Քաղաքական

22.03.2022 11:57


Ազգային ժողովում փակ նիստով կքննարկեն Արցախում ստեղծված իրավիճակը. ԱԺ կգան Արարատ Միրզոյանն ու Մհեր Գրիգորյանը

Ազգային ժողովում փակ նիստով կքննարկեն Արցախում ստեղծված իրավիճակը. ԱԺ կգան Արարատ Միրզոյանն ու Մհեր Գրիգորյանը

Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Ազգային ժողովը փակ նիստ կանցկացնի, որին ներկա կլինեն ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Ազգային ժողովի պատգամավորները պաշտոնական գրությամբ առաջարկել են հասարակական հետաքրքրություն ներկայացնող «Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար իրավիճակը, սպառնալիքներն ու հրատապ անելիքները» թեմայով հրատապ քննարկումն անցկացնել ԱԺ փակ նիստում:

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ հիմնավորմամբ են առաջարկել նիստը փակ անցկացնել: Նրա խոսքով՝ թեման հանրության լայն շրջանակների է հետաքրքրում: Մինասյանն առաջարկեց այն մասը, որը պարունակում է պետական գաղտնիք, այդ հատվածը փակ լինի, բայց ոչ ամբողջ նիստը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ նշեց, որ այս հարցը ոչ միայն Հայաստանում է հանրային լայն հետաքրքրություն առաջացնում, այլև՝ Հայաստանից դուրս. քննարկումները կարող են պարունակել Արցախին ու Հայաստանին վերաբերող անվտանգային բնույթի հարցեր, որոնք չեն կարող բաց ու ուղիղ ռեժիմով քննարկել:

«Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանն էլ հայտարարեց, որ հասկանալի է՝ հարցեր կան, որ բաց նիստով դժվար է քննարկել:

«Ես հասկանում եմ, որ հարցեր կան, որոնք փակ նիստով պետք է արվեն, բայց նաև քաղաքական մեծամասնությանը, Ազգային ժողովի նախագահությանը խնդրում ու պահանջում եմ նույն նախանձախնդրությամբ արգելել քաղաքական մեծամասնության բոլոր այն արտահայտությունները, որոնք վիրավորում են Արցախին, արցախցուն: Դահլիճում նստած նախկինում զինվորական համարվող անձիք այս օրերին ուղղակի անթույլատրելի, խայտառակ արտահայտություններ են անում արցախցիների հասցեին»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:

Քվեարկությամբ 66 կողմ, 19 դեմ ձայնով որոշվեց նիստն անցկացնել դռնփակ:

«Հայաստան» խմբակցությունից Արմեն Ռուստամյանն էլ առաջարկեց այս օրերին Հայաստանում գտնվող արցախցի պատգամավորներին հրավիրել նիստին. ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ հարցը կքննարկեն աշխատանքային կարգով:

Այս խորագրի վերջին նյութերը