Քաղաքական

16.06.2021 09:15


Ալիևը պարել է Շուշիում (տեսանյութ)

Ալիևը պարել է Շուշիում (տեսանյութ)

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևին և Ռեջեփ Թայիփ Էրդողանին Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Շուշիի շրջանում գտնվող Ջդրդուզում (Կատարոտ կամ Ջդրդուզ կոչվող դաշտավայրը գտնվում է Շուշի քաղաքի եզրին) ներկայացվել է պարային ծրագիր, որին միացել է նաև Ալիևը: Կարճ ժամանակ անց նա պարելու է հրավիրել նաև ներկա գտնվող հյուրերին, գրում է minval.az-ը:

Դատելով տեսանյութից՝ պարին մասնակցել է նաև Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ղեկավար Էլչին Գուլիևը:

Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահներն այցելել են Շուշի: Երեկ Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել այդ առնչությամբ։ Հայտարարությունում ասվում է․

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու նրա ընտանիքի ուղեկցությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա ընտանիքի անդամների այցը Արցախի պատմական մայրաքաղաք Շուշի, որը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ավերվել է 1920 և 2020 թվականներին, միջազգային իրավունքի կոպտագույն խախտման, մարդատյացության, ցեղասպան ու ահաբեկչական քաղաքականության վառ դրսևորում է։

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է նման այցերը Արցախի օկուպացված տարածքներ՝ դրանք դիտարկելով որպես սադրանք, ծավալապաշտական և ծայրահեղական ծրագրերի շարունակման հայտ։

Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Թուրքիայի սադրիչ գործողությունները, քանի որ նման այցելությունները, դրանց ընթացքում Անկարայի և Բաքվի կողմից հնչեցված գաղափարները, հայտարարությունները, ձեռք բերված պայմանավորվածությունները և միջնադարյան նվաճողական քաղաքականության փառաբանումը լուրջ սպառնալիք են միջազգային և տարածաշրջանային անվտանգության համար, մարտահրավեր՝ ողջ քաղաքակիրթ մարդկությանը, հարված՝ բոլոր այն կազմակերպությունների և կառույցների հեղինակությանը, որոնց անդամակցում է Թուրքիան»։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը