Քաղաքական

09.07.2021 20:02


Նիկոլ Փաշինյանն ընտրական գործընթացում խախտել է հավասարության սկզբունքը. ՍԴ նիստը կշարունակվի վաղը (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն ընտրական գործընթացում խախտել է հավասարության սկզբունքը. ՍԴ նիստը կշարունակվի վաղը (տեսանյութ)

Վարչապետի պաշտոնակատար հանդիսացող Նիկոլ Փաշինյանն ընտրական գործընթացում խախտել է հավասարության սկզբունքը։ Այս մասին ՍԴ նիստին ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը՝ ներկայացնելով ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դիմումի հիմնավորումները։

Վարդևանյանը հիշեցրեց, որ, թեև Նիկոլ Փաշինյանը հրաժարական էր տվել վարչապետի պաշտոնից, բայց վերջինս շարունակել է պաշտոնավարել որպես պաշտոնակատար, ինչը կոնկրետ նպատակ է հետապնդել՝ պահպանել պաշտոնը՝ հնարավոր վարչական ռեսուրսի կիրառման համար։

Վարչական ռեսուրսի կիրառման տեսանկյունից Վարդևանյանը հատկապես մտահոգություն հայտնեց երեխաների ներգրավման դեպքերի վերաբերյալ՝ հիշեցնելով, որ Սյունիքի մարզում Նիկոլ Փաշինյանը երեխաների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ապագա կա, իսկ երեխաները պետք է պատասխանեին, որ կա ապագա։ Վարդևանյանն անդրադարձավ նաև իշխող ուժի և մասնավորապես Նիկոլ Փաշինյանի կողմից լռության օրվա խախտման դեպքին, ինչին անդրադարձ պետք է կատարվի։ Բացի դա՝ Նիկոլ Փաշինյանը լռության օրվա դրությամբ արդեն իսկ վերադարձել էր արձակուրդից, հետևաբար, հանդիսանում էր որպես վարչապետի պաշտոնակատար, իսկ վերջինիս կողմից՝ լռության օրվա ընթացքում՝ կառավարական ամառանոցից արված կոչը քաղաքացիներին ակնհայտորեն վարչական ռեսուրսի կիրառում է։ Վարդևանյանն անդրադարձավ նաև Փաշինյանի կողմից ատելության խոսքի հռետորաբանությանը՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Վարդևանյանը նախ ներողություն խնդրեց Բարձր դատարանից, ներկաներից, ապա հրապարակեց Փաշինյանի խոսքերը՝ մեջբերելով նրա հայտնի արտահայտությունները, ինչպիսին է՝ «դրանց սաղին շինելու եմ» և այլն։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՍԴ-ում այսօր քննարկվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին քաղաքական ուժերի կողմից ներկայացված դիմումները՝ մեկ վարույթով։ ՍԴ-ի կողմից արդեն իսկ սահմանվել է դիմումների ներկայացման հաջորդականությունը, համաձայն որի՝ առաջինը բացատրությամբ հանդես կգան դիմումատուները, հետևյալ հաջորդականությամբ՝ «Հայաստան» «Զարթոնք», «Հայոց Հայրենիք», «Պատիվ ունեմ» դաշինքը, ապա՝ պատասխանող կողմը՝ ԿԸՀ-ն, հարակից պատասխանողները և երրորդ անձը՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունները։

ՍԴ ներկայացված դիմումների վերաբերյալ հիմնավորումներ և բացատրություն այսօրվա կայացած նիստի ընթացքում տվել է միայն «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը, ընդ որում, աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված Վարդևանյանը ներկայացրեց դիմումի հիմնավորումների միայն մի մասը։

Աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված ՍԴ նիստը հետաձգվեց, այն կշարունակվի վաղը՝ ժամը 10։00-ին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը` Փաստինֆո

Այս խորագրի վերջին նյութերը