Լրահոս

11.07.2011 13:16


Մշակույթի նախարարի պատասխանը Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահի տեղեկության հարցմանը

ՀՀ մշակույթի նախարարի պատասխանը Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լ. Բարսեղյանի տեղեկության հարցմանը

Հարգելի պարոն Բարսեղյան,

Ի պատասխան Ձեր 17.06.2011թ, թիվ 1/2011 գրության` հայտնում ենք.

1-ին կետ.

ՀՀ Շիրակի մարզի տարածքում են գտնում ժամանակակից ստեղծագործողների թվով 18 որմնանկարներ: Դրանց վերաբերյալ Ձեր հարցադրումների պատասխանները ներկայացվում են կից տեղեկանքով:

2-րդ կետ.

Վերը նշված 18 որմնանկարներից 16-ն ընդգրկված են Հայաստանի Հանրապետության Կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի N 1270-Ն որոշմամբ հաստատված <<ՀՀ Շիրակի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում>>` Գյումրի քաղաքի N 23, 24, 25, 26, Ազատան գյուղի N 8, Վահրամաբերդ գյուղի N 9 համարների տակ:

ՀՀ Կառավարության 1996 թվականի N 366 որոշման համաձայն «Հայէլեկտրա¬կոնդեսատոր ԱՄ-ի էլեկտրատեխնիկական գործարան» ՓԲԸ-ի կազմից առանձնացվել է ճաշարանի կիսաքանդ շենքը՝ հարավային պատի վրա գտնվող Մինաս Ավետիսյանի որմնանկարներով, և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնվել ՀՀ Շիրակի մարզպետարանի տնօրինությանը:

ՀՀ Կառավարության 2002 թվականի N 1833-Ա որոշման համաձայն «Գալվանոմետր» («Օմեգա») ՊՓԲԸ-ի (որի տարածքում են գտնվում Մ. Ավետիսյանի թվով 3 որմնանկարները) բաժնետոմսերի կառավարման լիազորութ-յունները վերապահվել են ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը:

Միևնույն ժամանակ, համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի` Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բոլոր հուշարձանները, որոնք օրենսդրությամբ սահմանված կարգով իրավաբանական կամ ֆիզիկական անձանց սեփականությունը չեն, Հայաստանի Հանրապետության սեփականությունն են:

ՀՀ Կառավարության 09.09.2004 թ. «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 1270-Ն որոշմամբ հաստատված ցուցակում ընդգրկված որևէ որմնանկարների օտարման գործընթաց մինչ օրս չի իրականացվել:

3-րդ կետ.

1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո փլուզվեցին «Օմեգա» գործարանի մասնաշենքում գտնվող Մինաս Ավետիսյանի «Գիշեր», <<Առավոտ» և Աշոտ Մելքոնյանի «Սրնգահարը» կոմպոզիցիաները, «Ստրոյմաշ» գործարանում գտնվող Մինաս Ավետիսյանի «Հայկական հովվերգություն» կոմպոզիցիան, վթարային կամ կիսալքված շինություններում գտնվող մյուս որմնանկարները հայտնվեցին անմխիթար վիճակում: Այդ տարիներին լիազորված պետական մարմին հանդիսացող պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագործման գլխավոր վարչության մասնակցությամբ՝ Բուլղարիայից հրավիրված մասնագետները 1989 թվականին «Անալիտիկ սարքերի»գործարանի ճաշարանի շենքից Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոն տեղափոխեցին, ամրակայեցին և վերականգնեցին Մ. Ավետիսյանի «Հանդիպում/Զրույց» որմնանկարը, որը ներկայում գտնվում է թատրոնի ճեմասրահում: ՀՀ Շիրակի մարզի Վահրամաբերդ համայնքի երկրաշարժից ավերված մշակույթի տան ճեմասրահի պահպանված պատի վրա գտնվող Մ. Ավետիսյանի «Հայաստան» որմնանկարի հետագա պահպանությունն ապահովելու նպատակով պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագործման գլխավոր վարչության համաձայնությամբ 1991 թ. իրականացվել է սարկոֆագի տեղադրում` արտաքին ազդեցություններից պաշտպանելու համար: Վերը նշված վարչության գործառույթները 2002 թվականին, որպես իրավահաջորդ, ստանձնեց ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպա¬նութ¬յան գործակալությունը: Մտահոգ լինելով Շիրակի մարզում գտնվող որմնանկարների պահպանության խնդրով` սկսած 2007 թվականից ՀՀ մշակույթի նախարարությունը նախաձեռնեց որմնանկարների ուսումնասիրության ամբողջական ծրագրի իրականացումը՝ հաշվի առնելով հետևյալ հանգամանքները, 1) որմնանկարները հայտնվել էին փլուզված կամ խիստ վթարային, ազգաբնակչության, զբոսաշրջիկների, մասնագետների այցելությունների համար դժվարամատչելի (փակ) տարածքներում, 2) այդ տարածքներում որմնանկարների պահպանության հետ կապված գործընթացները նախարարության մարզային ստորաբաժանումների աշխատակիցների կողմից դարձան անհամեմատ դժվար և անիրագործելի,

3) այլ սեփականատերերը որևէ պարտավորություն չէին ստանձնել դրանց պահպանությունը, առավել ևս վերականգնումն իրականացնելու համար,

4) 1990-ական թվականներից մինչ նախարարության կողմից այդ աշխատանքների նախաձեռնումը որևէ կառույցի, անհատի կամ հասարակական կազմակերպության կողմից առաջարկություններ չէին ստացվել լքված, կիսաքանդ շենքերի բարեկարգման, որմնանկարների նպատակային օգտագործման և մատչելիության ապահովման վերաբերյալ:

Նշված գործողությունների շարքում որմնանկարների վերականգնման գործընթացը վերսկսվեց 2007 թվականին` Հռոմի Պալացցո Սպինելլի արվեստի և վերականգնողական աշխատանքների ինստիտուտի երեք մասնագետների կողմից իրականացվեցին պահպանվածության առումով վթարային վիճակում գտնվող և հրատապ միջամտության կարիք ունեցող Գյումրու նախկին «Հայէլեկտրակոնդենսատոր» ԱՄ էլեկտրատեխնիկական գործարան» ՓԲԸ-ի ճաշարանի կիսաքանդ շենքի հարավային պատի վրա գտնվող Մինաս Ավետիսյանի «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարի ամրակայման, տեղափոխման և ՀՀ Շիրակի մարզի Ջաջուռ համայնքում գտնվող Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանում վերականգնման աշխատանքները: 2010 թվականին Գյումրի քաղաքի <<Էլեկտրատեխնիկական գործարան>> ՓԲԸ-ի նախկին ճաշարանի շենքում գտնվող <<Հանդիպում (15 թվական)>> և <<Խաչքարի մոտ>> որմնանկարները տեղափոխվեցին և վերականգնվեցին Հայաստանի Հանրապետության Կառավարության N 1 շենքում: Ներկայում իրականացվում են Էլեկտրատեխնիկական գործարանի նախկին ճաշարանի շենքում գտնվող <<Երկանք>> և Գալվանոմետր (<<Օմեգա>>) գործարանի մասնաշենքում գտնվող <<Թել են մանում>> որմնանկարների ամրակայման, տեղափոխման և <<Զվարթնոց>> միջազգային օդանավակայանի նախագահական համալիրում ու նոր ուղևորային համալիրի մեկնման սրահում վերականգնման աշխատանքները:

Միևնույն ժամանակ, որմնանկարների պահպանության, վավերագրման, ուսումնասիրության, վերականգնման, ամրակայման հետ կապված խնդիրները հստակեցնելու, դրանց համակարգված ու նպատակային լուծումներ տալու համար նախարարությունը նախաձեռնել է 2012 թվականին իրականաց¬նել «Որմնանկարների պահպանվածության վիճակի մոնիթորինգի» ծրագիրը, որի իրագործման արդյունքում կստեղծվի պատմական և ժամանակակից որմնանկարների պահպանվածության վիճակի վերաբերյալ գիտատեղեկատվական ամփոփ շտեմարան:

4-րդ կետ.

1) Հայաստանի Հանրապետության Կառավարության 2007 թվականի հուլիսի 26-ի N 852-Ա որոշմամբ <<Հայաստանի ազգային պատկերասրահ>> ՊՈԱԿ-ին հատկացվել է 5578.6 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով) նախկին «Հայէլեկտրակոնդենսատոր» ԱՄ էլեկտրատեխնիկական գործարան» ՓԲԸ-ի կազմից առանձնացված ճաշարանի կիսաքանդ շենքի հարավային պատի վրա գտնվող Մինաս Ավետիսյանի «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարի ամրակայման, տեղափոխման և ՀՀ Շիրակի մարզի Ջաջուռ համայնքի գտնվող Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանում վերականգնման աշխատանքներն իրականացնելու համար: Աշխատանքների իրականացման պատվիրատուն <<Հայաստանի ազգային պատկերասրահ>> ՊՈԱԿ-ն է, կապալառուն՝ <<Մինաս Ավետիսյան>> մշակութային բարեգործական հիմնադրամը: Կողմերի միջև կնքված պայմանագրով նշված գումարը փոխանցվել է «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամին:

2) Հայաստանի Հանրապետության Կառավարության 2010 թվականի հունիսի 17-ի N 734-Ա որոշմամբ ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացվել է 20 մլն դրամ` ՀՀ Կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով) Գյումրի քաղաքի <<Էլեկտրատեխնիկական գործարան>> ՓԲԸ-ի նախկին ճաշարանի շենքում գտնվող <<Հանդիպում (15 թվական)>> (5,75 մx3 մ) և <<Խաչքարի մոտ>> (5,75 մx3 մ) որմնանկարներն ամրացնելու, Հայաստանի Հանրապետության կառավարական N 1 շենք տեղափոխելու և վերականգնման ծախսերն իրականացնելու նպատակով <<Մինաս Ավետիսյան>> մշակութային բարեգործական հիմնադրամին որպես նվիրաբերություն տրամադրելու համար: Աշխատանքների իրականացման պատվիրատուն ՀՀ մշակույթի նախարարությունն է, կապալառուն՝ <<Մինաս Ավետիսյան>> մշակութային բարեգործական հիմնադրամը: Կողմերի միջև կնքված պայմանագրով նշված գումարը, որպես նվիրաբերություն, ամբողջությամբ փոխանցվել է <<Մինաս Ավետիսյան>> մշակութային բարեգործական հիմնադրամին:

3) Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 500-Ա որոշմամբ իրականացվում են <<Էլեկտրատեխնիկական գործարան>> ՓԲԸ-ի նախկին ճաշարանի շենքում գտնվող <<Երկանք>> (5,75 մx3 մ) և <<Գալվանոմետր>> (<<Օմեգա>>) գործարան>> ՓԲԸ-ի մասնաշենքում տեղակայված <<Թել են մանում>> (13 մx3,25 մ) որմնանկարների ամրակայման, վերականգնման աշխատանքները: ՀՀ Կառավարության որոշման համաձայն` <<Երկանք>> որմնանկարը պետք է տեղադրվի <<Զվարթնոց>> միջազգային օդանավակայանի նախագահական համալիրում, իսկ <<Թել են մանում>> որմնանկարը` <<Զվարթնոց>> օդանավակայանի նոր ուղևորային համալիրի մեկնման սրահում:

Բոլոր որմնանկարները որպես մշակութային արժեք շարունակում են մնալ Հայաստանի Հանրապետության սեփականությունը: <<Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին>> ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի համաձայն` <<հուշարձան օգտագործող իրավաբանական և ֆիզիկական անձինք պատասխանատվություն են կրում դրանց պահպանության ու անվթարության ապահովման համար և պարտավոր են կատարել հուշարձանների պահպանության ու օգտագործման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները>>: Աշխատանքների ավարտից հետո օրենքի պահանջների կատարումն ապահովելու համար <<Արմենիա>> միջազգային օդանավակայաններ>> ՓԲԸ-ի հետ կկնքվի որմնանկարների պահպանական պարտավորագիր: 5-րդ կետ.

ՀՀ Կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 500-Ա որոշմամբ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը թույլատրել է <<Մինաս Ավետիսյան>> մշակութային բարեգործական հիմնադրամին` <<Արմենիա>> միջազգային օդանավակայաններ>> ՓԲԸ-ի միջոցների հաշվին իրականացնելու Մինաս Ավետիսյանի <<Երկանք>> և <<Թել են մանում>> որմնանկարների տեղափոխման և վերականգնման աշխատանքները, ինչն իրագործելու համար կողմերի ստանձնած պարտավորությունները (այդ թվում նաև` ֆինանսական) ամրագրվել են <<Արմենիա>> միջազգային օդանավակա-յաններ>> ՓԲԸ-ի և <<Մինաս Ավետիսյան>> մշակութային բարեգործական հիմնադրամի միջև կնքված երկկողմանի պայմանագրով:

6-րդ կետ.

«ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին է ամրացված Գյումրի քաղաքի <<Էլեկտրատեխնիկական գործարան>> ՓԲԸ-ի նախկին ճաշարանի շենքը, իսկ այդ շենքում գտնվող 4 (չորս) որմնանկարները հաշվապահական հաշվառման ենթակա գույք չեն հանդիսանում, ուստի, որպես մշակութային արժեք (հուշարձան), օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառվել են Հայաստանի Հանրապետության Կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի N 1270-Ն որոշմամբ հաստատված ՀՀ Շիրակի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում:

ՀՀ Կառավարության 2010 թվականի հունիսի 17-ի N 734-Ա և 2011 թվականի ապրիլի 28-ի N 500-Ա որոշումների նախագծերը «Իրավական ակտերի մասին. ՀՀ օրենքով սահմանված կարգով ուղարկվել են բոլոր շահագրգիռ մարմիններին, այդ թվում նաև` ՀՀ Շիրակի մարզպետարան` կարծիքի (գործընթացի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը առկա են նախարարությունում):

Միաժամանակ, ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ մինչ օրս Գյումրիում գտնվող որմնանկարների վերականգնման և այլ վայրում տեղակայման վերաբերյալ ստացվել է 4 գրություն:

Մասնավորապես.

1) ՀՀ Կառավարության 26.07.2007 թ. N 852-Ա որոշմամբ <<Հայէլեկտրա-կոնդենսատոր>> ԱՄ էլեկտրատեխնիկական գործարան>> ՓԲԸ-ի կազմից առանձնաց¬ված ճաշարանի շենքում գտնվող Մ. Ավետիսյանի <<Թորոս Ռոսլինի ծնունդը>> որմնանկարը ՀՀ Շիրակի մարզի Ջաջուռ համայնքում գտնվող Մինաս Ավետիսյանի տուն-թանգարան տեղափոխման և վերականգնման աշխատանքների երրորդ փուլի կատարմանն աջակցելու խնդրանքով նախարարությունը 11.08.2009 թ. N 02/2342 գրությամբ դիմել է ՀՀ Շիրակի մարզպետին և Գյումրու քաղաքապետին: ՀՀ Շիրակի մարզպետը 19.08.2009 թ. N 1-01/2701 գրությամբ պատրաստակամություն է հայտնել աջակցելու գործընթացին և տեղեկացրել է, որ իրենց կողմից միջնորդություն է ներկայացվել ՀՀ Կառավարություն` որմնանկարի տեղափոխման աշխատանքներին ֆինանսական օգնություն ցուցաբերելու համար, իսկ Գյումրու քաղաքապետը 2009 թվականի օգոստոսի 19-ին N 1/1-04/3081 պատասխան գրությամբ հայտնել է, որ նպատակահարմար չի գտնում նշված որմնանկարի տեղափոխումը Մ.Ավետիսյանի տուն-թանգարան և առաջարկել է այն տեղափոխել Գյումրու քաղաքապետարանի նոր կառուցվող շենք: Նախարարությունը 20.11.2009 թ. N 02/3660 գրությամբ մերժել է քաղաքապետի առաջարկը, նկատի ունենալով, որ որմնանկարն արդեն իսկ տեղափոխվել է Մ. Ավետիսյանի տուն-թանգարան, որն ի դեպ, գտնվում է ՀՀ Շիրակի մարզում:

2) Գյումրու քաղաքապետի 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1/1-045/5448 գրությունն, որին նախարարությունը դրական պատասխան է տվել 29.12.2010 թ. N 01/2.1/5030-10 գրությամբ, սակայն գործընթացը քաղաքապետարանի կողմից շարունակություն չի ստացել,

3) ՀՀ Կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 500-Ա որոշումն ընդունվելուց հետո ստացվել է երկու հարցում-առաջարկ քաղաքացիների կողմից:

Այդուհանդերձ նախարարությունն այսօր էլ պատրաստակամ է քննարկելու մեր ժողովրդի մշակութային ժառանգություն հանդիսացող հայ անվանի արվեստագետների աշխատանքների վերականգնման ու տեղակայման վերաբերյալ բոլոր կառուցողական առաջարկներն, որոնք ուղղված կլինեն որմնանկարների անխաթար պահպանմանը, վարականգնմանը, օգտագործմանը, հանրահռչակմանը:

Հարկ ենք համարում տեղեկացնել նաեւ, որ Մինաս Ավետիսյանի <<Երկանք>> և <<Թել են մանում>> որմնանկարները հետագա ոչնչացումից փրկելու նպատակով ՀՀ մշակույթի նախարարության ձեռնարկած գործընթացի վերաբերյալ վերջին մեկ ամսվա ընթացքում Ձեր կողմից ԶԼՄ-ների միջոցով հայտարարություններ են տարածվել և <<Ժուռնալիստների <<Ասպարեզ>> ակումբ>> հասարակական կազմակերպության կայքում տեղադրվել են հրապարակումներ, ինչի կապակցությամբ ակնկալում ենք պարզաբանումներ. 1) Գյումրու քաղաքապետարանի, Գյումրիում գործող հասարակական և այլ կազմակերպությունների կողմից ի՞նչ նամակ-առաջարկներ են արվել նախարարությանն այս կամ այն որմնանկարը որևէ համապատասխան վայր տեղափոխելու վերաբերյալ (բացի ավելի քան վեց ամիս առաջ մասնագետներ տրամադրելու վերաբերյալ առաջարկից), ե՞րբ և կոնկրետ ու՞մ կողմից, 2) ի՞նչ բանակցություններ է վարել նախարարությունը, ու՞մ հետ, ի՞նչ պայմաններով, 3) ի՞նչ հիմքով է հայտարարվում, որ Գյումրիում մնացել է Մ. Ավետիսյանի 2 որմնանկար, իսկ մնացածներն արդեն վաճառվել են,

4) որմնանկարների վաճառքի նպատակով, որտե՞ղ, ո՞վ, ե՞րբ և ի՞նչ պայմաններում է հայտարարել աճուրդ, որին մասնակցել է <<Զվարթնոց>> օդանավակայանը:

Նշված հայտարարությունների առնչությամբ խնդրում ենք սեղմ ժամկետում ՀՀ մշակույթի նախարարությանը տրամադրել բոլոր այն փաստաթղթերի պատճենները, որոնք հիմք են հանդիսացել տվյալ տեղեկույթը զանգվածային լրատվամիջոցներով տարածելու համար: Պահանջվող փաստաթղթերի պատճենները ՀՀ մշակույթի նախարարությանը չտրամադրելու դեպքում ակնհայտ է դառնում, որ Ձեր կողմից ՀՀ մշակույթի նախարարությանը և ՀՀ մշակույթի նախարարին վերագրվել են գործողություններ, որոնք իրականությանը չեն համապատասխանում, և, առաջնորդվելով <<Զանգվածային լրատվության մասին>> ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով, խնդրում ենք <<Ժուռնալիստների <<Ասպարեզ>> ակումբ>> հասարակական կազմակերպության կայքի միջոցով հերքել Ձեր կողմից հրապարակված և իրականությանը չհամապատասխանող տեղեկույթը: Հակառակ պարագայում ՀՀ մշակույթի նախարարությունը սահմանված կարգով կդիմի դատարան` հերքումը տարածելու հայցով:

ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը