Քաղաքական

27.10.2022 10:52


Խայտառակություն է․ ԱԺ ինչ-որ վարչության պետ՝ իր խորհրդարանական մեյլից նամակ է ուղարկում Զատուլինի մեյլին․ Գեղամ Մանուկյան․ «Հրապարակ»

Խայտառակություն է․ ԱԺ ինչ-որ վարչության պետ՝ իր խորհրդարանական մեյլից նամակ է ուղարկում Զատուլինի մեյլին․ Գեղամ Մանուկյան․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Կոնստանտին Զատուլինին «անցանկալի անձ» ճանաչելու մասին հաղորդեց Նիկոլ Փաշինյանի լրատվամիջոցը՝ Arntimes.com-ը, ապա Զատուլինը հրապարակեց ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանի՝ իրեն ուղարկած գրությունը․ «ՀՀ ԱԺ ղեկավարության անունից հայտնում ենք, որ, ցավոք, Հայաստանի Հանրապետության դեմ վերջին շրջանի Ձեր հրապարակային հայտարարությունները վնասում են մեր պետությունների միջեւ բարեկամական եւ դաշնակցային հարաբերությունների զարգացմանը։ Այս ապագայում Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն համարվում է անցանկալի»։

Մենք հետաքրքրվեցինք ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանից, թե ինչպես է վերաբերվում Զատուլինին անցանկալի անձ ճանաչելուն։ «Շատ խուճուճ պատմություն է, իրականում․ Զատուլինի մուտքն արգելվա՞ծ է, թե՞ ԱԺ-ն որոշել է, որ ցանկալի չէ։ Զատուլինն անցնող 30 տարիների ընթացքում մշտապես եղել է հայ ժողովրդի ու Արցախի կողքին, եւ այն պատճառաբանությունը, որ բերում են՝ իբր Նիկոլ Փաշինյանին է քննադատել, մանրախնդիր քինախնդրություն է, այնքան մանրախնդիր, որ անգամ լուրը ցանկացել են իրենց ընտանեկան թերթով հաղորդել՝ իրենց աղբյուրների հիման վրա»,-ասաց Մանուկյանը։

-Իսկ տարօրինակ չէ՞, որ ԱԺ արտաքին կապերի վարչության անունից է այդ գրությունն ուղարկվել։

-Հիմա ես փորձելու եմ հարցումներ անել, աշխատում եմ պատգամավորական հարցումների վրա, որ հասկանամ՝ ինչ է կատարվել, որովհետեւ սա ուղղակի խայտառակություն է, ԱԺ ինչ-որ վարչության պետ՝ իր անձնական խորհրդարանական մեյլից ուղարկում է Զատուլինի մեյլին ինչ-որ նամակ։

-Այդ «ինչ-որ վարչության պետը»՝ Տիգրան Սեյրանյանը Ձեր կուսակից ընկերոջ՝ Սպարտակ Սեյրանյանի եղբայրն է։

-Մեղա քեզ, Տեր Աստված։ Տիգրան Սեյրանյանը 30 տարի է՝ դիվանագետ է, մեր կուսակից ընկերոջ եղբայրը, հորեղբոր տղա լինելու հանգամանքն ի՞նչ կապ ունի։ Այսինքն՝ Սպարտակ Սեյրանյանը, Ձեր կարծիքով, Տիգրան Սեյրանյանի կաբինետում նստած՝ Տիգրան Սեյրանյանի փոխարեն որոշումնե՞ր է ընդունել, լինի դա Ուկրաինայում կամ Չեխիայում դեսպան եղած ժամանակ կամ հիմա՝ Ազգային ժողովում։

-Իսկ, Ձեր կարծիքով, Տիգրան Սեյրանյանն ի՞նքն է իր անձնական նախաձեռնությամբ այդպիսի նամակ ուղարկել, թե՞ Ալեն Սիմոնյանն է հանձնարարել։

-Տիգրան Սեյրանյանն ինքնագլուխ նման որոշում չէր կարող կայացնել, եւ ԱԺ ղեկավարությունը կամ շատ ավելի բարձր որոշում է կայացրել, որը փորձել են ԱԺ վարչության պետի ձեռքով իրականացնել։ Դրա համար կարելի է դիմել ԱԺ ղեկավարությանը։

-Իսկ Դուք դիմելո՞ւ եք։

-Հիմա հարցումներ եմ անելու մի քանի գերատեսչություններ, որոնք օտարերկրյա քաղաքացիների մուտքի, ելքի հետ կապված որոշում ընդունողն են կամ ցանկեր կազմողը՝ ԱԱԾ, ԱԳՆ։

-Ազգային ժողովից պարզաբանում պահանջելո՞ւ եք։

-Բնականաբար։ Մի քանի այլ գերատեսչություններից պարզաբանումներ անպայման կստանամ»։

Այս խորագրի վերջին նյութերը