Քաղաքական

01.07.2021 19:47


«Մենք ինքներս ճանապարհ ենք բացել, որպեսզի Թուրքիան մաս դառնա բանակցային գործընթացին». քաղաքագետ

«Մենք ինքներս ճանապարհ ենք բացել, որպեսզի Թուրքիան մաս դառնա բանակցային գործընթացին». քաղաքագետ

Երեկ Անթալիայում կայացավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանն ուղղված քայլերը:

«Պայմանավորվել ենք շարունակել սերտորեն կոորդինացնել մեր ջանքերը՝ աջակցելու Բաքվին և Երևանին լուծելու հարաբերությունների կարգավորման վերաբերյալ պրակտիկ հարցերը՝ շեշտադրելով վստահության միջոցների ամրապնդումը»,-հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասել էր Լավրովը:

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը 168.am-ի զրույցում ասաց, թե Թուրքիայի գործողությունները բավականին տրամաբանական են, իսկ Ռուսաստանն էլ ամեն կերպ փորձ է անում բացառել իր սահմաններին մոտ հնարավոր լարվածության առաջացումը:

«Թուրքիայի գործողությունները տրամաբանական են այն առումով, որ իրենք ամեն կերպ փորձում են ներգրավվել Հարավային Կովկասում գործընթացներում: Շատերը նաև նշում են, որ այսպիսով հետագա հեռու գնացող ծրագրեր իրականացնելու համար, այսպես ասած, Թուրանի ստեղծման քաղաքականության տրամաբանության շրջանակներում մենք կարող ենք դիտարկել իր այդ գործողություններրը: Սա՝ մի կողմից: Մյուս կողմից՝ տրամաբանական է, որ այս ուղղությամբ իրենք պետք է ակտիվ ներգործություն իրականացնեն Արցախում, փորձեն Հայաստանում ինչ-որ գործողություններ իրականացնել: Այսինքն՝ Թուրքիայի գործողությունները տրամաբանական են:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, այստեղ հարցը բավականին նուրբ է: Ռուսաստանն ամեն կերպ փորձելու է անել, որպեսզի գոնե Հարավային Կովկասում, այսինքն՝ իր սահմաններին մոտ նոր լարվածության աղբյուր չառաջանա: Օբյեկտիվորեն մենք այժմ տեսնում ենք իրավիճակ, երբ Աֆղանստանից հիմա ամերիկացիներն իրենց զորքերը դուրս են բերում, այնտեղ թալիբներն են ակտիվանում, մոտենում են Ռուսաստանի սահմանակից պետությունների սահմաններին: Մենք տեսնում ենք՝ բավականին բարդ իրավիճակ է Ուկրաինայում, և տրամաբանական է, որ Ռուսաստանը ևս մեկ հավելյալ, այսպես ասած, պատերազմի ճակատ չէր ուզենա ստանալ: Դրա համար տրամաբանական է, որ Ռուսաստանը քայլեր է ձեռնարկելու, որպեսզի ամեն կերպ նվազեցնի, մինիմումի հասցնի հնարավոր նոր պատերազմի բռնկումը մեր տարածաշրջանում: Տրամաբանական է, որ ինչ-որ գործողություններ պետք է տեղի ունենային: Եվ մենք չպետք է զարմանանք, որ մենք շարունակելու ենք ինչ-որ բաներ զիջել՝ թե՛ տարածքային ամբողջականության տեսանկյունից, թե՛ քաղաքական սուվերենության տեսանկյունից:

Բայց սա այն ճանապարհն է, որը հայ ժողովուրդն ընտրել է առաջին անգամ 2018թ. և վերահաստատել է իր գործողությունների ուղղությունն ընդամենը մի քանի օր առաջ: Այսինքն՝ մենք չպետք է հետագայում զարմանանք, ասենք, որ պայմանականորենք թուրքերն ու ռուսերը մեր հաշվին ինչ-որ պայմանավորվածությունների եկան»,-168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Մաթևոսյանի կարծիքով՝ այս ձևաչափով Ղարաբաղյան կարգավորմանն ուղղված քայլերը դեռ չեն նշանակում, թե Մինսկի խմբի ձևաչափով գործողություններ այլևս պետք չէ ակնկալել:

«Սա վկայում է հետևյալի մասին, որ օբյեկտիվորեն մենք ինքներս ճանապարհ ենք բացել, որպեսզի Թուրքիան մաս դառնա բանակցային գործընթացին՝ մեր հակասական գործողություններով, հակասական հայտարարություններով, մեր ռազմավարական դաշնակիցների, մեր հարևան Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերությունները փչացնելով՝ մենք Թուրքիայի ակտիվ մասնակցությունը գործընթացներին այլևս դարձրել ենք փաստ: Սա՝ առաջինը:

Ինչ վերաբերում է Մինսկի խմբի համանախագահ երկրների գործողություններին, մենք առնվազն պետք է արձանագրենք հետևյալը, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ԱՄՆ-ը, և թե՛ Եվրամիությունը՝ ի դեմս Ֆրանսիայի, բազմիցս հայտարարել են, որ անհրաժեշտ է գործընթացը շարունակել Մինսկի խմբի ֆորմատով, Մինսկի խմբի տրամաբանության շրջանակներում: Այսինքն՝ հիմնական դերակատարները հակված են շարունակել բանակցությունները հենց այս ֆորմատով: Ինչպիսի արդյունք կլինի այս ամենից, սա մեկ այլ հարց է:

Դրա հետ մեկտեղ, քանի որ մենք այլևս միջազգային հարաբերությունների օբյեկտ ենք և քիչ ազդեցություն կարող ենք ունենալ այլ գործընթացների վրա, տրամաբանական է, որ աշխարհի հզորների փոխհարաբերությունների սակարկման շրջանակներում է որոշվելու թե՛ մեր ճակատագիրը, թե՛ Արցախի Հանրապետության հետագա ճակատագիրը»,-նշեց Բենիամին Մաթևոսյանը:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ Թուրքիայի ներգրավվածությունը Ղարաբաղյան գործընթացներում այլևս փաստ է: Պատերազմի օրերին դրան ականատես եղանք Թուրքիայի ֆիզիկական ներկայությամբ, պատերազմից հետո էլ տեսանք, որ ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգային կենտրոն ստեղծվեց:

«Դրա հետ մեկտեղ՝ արձանագրենք հետևյալը: Պատերազմի արդյունքներից տրամաբանորեն դժգոհ է Թուրքիան, որովհետև իրենք ուզում էին առնվազն ռազմական ներկայություն ունենալ Ադրբեջանում, ինչը իրենք գոնե ներկա պահին չունեն, դրա հետ մեկտեղ՝ միջանցքը, որի մասին խոսում են, իրենց ավելի շատ է անհրաժեշտ, քան Ադրբեջանին: Ավելին՝ իրենց անհրաժեշտ է միջանցք, որն իրենք պետք է վերահսկեն: Այսինքն՝ Թուրքիան գոնե այս ստեղծված իրավիճակից փորձելու է ամեն կերպ փոխել իր ուղղությունը:

Այս ամեն ինչը հասկանում է նաև Ռուսաստանը: Դրա հետ մեկտեղ՝ Ռուսաստանը նաև խնդիր ունի թույլ չտալու իր սահմանների մոտ անվտանգային առումով նոր թեժ կետի ստեղծումը: Այսինքն՝ այնպես չի, որ սա ռուս-թուրքական ինչ-որ պայմանավորվածություն է, և հատուկ իրենք միասին տարան մեզ դեպի պատերազմ, դեպի պարտություն այս պատերազմում, և հիմա, այսպես ասած, վերջին արարն են իրականացնում: Ոչ:

Մեր գործողությունների արդյունքում օբյեկտիվորեն ստեղծվեց իրավիճակ, որ Թուրքիան մտավ խաղի մեջ: Հիմա այս ստեղծված իրողության պայմաններում ռուսական կողմն էլ փորձում է մաքսիմալ ապահովել իր շահերը: Այս տիրույթում պետք է դիտարկենք իրողությունները»,-եզրափակեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը:

Այս խորագրի վերջին նյութերը