Քաղաքական

07.05.2022 20:00


«Մենք գիտակցում ենք, որ Երևանի սրտում այսօր որոշվում է հայի բախտը, նրա լինել-չլինելու հարցը». Մետաքսե Հակոբյան

«Մենք գիտակցում ենք, որ Երևանի սրտում այսօր որոշվում է հայի բախտը, նրա լինել-չլինելու հարցը». Մետաքսե Հակոբյան

«Հայաստանում ընթացող զարգացումներին հետևում է ողջ Արցախը, բոլորի առօրյան լցված է նրանով, թե ինչ է կատարվում Երևանում։ Մինչև 2018 թվականը, եթե Արցախում ասում էին, որ պետք չէ խառնվել Հայաստանի ներքաղաքական կյանքին, դա նորմալ ընդունվում էր, որովհետև հասկանում էինք, որ մենք ինչքան էլ մեկ ենք, բայց ոչ մեկ կամքով՝ հայկական տարբեր պետություններ ենք։ Սակայն այսօր այդ տեսակ պահանջները տեղին չեն, որովհետև մենք գիտակցում ենք, որ Երևանի սրտում այսօր որոշվում է հայի բախտը, նրա լինել-չլինելու հարցը»,-այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումներին։

Պատգամավորի խոսքով՝ անհնար է անտարբեր լինել այն գործընթացների նկատմամբ, որոնք տեղի են ունենում Հայաստանում, ուստի Արցախում մարդկանց բացարձակ մեծամասնությունը սատարում է ընդդիմությանը։

«Վստահաբար կարող եմ Արցախում բնակվող ժողովրդի, հայի անունից ասել, որ բոլորն անհամբեր հետևում են այդ իրադարձությունների ընթացքին, գիտակցելով, որ սա արդեն վերջն է, կարծում եմ՝ մենք մեր վերջին վատ օրերն ենք ապրում։ Արցախում շատերը, թե՛ դպրոցում, թե՛ փողոցում, Ազգային ժողովում, ինքս դպրոցում էլ եմ դասավանդում, դրա համար եմ ասում, երբ հանդիպում են ինձ, հարցնում են, թե ինչպես պետք է իրենց աջակցությունը ցույց տան Հայաստանում բնակվող մեր հայրենակիցներին։ Դեռևս մենք հիմնվում ենք ԱԺ մեր հայտարարության վրա, որն արել էինք ապրիլի 14-ին, սակայն կարծում եմ՝ մեր իմաստուն ժողովուրդը կգտնի հնարավորությունն իր աջակցությունը ցույց տալու փողոց դուրս եկած մարդկանց»,-հավելեց Մետաքսե Հակոբյանը։

Անդրադառնալով իշխանության և որոշ մարդկանց հայտարարություններին, թե փողոց դուրս եկած մարդիկ թող գնային Արցախը պաշտպանելու, Մետաքսե Հակոբյանը հակադարձեց՝ պատերազմում իշխանությունն իր պարտությունը արդարացնելու համար շրջանառություն մեջ դրեց մի թեզ, ըստ որի՝ հայը Արցախից իբր պատերազմի ժամանակ փախել է։

«Իհարկե, պատերազմներում փախնողներ լինում են, սա նորմալ է, սակայն համատարած փախուստ Արցախից չի եղել։ Ամբողջ պարտությունն իշխանությունը վերագրեց նրան, որ Արցախում ապրող հայը փախել է Արցախից, մենք բազմիցս ասել ենք, որ չի եղել նման բան։ Արցախում ապրող հայը դավաճանվել է իշխանության կողմից, ինչի արդյունքում ունեցել ենք զոհեր և հայրենիքի մի մասի կորուստ։ Գիտեք, արդեն զավեշտ է դարձել։ Պատերազմում հաշմանդամություն ստացած Կամոն, նրա կինը՝ Անահիտը, ունեն երեք բալիկ՝ երկու տղա, մեկ աղջիկ։ Ուղղակի հրաշք էր, որ Կամոն պատերազմի ժամանակ փրկվեց, նա այսօր չունի ձեռքեր և ոտքեր։ Նա այն հազարավորներից մեկն է, որը մասնակցել է ամենադաժան մարտերին։ Կամոն Ֆրանսիայի հրապարակում էր, հաշմանդամի սայլակին նստած, հենց նրան էին ասում, թե՝ եթե պայքարող էիր, գնայիր Արցախում պայքարեիր։ Այսինքն՝ իշխանությունն այս մարդու բախտը մեկ օրում որոշել է ու այսօր ասում է, թե՝ գնայիր Արցախում պայքարեիր։ Կամոն թող լինեի իր նման հազարավոր մարդկանց հավաքական կերպարը»,-ընդգծեց Մետաքսե Հակոբյանը։

Միաժամանակ արցախցի պատգամավորն ասաց, որ բողոքի ակցիաների ժամանակ հրապարակում չորս կողմում տեսել է մարդկանց, որոնք պատերազմի օրերին եղել են Արցախում ու մեկնել ճակատ։

«Թփերի հետևում թաքնվածներն են նման արտահայտություններ անում, ովքեր պատերազմի ժամանակ պետության հաշվին եկել էին Արցախ և ուղղակի թփերի տակ խմելով ու նկարվելով էին զբաղված»,-եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։

Այս խորագրի վերջին նյութերը