Քաղաքական

20.09.2021 21:25


Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում հայկական մեքենաների շարասյուները ռուսներն են ուղեկցել. Փարսյան

Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում հայկական մեքենաների շարասյուները ռուսներն են ուղեկցել. Փարսյան

Տեղյակ եմ, որ քաղաքացիները գիշերային ժամերին խուսափում են Գորիս-Կապան ճանապարհով երթեւեկելուց՝ ռիսկի չեն ցանկանում դիմել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը՝ անդրադառնալով Գորիս-Կապան միջպետական ճանապարգի՝ ադրբեջանական սահմանապահների եւ ոստիկանական ուժերի հսկողության տակ գտնվող հատվածներում տիրող իրավիճակին:

Թե ինչ իրավիճակ է վերջին ժամերին այդ ճանապարհահատվածում, որտեղից նախօրեին երկու հայ երիտասարդ էին անհետացել ու հայտնվել ադրբեջանական հսկողության տակ, Կապանի համայնքապետը դժվարացավ ասել:

«Նման իրավիճակիների դեպքում, իհարկե, մարդիկ խուսափելու են այդ հատվածով անցնել, այլընտրանիքային՝ Տաթեւ-Աղվանի ճանապարհով կգնան դրա փոխարեն: Բայց կարևոր հարց կա՝ բացի այլընտրանքային ճանապարհ ունենալուց, շատ կարևոր է, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի այդ խնդրահարույց հատվածներին այլընտրանքային հատվածներ կառուցել, դա տեխնիկական իմաստով հնարավոր է անել, դա շատ կարևոր է, չպետք է թույլ տալ, որ Գորիս-Կապան ճանապարհի այդ հատվածը մնա այդ վիճակում, պետք է օգտագործվի այդ ճանապարհը՝ բնակավայրեր կան, հո չե՞նք թողնելու այդ բնակավայրերը»,-նկատեց Փարսյանը:

Կապանի համայնքապետը հայտնեց, որ երեկվա միջադեպից հետո Գորիս-Կապան միջպետական ճանապարհի 3-4 կիլոմետրանոց հատվածում՝ Որոտանից մինչեւ «Գորիսի ծակեր» կոչվող մասում, հայկական ավտոմեքենաներն անցել են ռուս սահմանապահների ուղեկցությամբ:

«Ռուսներն ավտոմեքենաների շարասյուն են կազմում եւ դրանք ուղեկցում՝ 10, 20 մեքենայի քանակությամբ»,-նշեց Փարսյանը:

Ներկա դրությամբ, ըստ Կապանի համայնքապետի, այդ լուծումն է գտնվել, դա մշտական բնույթ կկրի, թե ոչ՝ համայնքապետը տեղեկություն չուներ:

Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ նախօրեին տարածած հաղորդագրության՝ սեպտեմբերի 18-ին՝ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչ Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Նույն օրը ուշ երեկոյան տարածած հաղորդագրության համաձայն՝ ՀՀ ԱԱԾ և ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում ժամը 23:45-ին ադրբեջանական կողմը վերադարձրել է նշված անձանց:

Այս խորագրի վերջին նյութերը