Քաղաքական

29.09.2021 20:07


Ադրբեջանցիները լայնածավալ շինարարական աշխատանքներ են սկսել Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհին. Կարո Քոչարյան

Ադրբեջանցիները լայնածավալ շինարարական աշխատանքներ են սկսել Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհին. Կարո Քոչարյան

Ադբեջանցիները մեծաքանակ տեխնիկա են կենտրոնացրել և լայնածավալ շինարարական աշխատանքներ են սկսել Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի՝ իրենց վերահսկողության տակ գտնվող հատվածում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետի տեղակալ Կարո Քոչարյանը։

Նա նշեց, որ շինարարությունը նկատել է այսօր, երբ մի միջոցառման մասնակցելու նպատակով գնալիս է եղել Որոտան գյուղ։

«Հարյուր տոկոսով չեմ կարող ասել՝ ինչ են կառուցում, բայց հավանական է, որ ինչ-որ տերմինալ է։ Կառուցվածքն այն ձևի է, որ մեքենաները մի կողմից պետք է մտնեն, մյուս կողմից դուրս գան։ Ժամանակին այդ հատվածում եղել է ասֆալտ-բետոնի գործարան, որի շենքը հիմա ադրբեջանցիները վերակառուցում են։ Դիմացը մեծ հրապարակ են սարքել, մեր մոտից այդ ամենը պարզ երևում է»,-ասաց Գորիսի փոխքաղաքապետը։

Կարո Քոչարյանը միաժամանակ տեղեկացրեց, որ ադրբեջանցի ոստիկանների ստուգումների հետևանքով իրանական բեռնատարների մեծ կուտակումները շարունակվում են։

«Չեմ կարող ասել՝ գումար գանձում են, թե ոչ, բայց, ամեն դեպքում, կանգնեցնում, ստուգում են»,-ասաց նա։

Այս խորագրի վերջին նյութերը