Հարցազրույց

23.07.2011 10:23


Հմայակ Հովհաննիսյան

Հմայակ Հովհաննիսյան

Հարցազրույց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հետ

–ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փաստացի վարկաբեկում է իր իսկ թիմակիցներին և նաև իրեն՝ նախ հայտարարելով մի բան, իսկ հետո՝ բոլորովին այլ։ Ինչպե՞ս կմեկնաբանեիք այս ամենը։

–Դեռևս սրանից 1,5–2 ամիս առաջ «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցում ասել եմ, որ Լևոն Տեր–Պետրոսյանն առաջարկում է Սերժ Սարգսյանին զոհաբերել իր քաղաքական թիմը՝ դրա դիմաց խոստանալով գնալ նույնօրինակ զոհաբերության, այն է՝ զոհաբերել մարտական տրամադրություններով փողոցում արդեն 3 տարի քաշ եկող բողոքավոր ընտրազանգվածին, հեղափոխության կողմնակիցներին։

–Սարգսյանն ընդունե՞ց Տեր–Պետրոսյանի առաջարկը։

–Եթե մինչև հիմա որևէ մեկը կասկածներ ուներ, որ Սերժ Սարգսյանն ընդառաջ կգնա Լևոն Տեր–Պետրոսյանի այդ առաջակությանը և կդավաճանի իր քաղաքական թիմին՝ նրանց բոլորին ներկայացնելով իբրև խեղկատակներ, որոնք ընդամենը զբաղեցնում են նախագահի աշխատակազմի ղեկավարի, խորհրդարանական մեծամասնության ղեկավարի, քարտուղարի և ՀՀԿ խոսնակի պաշտոնները, ապա ստացվեց, որ նրանք բոլորն էլ ծիծաղի արժանի և թեթևամիտ անձնավորություններ են, որոնցից և ոչ մի բան այս երկրում կախված չէ. ամեն ինչ կախված է Լևոն Տեր–Պետրոսյանից ու Սերժ Սարգսյանից։ Այսինքն, երկու անհատների տանգո է, և սա դեմոկրատական գործընթաց են անվանում։

–Ի՞նչ եզրակացություններ կարող ենք անել։

–Առհասարակ, այս գործընթացը ցույց տվեց, որ մեր քաղաքական դաշտն ամբողջությամբ՝ իր բոլոր մասնակիցներով, բոլոր կուսակցապետերով, պարագլուխներով, սնանկ է ու արհամարհանքի արժանի։ Եվ ժողովուրդը ճիշտ էլ անում է, որ այսօր, որևէ հույս չկապելով ոչ մեկի հետ, լեզուս չի պտտվում ասել, հեռանում է երկրից։ Նրանց հասկանալ կարելի է, որովհետև եթե ա՛յս մարդիկ են որոշելու մեր ճակատագիրը, կնշանակի, որ այս երկիրը դատապարտված է։ Մարդիկ դա քաջ գիտակցելով՝ լքում են երկիրը, որովհետև բնազդաբար հասկանում են, որ եթե չեն կարող փրկել երկիրը, գոնե պետք է փրկեն ազգային գենը, կենսատեսակը։ Տեսե՛ք՝ այդ «Ժառանգությունը», այդ Դաշնակցությունը... մեկը նրանց մեջ չի հասկանում... լրատվական միջոցներ ունեն, «Երկիր Մեդիայով» հնարավորություն ունեն գնահատականներ տալ, բայց որևէ մեկը հարց չի բարձրացնում, որ այն ուժերը, որոնք խոսում են սահմանադրական կարգի վերականգնման անհրաժեշտության մասին, ըստ էության, այս ապիկար իշխանություններին՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, տանում են հակասահմանադրական ուղով։

–Մի փոքր կբացե՞ք փակագծերը։

–Բացատրեմ։ Եթե այսօր խորհրդարանի ներկապնակը չի արտացոլում հասարակության մեջ եղած տրամադրությունները, քանզի ընդդիմությունը՝ ի դեմս Հայ ազգային կոնգրեսի, ներկայացված չէ խորհրդարանում, ուրեմն շատ շուտ պետք է իսկապես ցրել այդ խորհրդարանը և անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Եվ սա անհրաժեշտ էր անել 3 տարի առաջ՝ նախագահական ընտրություններից հետո, եթե ոչ անմիջապես, ապա գոնե մեկ տարի հետո։ Բայց ստեղծել հակասահմանադրական մարմին, այդ մամնին տալ լիազորություններ՝ որոշելու հանրապետության բոլոր խնդիրները, լիազորել որոշումներ կայացնել... Այսինքն, ի՞նչ արեց Կոնգրեսը։ Նա պարտադրեց, որ Սերժ Սարգսյանը գնա հակասահմանադրական ճանապարհով։ Նա իրեն այդ քայլերով դրել է օրենքից դուրս։ Սահմանադրության 5–րդ հոդվածում հստակ նշված է, որ պաշտոնատար անձինք իրավասու են գործել միայն իրենց լիազորությունների շրջանակներում։ ՀԱԿ–ի ղեկավարները պետք է հասկանան, որ այս մարմնի ստեղծմամբ իշխանությունները կարող են լրացուցիչ փաստարկ ստանալ՝ հօգուտ իրենց պնդումների, որ արտահերթ ընտրությունների կարիքը չկա, որովհետև կարող են ասել, որ ահա այս ձևաչափի շրջանակներում դուք կարող եք մասնակից լինել բոլոր որոշումների կայացմանը։ Իսկ այս իրավիճակը Նիկոլ Փաշինյանին հնարավորություն է տվել միանգամայն հիմնավորված ասելու, որ երկիրը գնում է դեպի երկիշխանություն։

–Իսկ ինչո՞վ կավարտվի այս երկխոսությունը, և ո՞ւմ է այն ձեռնտու։

–Այսօր եթե «Ժառանգությունն» ու Դաշնակցությունը խելք ունենային, կդիմեին Սահմանադրական դատարան, և կբողոքարկեին երկխոսության հետ կապված այս գործընթացի հակասահմանադրականությունը։

Գագիկ Մինասյանը ելույթ է ունենում «Երկիր Մեդիայով» և հայտարարում, որ մենք ստեղծել ենք ինստիտուտ։ Մեկը լինի՝ այդ Գագիկ Մինասյանին հարցնի՝ իսկ դու լիազորվա՞ծ ես Սահմանադրությամբ, քեզ ո՞վ է լիազորել՝ ստեղծելու այդ ինստիտուտը, այսինքն՝ եղել է հանրաքվե՞, այդ հանրաքվեով որոշվել է, որ այդպիսի ինտիտո՞ւտ լինի. չէ՞ որ քաղաքական որոշումների կայացման ինստիտուտները 3–ն են։

–Իրենք ասում են, թե երկխոսում են, նոր մշակույթ են ձևավորում...

–Որևէ մեկը հանրապետության նախագահին իրավունք չի տվել՝ ստեղծելու ինչ–որ մարմին և իր, կառավարության, խորհրդարանի լիազորությունները փոխանցելու այդ մարմնին։ Սերժ Սարգսյանն իրեն դրել է Սահմանադրությունից դուրս, և այն ուժերը, որոնք հայտարարում են, թե նպատակ ունեն վերականգնել ՀՀ սահմանադրական կարգը, դրդում են Սերժ Սարգսյանին՝ խախտելու Սահմանադրությունը։ Ես միանգամայն կիսում եմ ՀԱԿ–ի այն գործիչների հայտարարությունները, որոնք ասում են, որ միմիայն արտահերթ ընտրությունների անցկացման մասին կարող է լինել խոսակցությունը, և այդ ձևաչափում միայն ա՛յդ հարցը կարող է քննարկվել, քանի որ այդ ձևաչափով իսկապես Սահմանադրությամբ լիազորված չէ այլ հարցեր քննարկել։

Այդ ճամարտակող դաշնակները, «Ժառանգությունը» տարբեր քուչեքում, օրինակ՝ Օպերայի հրապարակում կամ փողոցներում, բամբասանքով զբաղվելու, ինչ–որ դժգոհություն արտահայտելու, վայնասուն բարձրացնելու, հիստերիկայի մեջ ընկնելու փոխարեն կարող են դիմել Սահմանադրական դատարան և բողոքարկել այս պրոցեսը։ Եթե երկրում տեղի է ունենում հեղափոխություն, եթե սկսվում է քաղաքացիական պատերազմ, և դե ֆակտո Սահմանադրությունը դադարում է գործել, ինչպես Լիբիայում է, պետք է ստեղծվի նման մարմին, որի գործունեությունը նախատեսված չէ Սահմանադրությամբ, բայց քանի որ ֆորս մաժոր է, քաղաքացիական պատերազմ է, արդարացվում է նման հակասահմանադրական ձևաչափի ստեղծումը։ Բայց մեզանում չկա հեղափոխություն, իսկ Լևոն Տեր–Պետրոսյանը հայտարարում է, որ ինքը երբեք էլ չի անի հեղափոխություն. նա երդվյալ հակահեղափոխական է դարձել։ Չկա քաղաքացիական պատերազմ, և որևէ արդարացում՝ Սահմանադրությամբ նախատեսված հոդվածներից դուրս ստեղծելու ինչ–որ մարմին և այդ մարմնին լիազորություններ փոխանցելու։ Հետևաբար, այս ֆարսին պետք է վերջ տալ և հայտարարել, որ բոլոր որոշումները կայացնելու են Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր–Պետրոսյանը, ինչպես Հին Հռոմում էին նշանակվում կոնսուլներ, դիկտատորներ՝ արտակարգ լիազորություններով։ Ահա այդ երկուսին տրվեն արտակարգ լիազորություններ, և նրանք երկուսով կառավարեն երկիրը։ Սա ավելի ազնիվ կլինի, որովհետև այդ անմեղսունակ Բոստանջյանները, նախագահի աշխատակազմի ղեկավարը և մյուսներն ասում են, որ մենք լիազորություն չունենք, մեզ լիազորություն տվե՛ք և այլն։ Նաև մյուս կողմը։ Եթե Դավիթ Շահնազարյանը կանգնում ասում է, որ մինչև 2008–ը Հայաստանում եղել է կառավարվող ընդդիմություն, էլ Ֆելիքս Խաչատրյանն ի՞նչ է անում այնտեղ։ Ֆելիքս Խաչատրյանին պիտակավորեց պրծավ։

–Դե ուզում են ասել, որ իրենք «ուրիշ» ընդդիմություն են՝ երկխոսող։

–Այսինքն, ընդդիմության գոյությունն սկսվում է ՀԱԿ–ի՞ց։ Սա անհեթեթություն է, չէ՞։ Այն ուժերին, որոնք այսօր էլ խաթարում են մեր ժողովրդի կյանքն ու ոչնչացնում մեր ժողովրդի ապագան, միշտ հաջողվում է խաբել ժողովրդին։ Այ դրա համար Հմայակ Հովհաննիսյանին 20 տարվա ընթացքում չի հաջողվել կանխել այս արատավոր համակարգի սաղմնավորումը և հիմա էլ չի հաջողվում, որովհետև անընդհատ խաբում են և հաջողությամբ են խաբում։ Ես դիմում եմ մեր ժողովրդին՝ մի՛ խաբվեք։

–Տեսակետ կա, որ այս երկխոսությունն այսպես հապշտապ կայացավ՝ պայմանավորված ղարաբաղյան խնդրում առկա գործընթացներով։ Կիսո՞ւմ եք այդ տեսակետը։

Այդպես մտածելու լուրջ հիմքեր կան։ Սերժ Սարգսյանն իր նախագահության ընթացքում պետք է պատասխաներ այն հիմնական հարցին, որից կախված էր երկրի զարգացման վեկտորի որոշումը՝ ի՞նչ ճանապարհով ինքը կտանի երկիրը և ի՞նչ մոտեցումներ կորդեգրի երկրում եղած մնացած հարցերի կապակցությամբ։ Մեր նորանկախ պետականությունը ձևավորվեց ղարաբաղյան ազատագրական պայքարի ֆոնի վրա և որպես այդ պայքարի արդյունք, և այն հիմնական հարցը, որը դրված է եղել Հայաստանի պետականության առջև, եղել է հետևյալը՝ արդյոք ղարաբյան խնդիրն այն բե՞ռն է, որը պետք է ՀՀ–ն թոթափի իր ուսերից ցանկացա՛ծ, նույնիսկ անընդունելի զիջումների գնով, նույնիսկ ազատամարտիկների արյունն ուրանալով... Հայաստանը չի կարող արդիականացնել իր տնտեսությունը, չի կարող զարգանալ, քանի դեռ չի ձերբազատվել Ղարաբաղից և դրանով հնարավորություն չի ստեղծել, որ սահմանները բացվեն։ Սա Լևոն Տեր–Պետրոսյանի կոնցեպցիան է։

–Ո՞րն է երկրորդ մոտեցումը։

–Երկրորդ տեսակետը Ռոբերտ Քոչարյանի տեսակետն է՝ այն, որ նույնիսկ Ղարաբաղի բեռն արժանապատիվ տանելով սեփական ուսերի վրա, նույնիսկ արժանապատիվ դիմակայելով շրջափակումներին՝ հնարավո՛ր է զարգացնել տնտեսությունը, ապահովել տնտեսական աճ, իրականացնել երկրի տնտեսության առջև ծառացած արդիականացման ծրագրեր։ Սրանք երկու կոնցեպցիաներ են, և սա այն վեճն է, որը կարմիր գծի նման անցնում է այս 20–ամյակի միջով։ Եվ Սերժ Սարգսյանը, լինելով Ռոբերտ Քոչարյանի իրավահաջորդը, իր նախագահության առաջին ժամկետի ընթացքում պետք է պատասխաներ մեկ հարցի՝ շարունակելո՞ւ է Ռոբերտ Քոչարյանի գիծը, թե՞ դրժելու է նրա մոտեցումները, հանդես է գալու ռենեգատի կարգավիճակով, ստեղծելու է տանդեմ Լևոն Տեր–Պետրոսյանի հետ և որդեգրելու է նրա՛ դեղատոմսով ղարաբաղյան հարցին լուծում տալը։ Այսօր բոլորիս պարզ է դառնում, որ Սերժ Սարգսյանը գնում է հենց ա՛յս ճանապարհով։ Այսինքն, նա հրաժարվեց հանդես գալ որպես Ռոբերտ Քոչարյանի քաղաքականության շարունակող և ցուցաբերելով ռենեգատություն՝ այսօր գիտակցաբար գնում է՝ չունենալով քաղաքական դրդապատճառներ, արհեսատականորեն փորձում է ձևավորել երկիշխանություն։ Այսինքն, մարդը համարում է, որ այս ողբերգական տնտեսական իրավիճակի հաղթահարման, սոցիալ–տնտեսական խնդիրների լուծման միակ ճանապարհը Ղարաբաղից ձերբազատվելն է։ Սերժ Սարգսյանն ընդունել է Լևոն Տեր–Պետրոսյանի խաչը։ Եվ շատ ավելի ազնիվ կլինի, եթե շուտափույթ կայանա նրանց հանդիպումն, ու հայտարարվի, որ նրանք մի կողմ են դնում Սահմանադրությունը, երկուսով են կառավարում երկիրն ու պատասխանատվություն կրում արդյունքների համար։

–Դուք հայտարարել էիք, որ տեղեկություններ ունեք այն մասին, որ երբ վերջերս Սերժ Սարգսյանն այցելել է «Գոլոս Արմենիի», այնտեղ ասել է, թե 7 շրջանները հանձնելու են նախկին ԼՂԻՄ տարածքում հանրաքվե անցկացնելու հնարավորության դիմաց։ Բացի այդ՝ նախագահը դրական է գնահատել փոքր ու միջին բիզնեսին գործարար միջավայրից դուրս մղումը և սուպերմարկետների երկիր սարքելը։ Ձեր կարծիքով ինչպե՞ս է, որ նման մտածողությամբ մարդը դարձավ երկրի նախագահ։ Արդյոք նման իրավիճակը սպառնալի՞ք չէ երկրի անվտանգությանը։

–Հռետորական հարցեր ինձ մի՛ տվեք։ Ձեր նշած հանդիպմանը մասնակցել է Ռուբեն Մարգարյանը, ով մինչև վերջերս եղել է Դաշնակցության ԳՄ անդամ, այսօր էլ Դաշնակցության նվիրյալ գործիչներից մեկն է։ Դաշնակցությունն իրեն հայտարարում է ընդդիմադիր։ Ռուբեն Մարգարյանն այնտեղ ներկա է եղել, ամբողջությամբ դա ունկնդրել է, չեմ կարծում, որ չտեսնված խոսուն, ամեն ինչ իր տեղը դնող այդ ելույթի բովանդակությանը նա չի ծանոթացրել Դաշնակցության ղեկավարներին, Հրանտ Մարգարյանին, Վահան Հովհաննիսյանին։ Նրանք դրա մասին շատ լավ գիտեն, բայց լռում են։ Հենց Ռուբեն Մարգարյանին էլ հարցրե՛ք։

–Ակնհայտ է, որ Լևոն Տեր–Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի մտածելակերպը նույնն է և հանրությունը մի տեսակ պատանդի կարգավիճակում է։ Ելքը ո՞րն եք տեսնում։

–Նրանց, ովքեր այս համակարգի կնքահայրերն են, հաջողվեց խաբել ժողովրդին։ Մենք ունակ չենք ժողովրդին այդպես սիրաշահելու, քծնելու, խաբելու. այդ տեխնոլոգիաներին ընդհանրապես չենք տիրապետել, նրանք տիրապետում են։ Ժողովուրդը խաբվելու սովորությունը դեռ չի կարողացել թոթափել։ Այ եթե թոթափի, մենք այս համակարգից կպրծնենք, որովհետև այս համակարգը մի կույտ զիբիլ է, որտեղ գույնզգույն զիբիլներ էլ կան, և մեկը մյուսին արհեստականորեն հակադրվում է։ Այդ բոլորին պետք է հավաքել մի կույտով ու հեռացնել։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը