Քաղաքական

03.11.2022 21:13


ՀՀ-ն և Ադրբեջանը պայմանավորվել են արագացնել սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կարգի համաձայնեցումը

ՀՀ-ն և Ադրբեջանը պայմանավորվել են արագացնել սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կարգի համաձայնեցումը

Բրյուսելում նոյեմբերի 3-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երրրորդ նիստը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, մինչ նիստի մեկնարկը Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոն ողջունել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պատվիրակություններին, հաջողություն է մաղթել հանձնաժողովների աշխատանքներին և վերահաստատել Եվրոպական միության պատրաստակամությունը հետագայում ևս օժանդակություն ցուցաբերել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորման հարցերում:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն իրենց ողջույնի ելույթներում երախտագիտություն են հայտնել ԵՄ խորհրդին հանդիպման լավ կազմակերպման համար։

Նշվում է, որ, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների մակարդակով տարբեր ձևաչափերում ձեռք բերված պայմանավորվածությունները, կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձ են կատարել կազմակերպչական և ընթացակարգային հարցերի։

«Հանձնաժողովների համատեղ գործունեության իրավական շրջանակների ձևավորման նպատակով՝ կողմերը պայմանավորվել են արագացնել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության կարգի համաձայնեցման աշխատանքները»,-հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ հավելելով, որ կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով որոշել հանձնաժողովների չորրորդ նիստի անցկացման ամսաթիվը և վայրը։

Այս խորագրի վերջին նյութերը