Կարծիք

27.06.2022 22:01


Պետությունը պարտավոր է քայլեր ձեռնարկել գյուղատնտեսությունում հերթական ցնցումը թույլ չտալու համար

Պետությունը պարտավոր է քայլեր ձեռնարկել գյուղատնտեսությունում հերթական ցնցումը թույլ չտալու համար

Ճանապարհի մի հատվածի փլուզման հետևանքով Վերին Լարսը կրկին փակ է։ Ըստ նախնական գնահատականների՝ այն առնվազն 10 օր, գուցե 2 շաբաթ, փակ է մնալու։ Սա դեպի Ռուսաստան արտահանում իրականացնող կամ Ռուսաստանից ներմուծող տնտեսվարողների համար լրջագույն խնդիր է։ Հատկապես սուր է գյուղմթերքի արտահանման խնդիրը։ Գյուղացին հերթական անգամ հայտնվում է անելանելի վիճակում։ Ծիրանի բերքահավաքի թեժ շրջանում բեռնափոխադրման նման խնդիրը շատ այգեգործների է կանգնեցնելու ֆինանսական խնդիրների առջև։

Սոցիալական ցանցերում տեսա տարբեր նախաձեռնություններ, որով կոչ էին արվում ավելի շատ ծիրան գնել, որոշ օգտատերեր առաջարկում էին որ յուրաքանչյուր ընտանիք 5-6 կգ ծիրան գնի և գյուղացու հոգսը թեթևացնի և այլն։ Գյուղացիները բարձրաձայնում են իրենց խնդիրները, մասնագետները վերլուծություններ են ներկայացնում, քաղաքացիական հասարակության առանձին ներկայացուցիչներ «ֆլեշ մոբ» են իրականացնում, իսկ պատկան մարմինները լուռ են… Եթե յուրաքանչյուր նմանօրինակ իրավիճակում պետք է հասարակությունը ինքնակազմակերպվի, կամավորական կամ այլ եղանակներով փորձ արվի լուծել խնդիրը, իսկ պետական կառույցներն էլ այդ ամենին դիտորդի կարգավիճակով հետևեն, ապա բնական հարց է առաջանում, թե իշխանությունը ինչի՞ համար է աշխատավարձ ու պարգևավճար ստանում։

Պետությունը պարտավոր է քայլեր ձեռնարկել գյուղատնտեսությունում հերթական ցնցումը թույլ չտալու համար։ Գյուղացիական տնտեսությունները ի զորու չեն լինելու ինքնուրույն ու միայնակ հաղթահարել այս ճգնաժամը։

Վաղուց ժամանակն է այլընտրանքների մասին մտածել։ Առաջին անգամը չէ, որ Լարսի փակ լինելը մեր տնտեսության համար բացասական հետևանքների է հանգեցնում։ Տարիներ ի վեր նման իրավիճակը կրկնվում է, ու ամեն անգամ խոսվում է այլընտրանքային ճանապարհների որոնման, Վրաստանի և Ռուսաստանի հետ համատեղ լուծումների քննարկման անհրաժեշտության մասին, բայց որևէ էական տեղաշարժ չկա։ Վերջին տարիներին քանի՞ անգամ են հանդիպել Հայաստանի և Վրաստանի տարբեր մակարդակի պաշտոնյաներ, իսկ երևէ հնչե՞լ է նման հարցադրում։

Կառլեն Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը