Տնտեսական

02.12.2022 13:20


Ով վայելում է, ով էլ գոյությունն է քարշ տալիս

Ով վայելում է, ով էլ գոյությունն է քարշ տալիս

Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ մարդկանց կյանքը բարելավելու խոստումներով։ Բայց նույնիսկ պաշտոնական տվյալներն են փաստում, որ նրա իշխանության տարիներին սոցիալական իրավիճակը Հայաստանում ոչ միայն չի բարելավվել, այլև աղքատությունն ավելի է խորացել։

2018թ. պաշտոնապես Հայաստանում աղքատ էր բնակչության 23,5 տոկոսը։

Օրերս հրապարակված վերջին տվյալներով, 2021թ. աղքատ է եղել 26,5 տոկոսը։

Ճիշտ է, 2019թ. աղքատության գնահատման չափանիշներ են փոխել, բայց առանց դրա էլ ամեն ինչ ակնհայտ է։ Ու նույնիսկ փոխված չափանիշներով, վերջին երեք տարիներին աղքատությունը մեր երկրում խորացել է։

Նոր չափանիշներով 2019թ. Հայաստանում աղքատ էր բնակչության 26,4 տոկոսը։ Խոսքը աղքատության միջին գծում գտնվող քաղաքացիների մասին է։ 2020թ. նրանց քանակը հասավ 27 տոկոսի։ 2021թ. էլ կազմել է 26,5 տոկոս։

Թվում է, թե 2021թ., նախորդ տարվա համեմատ, տեղի է ունեցել աղքատության ցուցանիշների բարելավում, բայց այդպես չէ։ Աղքատների մի մասը պարզապես համալրել է ծայրահեղ աղքատների բանակը։ Ծայրահեղ աղքատությունը մեր երկրում ավելի քան կրկնապատկվել է։ Եթե մարդիկ նախկինում ուղղակի աղքատ էին, դարձել են ծայրահեղ աղքատ։

Պաշտոնական վիճակագրությունն է փաստում, որ 2021թ. աղքատության մակարդակը Հայաստանում ավելի բարձր է եղել, քան 2019թ.։ Այն ժամանակ աղքատ էր բնակչության 26,4 տոկոսը, 2021թ. աղքատ է եղել 26,5 տոկոսը։

Չասենք, թե ինչպիսին է եղել փոփոխությունը 2018թ. նկատմամբ։ Ընդամենը հիշեցնենք, որ այն ժամանակ աղքատ էր բնակչության 23,5 տոկոսը։

Խորացել է ծայրահեղ աղքատությունը, որը Նիկոլ Փաշինյանը խոստանում էր ընդհանրապես վերացնել։

Պաշտոնական տվյալներով, 2018թ. ծայրահեղ աղքատ էր բնակչության 1,4 տոկոսը։ Նույնն էր պատկերը նաև 2019թ.՝ հաշվարկի նոր մեթոդաբանությամբ։ Արդեն 2021թ. ծայրահեղ աղքատությունը կազմել է 1,5 տոկոս։ Այսինքն՝ ոչ միայն չի վերացել, ինչպես խոստանում էր Նիկոլ Փաշինյանը, այլև խորացել է։

Ծայրահեղ աղքատների քանակը 2021թ. նույնիսկ կրկնապատկվել է. 2020թ. նրանք բնակչությունը 0,7 տոկոսն էին կազմել։ 2021թ. ծայրահեղ աղքատների քանակը կտրուկ ավելացել է։ Բազմաթիվ աղքատ քաղաքացիներ դարձել են ծայրահեղ աղքատներ։

Այս ցուցանիշները վկայում են, որ աղքատության առումով մեր երկրում շատ տխուր իրավիճակ է։ Բայց անգամ դրանք լիարժեք չեն բնութագրում աղքատության ամբողջ պատկերը։

Աղքատության մակարդակը մեր երկրում, ըստ աղքատության վերին գծի, հասնում է 45,7 տոկոսի։

Այստեղ էլ ունենք աղքատության խորացում՝ 2019թ. համեմատ։ Այն ժամանակ աղքատության վերին գծում էր գտնվում բնակչության 43,8 տոկոսը։ Անցած տարի նրանց քանակը ավելացել է ևս 1,9 տոկոսային կետով։

Սրանք պաշտոնական տվյալներ են, որոնք բնութագրում են մեր երկրում աղքատության մակարդակը։ Բայց առանց դրանց էլ ամեն ինչ տեսանելի է, ու երբեմն նույնիսկ պաշտոնական տվյալներն են տարօրինակ թվում։

Անցած տարի Հայաստանում բյուջետային համակարգում պաշտոնապես ո՛չ աշխատավարձ է բարձրացել, ո՛չ կենսաթոշակ է ավելացել, և ո՛չ էլ նպաստ։ Փոխարենը՝ եղել են համատարած թանկացումներ։

Միջին գնաճը տարեվերջին հասավ գրեթե 8 տոկոսի, սննդամթերքի դեպքում կազմեց 12,9 տոկոս։ Երկնիշ գնաճ էր նաև բազմաթիվ այլ ապրանքային շուկաներում։

Սննդամթերքի, հատկապես առաջին անհրաժեշտության շատ ապրանքատեսակների գնաճը եռակի ու քառակի ավելի բարձր էր։ Բանջարեղենի գնաճը 40 տոկոս էր, շաքարավազինը՝ գրեթե 20 տոկոս, ձկնամթերքինը՝ ավելի քան 31 տոկոս, բուսական յուղերինը՝ 21 տոկոս, հացաբուլկեղենինը և ձավարեղենինը՝ ավելի քան 10 տոկոս, և այսպես շարունակ։

Այս պայմաններում, երբ մեր երկրում միայն այն, որ 500 հազար թոշակառու ու նպաստառու կա, որոնց թոշակներն ու նպաստները ոչ մի դրամով չեն ավելացել, շուրջ 200 հազար աշխատունակ մարդ կա, ովքեր գործազուրկ են ու եկամուտ չեն ստանում, պաշտոնական վիճակագրությունն աղքատության միջին գծում գտնվողների 0,5 տոկոս նվազում է արձանագրել։

Իրականում դա եղե՞լ է, թե՞ ոչ, նույնիսկ կարևոր էլ չէ, որովհետև յուրաքանչյուր քաղաքացի սեփական մաշկի ու կենսամակարդակի վրա է զգացել թանկացումների ազդեցությունը։ Այսօր էլ զգում է՝ շարունակվող բարձր գնաճի պայմաններում։ Ու զարմանալի չի լինի, որ հաջորդ տարվա զեկույցում էլ պաշտոնապես մեր երկրում աղքատության մակարդակի նվազում արձանագրվի։

Այսպես թե այնպես, դրանից ոչինչ չի փոխվում մարդկանց կյանքում։ Բոլորն էլ տեսնում են, թե ինչ է կատարվում իրական կյանքում։ Հասարակության հիմնական մասը շարունակում է աղքատանալ՝ նույնիսկ արձանագրվող բարձր տնտեսական աճի պայմաններում։ Աղքատանում են ոչ միայն աշխատանք չունեցողները, այլև ունեցողները, որոնց եկամուտներն անհամեմատ ավելի դանդաղ են աճում, քան ծախսերն են ավելանում։ Խոսքը միայն սննդամթերքի կամ առաջին անհրաժեշտության ապրանքների մասին չէ։ Քաղաքացիների ծախսերն ավելանում են նաև այլ, այդ թվում՝ հազար ու մի վճարների և հարկային բեռի ծանրացման հետևանքով։

Նույնիսկ պաշտոնական տվյալներով, մեր հասարակության գրեթե կեսն ունի աղքատության վերին գծից ցածր եկամուտներ։ Մինչդեռ, իշխանություններն ու նրանց մերձավորները վայելում են իշխանական բարիքները. թանկարժեք մեքենաներ ու առանձնատներ են գնում, արտասահմաններում են անցկացնում իրենց հանգիստը, պետության հաշվին ճամփորդում են տարբեր երկրներում, ճոխ ծախսեր են անում ու վայելում կյանքը։

Թոշակ ու նպաստ կամ չեն բարձրացնում, կամ բարձրացնում են հազիվ մի քանի հազար դրամով, բայց սրտի ուզածի չափ իրենց պարգևատրում ու հավելավճարներ են ստանում պետական բյուջեի հաշվին։ Աղքատությունը երկրում վխտում է, իսկ իշխանությունները 5 մլրդ դրամ կամ շուրջ 12 մլն դոլար են ծախսում «Մանկական եվրատեսիլ» կազմակերպելու, մի քանի հարյուր հազար դոլար էլ՝ Երևանում տոնական լուսավորություն անցկացնելու համար։

Սա է Նիկոլ Փաշինյանի իշխանության բերած արդարությունն ու հասարակ քաղաքացու կյանքի բարելավումը։ Իրենք հարստանում են ու վայելում կյանքը, իսկ հասարակության մեծ մասը գոյություն է քարշ տալիս։

Հակոբ Քոչարյան

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը