Լրահոս

15.11.2022 13:23


Մինչև 2050թ. Հայաստանի բնակչության թվաքանակը կնվազի. ՄԱԿ

Մինչև 2050թ. Հայաստանի բնակչության թվաքանակը կնվազի. ՄԱԿ

Մինչև 2050թ. Հայաստանի բնակչության թվաքանակը կնվազի և կկազմի 2,6 մլն մարդ։ Այս մասին նոյեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՄԱԿ-ի ազգաբնակչության հիմնադրամի գրասենյակի «Բնակչություն և զարգացում» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ դա կապված է ծնելիության ընդհանուր գործակցի նվազման հետ, որը 2021թ. տվյալներով կազմել է 1,6 և մինչև 2050թ. կշարունակի նվազել։ Նա նշել է. որպեսզի բնակչության թվաքանակը մնա անփոփոխ, ծնելիության ընդհանուր գործակիցը պետք է կազմի 2,1։ Հայաստանի բնակչության թվաքանակի նվազման պատճառներից մեկը փորձագետը համարել է նաև միգրացիայի տեմպի փոփոխությունը։

Հովհաննիսյանը համոզմունք է հայտնել, որ անգամ եթե իրականացվեն բնակչության թվաքանակի ավելացման ծրագրերը, գործընթացը լրիվ կանգնեցնել հնարավոր չէ, կարելի է միայն մեղմել այն։ «Հայաստանում ծնելիության ցուցանիշի վրա ազդեցություն են գործում նաև սոցիալ-տնտեսական խնդիրները։ Ընդ որում՝ կյանքի սպասվող միջին տևողությունը Հայաստանում, ինչպես և ամբողջ աշխարհում, ավելանում է և շարունակելու է ավելանալ, ինչը կապված է բժշկության ոլորտի զարգացման հետ»,-ավելացրել է նա։

ՄԱԿ-ի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ Վրաստանի և Ռուսաստանի բնակչության թվաքանակը մինչև 2050թ. նույնպես կպակասի, իսկ տարածաշրջանի մյուս երկրներում կավելանա։

Նա նշել է, որ Երկրի բնակչությունն արդեն կազմում է 8 մլրդ մարդ, ինչը 1 մլրդ-ով ավելի է, քան 2011թ.։ «Մինչև 2050թ. Երկրի բնակչությունը կկազմի 9,7 մլրդ մարդ, իսկ 2080թ.՝ 10,4 մլրդ։ 2100 թվականից մոլորակի բնակչությունը կսկսի նվազել։ Երկրի բնակչության թվաքանակի աճը պայմանավորված է մահացության նվազմամբ և կյանքի միջին տևողության սպասվող աճով։ 20 տարի առաջ կյանքի սպասվող տևողությունը կազմում էր 60-65 տարի, 2019թ.՝ 72 տարի, իսկ մինչև 2050թ. կհասնի 77 տարվա։ Ծնելիության ընդհանուր գործակցի ցուցանիշը կկազմի 2,5, որը 2100թ. կնվազի՝ հասնելով 2,1-ի»,-ընդգծել է Աննա Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն իր նախընտրական ծրագրում խոստացել էր մինչև 2050թ. Հայաստանի բնակչության թիվն ավելացնել մինչև 5 մլն մարդու։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը