Քաղաքական

13.12.2022 20:07


Պետք է կարողանանք դիմադրություն ցույց տալ, խառնել բոլորի խաղաքարտերը. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Պետք է կարողանանք դիմադրություն ցույց տալ, խառնել բոլորի խաղաքարտերը. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Սա Ադրբեջանի իշխանությունների կողմից ուղիղ կազմակերպված սադրանք է՝ ուղղված նաև ռուս խաղաղապահների գործունեությանը, ինչպես նաև հերթական քայլերն են՝ Արցախը հայաթափելու, էթնիկ զտման ենթարկելու և իրենց հրեշավոր ծրագրերը կյանքի կոչելու համար: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքում ստեղծված ճգնաժամային իրավիճակի պատճառներին:

Սաղաթելյանը շեշտեց՝ այս ամենը թույլ տալ որևէ պարագայում չի կարելի, Հայաստանի իշխանությունները պետք է գործեն։

«Հայաստանի Հանրապետության այսպես կոչված իշխանությունները պարտավոր են քայլեր ձեռնարկել, հրաժարվել իրենց թուրքահպատակ քաղաքականությունից, և Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանձնի Արցախի անվտանգության և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հանձնառությունը»,-շեշտեց պատգամավորը՝ հավելելով՝ ամբողջ խնդիրն այն է, որ գործող իշխանությունը մինչև հիմա դա չի անում։

«Նրանք ասում են, որ դա ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է, և ամեն ինչ պետք է անեն նրանք։ Իհարկե, ռուս խաղաղապահները պետք է ամբողջությամբ իրականացնեն իրենց առաքելությունը, բայց Հայաստանի Հանրապետությունը չի կարող իր ձեռքերը լվանալ։ Քանի որ, դժբախտաբար, նրանք են ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը, պարտավոր են շատ հստակ քայլեր և գործողություններ անել՝ սկսած բոլոր պետական ինստիտուտների կողմից շատ հստակ և հասցեական հայտարարություններից, վերջացրած կոնկրետ քայլերով ու գործողություններով, քանի որ ամեն զիջում բերելու է նոր զիջման, նոր կուրստների, Արցախի վերջնական կորստի»,-ընդգծեց Իշխան Սաղաթելյանը։

Այնուհանդերձ, ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ, ոչինչ ավարտված չէ, ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավորություն կա։

«Պետք է կարողանանք դիմադրություն ցույց տալ, խառնել բոլորի խաղաքարտերը։ Դրա ուժը մեր ժողովուրդն է, հայ մարդն է։ Պետք է շատ հստակ միջազգային հանրության առջև ձևակերպենք մեր պահանջները, երկու ճակատով պետք է կռիվ տանք»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը