Լրահոս

20.09.2011 14:21


Հայաստանում մեկնարկեց «Ճանաչիր աշխարհի մշակույթներն ու երկրները» ծրագիրը

Սեպտեմբերի 19-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի նախաձեռնությամբ Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 դպրոցում տեղի ունեցած միջոցառմամբ մեկնարկեց «Ճանաչիր աշխարհի մշակույթներն ու երկրները» ծրագիրը, որին ներկա էին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը, ՀՀ-ում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն եւ այլ բարձրաստիճան հյուրեր: Ծրագրի իրականացմանն իրենց գործուն աջակցությունն են բերում ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը, ՀՀ-ում օտարերկրյա դեսպանությունները, Հայաստանի` ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ասոցացված դպրոցների ծրագրի ցուցակում ներառված դպրոցները:

Իր ողջյունի խոսքում ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով Հայաստանի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանը նշեց, որ այս ծրագիրը նախաձեռնվել է այն հստակ գիտակցումով, որ արդի բարդ եւ փոխկապակցված աշխարհում ապրող երիտասարդները պետք է ոչ միայն լավ իմանան իրենց սեփական պատմությունն ու մշակույթը, այլ նաեւ հնարավորինս ճանաչեն աշխարհը: Այդ համատեքստում բարձր գնահատվեց ծրագրի դերը դեսպանների հետ անմիջական շփման միջոցով այդ երկրների պատմությանը, մշակույթին, ավանդույթներին եւ արժեքներին ծանոթանալու գործում, ինչը անկասկած նպաստելու է ժողովուրդների միջեւ բարեկամության կամուրջների հաստատմանը եւ խաղաղության ամրապնդմանը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը, հյուրերին ներկայացնելով ՀՀ-ում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին, գոհունակություն հայտնեց հայ-ռուսական ավանդական բարեկամությամբ` նշելով, որ Հայաստանը եւ Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են եւ երկու երկրների շահերից բխող այդ գործընկերությունը ծառայում է մեր տարածաշրջանում անվտանգության եւ խաղաղության ամրապնդմանը:

Միջոցառմանը ծավալուն ելույթով հանդես եկավ նաեւ ՀՀ-ում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն` ներկայացնելով Ռուսաստանը եւ ռուս ժողովրդին, վերջինիս հարուստ մշակութային ժառանգությունը, ինչպես նաեւ հայ-ռուսական հարաբերությունների ներկա փուլը եւ զարգացման հեռանկարները, որից հետո պատասխանեց հայ դպրոցականներին հուզող բազմաթիվ հարցերի:

Ելույթի ավարտին ՌԴ դեսպանը պարգեւատրվեց շնորհակալագրով:

Այս խորագրի վերջին նյութերը