Հարցազրույց

22.06.2011 20:00


Ստեփան Մարգարյան.

Ստեփան Մարգարյան.

Հարցազրույց «Ջավախք» հիմնադրամի  ղեկավար Ստեփան Մարգարյանի հետ

–Վերջերս Ամենայն հայոց կաթողիկոս, ՆՍՕՏՏ Գարեգին Բ–ն այցելեց Թբիլիսի և Ջավախք։  Ինչպե՞ս եք գնահատում այս այցը։

–Ես կարծում եմ, որ այս այցը ճիշտ, բարենպաստ ժամանակ չէր, նաև՝ քաղաքական իմաստով։ Շատ ավելի  բարենպաստ ժամանակներ են եղել այց նախապատրաստելու համար, բայց կա՛մ մեր կողմից հետևողական չլինելու, կա՛մ վրացական կողմի  չհամաձայնելու պատճառով, այցը չի կայացել։ Ինչպես գիտեք, վերջին շրջանում տարիներով նման այց չէր եղել։ Ես կարծում եմ՝ հարմար  պահ չէր և, ցավոք սրտի, այս այցելությունից, այսպես ասած, շոշափելի արդյունք չունեցանք, և բազմաթիվ խնդիրների նույնիսկ  լուծման ուղին չի երևում։

–Իսկ  այն որակումները, թե այցը  պատմական էր, արդյոք համապատասխանո՞ւմ են այս իրավիճակին։

–Պատմական է այն իմաստով, որ  պատմության մեջ 100 տարի հետո նոր նման այց կատարվեց, բայց արդյունքների առումով ես չէի ասի, թե պատմական է։ Այցի արդյունքները  շատ ավելի առարկայական պետք է լինեին։ Այս այցից առաջ հայերով բնակեցված  շատ տարածքների  բնակչների հետ կապեր են եղել, և երբ որ նախապատրաստական փուլին հետևում էին, շատերը անհանգստանում էին և ինձ անձամբ ասել էին, որ եթե այսինչ հարցը չպետք է լուծվի (իսկ նրանք այնտեղ կոնկրետ  հարցեր էին  դնում), ապա ավելի լավ է՝ այցը  չլինի, քանի որ  հարցեր կան, որոնք եթե շոշափվեցին, պետք է լուծվեն, այլապես կփակվեն։ Տեղի ակտիվ ազգաբնակչությունից անհանգստացած էին, զգում էին, որ բարենպաստ ժամանակ չի այս այցելությունը։

–Օրինակ այդ ո՞ր խնդիրներն էին, որ կաթողիկոսի այցից հետո մտան փակուղի։

–Օրինակ՝ եկեղեցիների վերադարձման խնդիրը։ Այս հարցը  հաստատ փակուղի մտավ։ Եկեղեցիների մի որոշ մաս կար, որ վրացական կողմը չէր հրաժարվում հարցից և ասում էին՝ կլուծենք։ Նույնիսկ քաղաքական իշխանության մակարդակով ասվել էր, որ կլուծվի այդ հարցը, բայց հիմա միայն Թբիլիսիում մի քանի  տասնյակ եկեղեցիներ կան, որ  ժամանակի ընթացքում վրացիները վերցրել են, և այդ եկեղեցիների  հարցը, կարծում եմ, ցավոք սրտի, այլևս չի լուծվի։

–Իսկ ինչո՞ւ այդ հարցը մտավ փակուղի։ Ի՞նչն էր անբարենպաստ։ Արդյոք մեր կաթողիկոսի  դիրքրոշման մեջ է՞լ խնդիր կար։

–Ճիշտն ասած, ոչ միայն կաթողիկոսի դիրքորոշումն էր, այլ,  անկեղծ ասած, ես վերջին շրջանում չտեսա այս  հարցերի շուրջ եկեղեցի–պետություն համախմբված  մոտեցում։ Կարծում եմ, որ այսպիսի հարցերը պետք էր համատեղ դնել, նախապատրաստել և գնալ առաջ ու պնդել։ Ես դրա համար  եմ ասում, որ մի քիչ ժամանակին չէր, կամ պատեհ չէր այս այցը։ Իմ կարծիքով՝ այն պետք էր ուրիշ ժամանակ հետաձգել, երբ հնարավոր կլիներ համատեղ ուժերով հանդես գալ։

–Կարելի՞  է ասել, որ  Վրաստանի հետ Հայաստանի արտաքին  քաղաքականությունը ոչ  այնքան հայանպաստ է կամ ոչ  ճիշտ է ընթանում։

–Ճիշտն ասած՝ Հայաստան–Վրաստան համագործակցությունը վաղուց է, ինչ բավարար մակարդակի չէ։ Մեր հարաբերությունները, մեր  արտաքին քաղաքականությունը Վրաստանի հետ բավարար չեն, որովհետև, օրինակ, այնպիսի քաղաքականություն վարելը, թե մենք կախված ենք նրանցից, որովհետև մեր ճանապարհները անցնում են Վրաստանով, կարծում եմ՝ ճիշտ չէ։ Մենք կախված չենք Վրաստանից։ Մենք կախված  ենք Վրաստանից այնքանով, որքանով Վրաստանը՝ մեզնից։ Պետք է պարզապես ճիշտ քաղաքական հարթություն տեղափոխել  հարաբերությունները, այն է՝  տարածաշրջանային համագործակցության հարթություն։ Երբ տարածաշրջանային համագործակցություն չկա, և դա ձևավորելու ուղությամբ գրեթե ոչինչ  չի արվում, այդ դեպքում մնում  է միայն Վրաստանի ճանապարհները որպես տրանզիտ օգտագործել, և մենք միակողմանիորեն կախված ենք լինում Վրաստանից։

–Այսինքն՝ Վրաստանի հետ վարվող քաղաքականությունը  ճիշտ չէ՞։

–Այո՛։

–Իսկ  օրինակ ինչպե՞ս եք գնահատում վրաց պատրիարք Իլիա երկրորդի այն հայտարարությունը, թե Գարեգին Բ–ն երիտասարդ է և  անփորձ։ Ծաղրական չէ՞։

–Անկեղծ ասած՝ ես դա համարում եմ ոչ կոռեկտ՝ քույր եկեղեցիների հարաբերության մեջ դա ոչ կոռեկտ էր։ Նույնիսկ ես համրում եմ, որ վիրավորական էր։

–Ի՞նչն է պատճառը, որ  վրացական կողմն նման վերաբերմունք ունի թե՛ Հայ առաքելական եկեղեցու, թե՛ հայ ժողովրդի, թե՛ մեր պետության նկատմամբ։

–Ճիշտ է, այստեղ վիրավորական ու ծաղրական բան կա, բայց ամբողջ խնդիրը երկկողմանի հարաբերությունների  ուղղվածության մեջ է։ Եթե Կաթողիկոսի այցը լիներ  ուրիշ  ժամանակ, ապա այսպես չէր լինի։ Օրինակ՝ եթե այսպիսի այցելություն լիներ մի քանի տարի առաջ, ապա այսպիսի վերաբերմունք և  այսպիսի արտահայտություն չէր լինի և այլն, և այլն։ Ճիշտն ասած՝ այս ամենը միայն վրացիների մեղքը չէ։ Երբ որ մենք ադեկվատ պատասխան չենք տալիս շատ–շատ հարցերի, երբ որ մեր պառլամենտական մեծամասնության պատգամավորին չեն թողնում Վրաստան՝ դրանով վիրավորելով մեր  քաղաքական ղեկավարությանը, և պատասխան չենք տալիս, արդյունքում այս վիճակը  խորանում է։

Զրույցը  վարեց Հեղինե Հարությունյանը

Այս խորագրի վերջին նյութերը