Աշխարհ

30.09.2021 21:40


Amazon-ը սեփական արտադրության տնային ռոբոտ է ներկայացրել

Amazon-ը սեփական արտադրության տնային ռոբոտ է ներկայացրել

Ամերիկյան Amazon ընկերությունը տան համար ռոբոտ է մշակել, որը ստացել է Astro անունը: Այս մասին ասվում է արտադրանքի կառավարման հարցերով Amazon-ի փոխնախագահ Չարլի Տրիխլերի՝ ընկերության կայքում հրապարակված հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ -ը:

«Մենք ուրախ ենք ներկայացնել այն, ինչի վրա աշխատում էինք՝ մեր առաջին տնային ռոբոտը: Մենք այն անվանել ենք Astro»,-ասվում է տեքստում:

Ինչպես նշվել է Amazon-ում, տնային ռոբոտը կարող է օգտագործվել բնակելի տարածքում տեսահսկման և անվտանգության հսկողության համար: Astro-ն կկարողանա ինքնուրույն տեղաշարժվել տանը, ստուգել որոշակի սենյակներ և նույնիսկ ահազանգեր ուղարկել, երբ անծանոթ մարդիկ են հայտնվում դրանում:

Հատուկ մշակված Astro App-ում ռոբոտի տերերը կկարողանան տեսահեռարձակումներ դիտել տան տարածքից: Ռոբոտ-օգնականը կարող է բազմաթիվ այլ գործառույթներ կատարել, օրինակ՝ գնալ տիրոջ հետևից և երաժշտություն միացնել, լուսանկարել ընտանիքին և հիշեցումներ ուղարկել:

Տրիչլերի խոսքով՝ Astro-ի մշակողները այսպես կոչված ռոբոտների անհատականության ստեղծման համար ոգեշնչվել են ֆիլմերից, թոք-շոուներից և խաղերից: «Astro-ն թվային աչքեր ունի պտտվող էկրանին, ինչպես նաև շարժում և արտահայտիչ ինտոնացիաներ է օգտագործում շփման համար»,-հավելել է նա:

Տնային ռոբոտի մեկնարկային գինը մոտ 1000 դոլար կկազմի, հետագայում ընկերությունը մտադիր է այն հասցնել 1.500-ի: Սարքը կարտադրվի սահմանափակ քանակությամբ, վաճառքները կսկսվեն 2021 թվականին:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը