Քաղաքական

06.10.2021 12:37


«Օդային միջանցքը, ըստ էության, առաջին «միջանցքն» էր, որը տրվեց Ադրբեջանին». Աննա Գրիգորյան (տեսանյութ)

«Օդային միջանցքը, ըստ էության, առաջին «միջանցքն» էր, որը տրվեց Ադրբեջանին». Աննա Գրիգորյան (տեսանյութ)

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց, որ անազատության մեջ գտնվող սյունեցի ներկա և նախկին համայնքապետերից կարողացել են այցելել միայն Մխիթար Զաքարյանին և Արթուր Սարգսյանին։ Առուշ Առուշանյանի և Մանվել Փարամազյանի հետ տեսակցությունները փակ են։

«Ես դժվարանում եմ մեկնաբանել, թե ինչու է հատկապես նրանց դեպքում տեսակցությունները փակ, բայց փաստ է, որ մենք վերջինների հետ արդեն բավականին երկար ժամանակ չենք կարողացել խոսել։ Այո, Առուշ Առուշանյանը մասնակցելու է ՏԻՄ ընտրություններին, և ես հույս ունեմ, որ գորիսեցիները գնահատելով նրա կատարած աշխատանքը վերջին տարիներին, կկատարեն իրենց ճիշտ ընտրությունը։ Այն, որ Առուշ Առուշանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, արդեն որևէ մեկի մոտ հարց չի առաջանում։ Առուշ Առուշանյանն այս պահին կալանքի տակ է, որովհետև Քարահունջի գյուղապետը, որին մի պահ ձերբակալել էին, մի քանի անգամ գրում է ցուցմունք և, վերջին ցուցմունքը գրելուց հետո, նրան բաց են թողնում և կալանավորում Առուշանյանին»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց Աննա Գրիգորյանը։

Ըստ պատգամավորի, Առուշ Առուշանյանին ձերբակալում են և պատրվակ բերում, թե նա կաշառք է տվել, սակայն ամբողջ մեկ տարի Գորիսի համայնքապետարանը ֆինանսական աջակցություն էր ցուցաբերում կարիքավոր ընտանիքներին։

«Հետապնդումներ են սկսել նաև Գորիսի քաղաքապետի երկու տեղակալների՝ Մենուա Հովսեփյանի, որն այս պահին կալանավորված է, և Իրինա Յոլյանի նկատմամբ։ Զավեշտն այն է, որ նրանք ֆինանսական աջակցություն են տրամադրել Շուռնուխի մի բնակչի, ում տունն այս իշխանությունը նվիրել է Ադրբեջանին»,-հավելեց պատգամավորը։

Ինչ վերաբերում է ՀՀ օդային սահմանն Ադրբեջանի համար բացելու մասին լուրերին, ապա Աննա Գրիգորյանն ասաց. «Օդային միջանցքը, ըստ էության, առաջին «միջանցքն» էր, որը տրվեց Ադրբեջանին»։

Այս խորագրի վերջին նյութերը