առաջնային խնդիր է, որի իրականացման հարցում շահագրգռված են տարածաշրջանի բոլոր երկրները, այդ թվում` Հայաստանն ու Ադրբեջանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան` պատասխանելով հարցերին` արդյո՞ք քննարկվում է միջանցքի հարցն ու շարունակո՞ւմ է արդյոք գործել եռակողմ աշխատանքային խումբը։

Նրա խոսքով` համապատասխան պայմանավորվածություններն արձանագրված են եղել եռակողմ հայտարարություններում, աշխատանքները հանձնարարվել է իրականացնել երեք երկրների փոխվարչապետներին, ոլորտի փորձագետները հաղորդակցությունների վերականգնման համար անհրաժեշտ միջոցների վերլուծություն են անցկացրել, ինչը սկզբունքորեն թույլ է տալիս մոտ հեռանկարում սկսել փուլ առ փուլ իրականացնել համատեղ ենթակառուցվածքային նախագծերը։

«Ակնկալում ենք, որ եռակողմ աշխատանքային խումբն առաջիկայում կվերսկսի իր գործունեությունը համաձայն առաջնորդների եռակողմ պայմանավորվածության։ Առաջնորդներն են որոշել նման աշխատանքի ուղղությունը։ Միևնույն ժամանակ, հայ–ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում տեղի ունեցող միջադեպերը, իհարկե, չեն նպաստում Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների ընդհանուր ֆոնի կարգավորմանը»,–ասել է նա։

Զախարովան կողմերին կոչ է արել զսպվածություն դրսևորել և թուլացնել լարվածությունը, ինչպես նաև հակասությունները լուծել բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը