Լրահոս

29.06.2011 16:02


Բժշկի սպանությունը զայրացրել է Շիրակի մարզի բժշկական հանրույթին

Բժշկի սպանությունը զայրացրել է Շիրակի մարզի բժշկական հանրույթին

Շտապ բուժօգնության բժիշկ Աշոտ Գրիգորյանի սպանությունը հարուցել է Շիրակի մարզի բժշկական ողջ հանրույթի զայրույթը, ովքեր պետությունից պահանջում են առավել պաշտպանվածություն և ամենակարևորը՝ հարգանք բժշկի նկատմամբ: Այսօր մի քանի տասնյակ բժիշկներ հավաքվել էին Գյումրու ավստրիական մանկական հիվանդանոցի դահլիճում՝ իրենց բողոքը հայտնելու և նման դեպքերի համար կանխարգելիչ քայլեր մտածելու: Հավաքին ներկա Շիրակի մարզպետարանի բուժվարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը փորձել է հանդարտության և սթափության կոչ անել բժիշկներին, սակայն պաշտոնյայի կոչերը դահլիճը միանշանակ չի ընդունել։

–Մենք չգիտենք՝ ինչից հետո ինչ պետք է անենք: Մենք չգիտենք, որ մարդուն ծեծի են ենթարկում մեր ներկայությամբ, ինչպե՞ս այդ մարդուն պաշտպանենք, մենք տարրական քայլերը չգիտենք ու փորձում ենք բողոքել: Ո՞ւմ դեմ բողոքենք՝ նախագահի՞, մարզպետի՞, նախարարների՞: Մենք մե՛ր դեմ պետք է բողոքենք. այդ դեպքը տեղի է ունեցել ոչ թե Ստամբուլում, այլ Գյումրիում. ընտանիքում մարդուն ծեծելով սպանել են,–ասել է Շիրակի մարզպետարանի բուժվարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը:

Սակայն հավաքված բժիշկներից ոմանք չեն համաձայնվել բուժվարչության պետի գնահատականների հետ՝ նշելով, որ այս ամենն արդյունք է հասարակության բարոյալքման և հեռուստատեսությամբ ու կառավարական մակարդակով բժշկի կերպարի վարկաբեկման, երբ ամեն առիթով հայտարարվում է, որ ամենակոռումպացվածն առողջապահական ոլորտն է, իսկ բժիշկներն ամենաառաջին կաշառակերներն են.

–Նրան սպանելով, ստորացնելով՝ ինձ են ստորացրել: Անընդհատ որ հեռուստացույցը միացնում ես, բղավում են, որ մենք կաշառակեր ենք, բա մեկը չկա՞, որ ասի՝ Աշոտի դիակը մեր ձեռքերով հանրակացարանից հանեցինք: Եվ այդտեղ ո՛չ Դուք կայիք, ո՛չ մարզպետարանը, ո՛չ արհմիությունից մարդ կար, ո՛չ ոք չկար: Հետո էլ մենք բոլորով փող ենք հավաքել, որ նրան թաղենք, բա դա արդարություն է՞: Մեկը չկա՞, որ ասի՝ 30 տարվա բժիշկ է, նրա ո՞ր մասն է կոռուպցիոն: Հիմա լռել չի կարելի, իմ պետությունն է, թող ինձ պաշտպանի,-վրդովված նշել է բժշկուհի Նինա Արիստակեսյանը:

Բժշկուհի Հռիփսիմե Խաչատրյանն էլ հայտարարել է, որ դեպքին չի կարելի հուզականորեն չմոտենալ և մատների արանքով նայել.

–Նա մեզանից մեկն էր. նրա տեղում կարող էր լինել մեզանից ցանկացած ոք, և այս պարագայում մենք չենք կարող սառը, հանգիստ, առողջ դատողությամբ այդ դեպքն ընդունել ու վերլուծել։

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը