Աշխարհ

24.10.2022 22:20


Գինեսի նոր ռեկորդ. Հնդկաստանում միանգամից վառվել են 1,5 մլն ճրագներ

Գինեսի նոր ռեկորդ. Հնդկաստանում միանգամից վառվել են 1,5 մլն ճրագներ

Գինեսի ռեկորդների գրքում նոր համաշխարհային ռեկորդ է գրանցվել. անցած գիշեր Այոդհյա քաղաքում հնդիկների համար սրբազան Սարյու (Գհագրա) գետի ափին միանգամից 1,5 մլն դիա-ճրագներ են վառվել։ Ինչպես երկուշաբթի տեղեկացրել է The Times of India թերթը, միջոցառմանը մասնակցել են վարչապետ Նարենդրա Մոդին, Ուտար-Փրադեշ նահանգի ղեկավարությունը։

Ավելի քան 19 հազար կամավորականներ 37 գհաթներում (դեպի ջուր տանող զառիվայրներում) տեղադրել և վառել են 1,576 մլն դիա։ Ռեկորդը նախապատրաստվել է երեք օր։ Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները հաշվել են միայն այն ճրագները, որոնք վառ են մնացել հինգ րոպեից ոչ պակաս։ Բացի այդ, ճրագները պետք է վառվեին միանգամից, 40 րոպեի ընթացքում, ինչպես պահանջվում է ռեկորդ համարվելու պայմանով։ Նախորդ ռեկորդը նույնպես սահմանվել էր Այոդհյայում 2021թ., երբ սրբազան գետի գհաթներում վառվել էր ավելի քան 940 հազար դիա։

Այդ ճրագները հանդիսավոր կերպով վառվում են հնդկական գլխավոր տոնի՝ Դիվալիի նախօրեին, սա արդեն Այոդհյայում ավանդույթ է դարձել և այս տարի նշվում է հոկտեմբերի 24-ին։ Այս քաղաքը հատուկ նշանակություն ունի հավատացյալ հնդիկների համար, քանի որ, ըստ ավանդության, այստեղ է ծնվել Ռամա հերոս-աստվածը՝ հնդկական «Ռամայանա» էպոսի գլխավոր գործող անձը։

Դիան (անվանում են նաև դիպա) փոքրիկ ճրագ է, որը Դիվալի տոնի նախօրեին զանգվածաբար պատրաստում են կավագործները։ Դրանք հազիվ մեկ ափաչափ են։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը