Քաղաքական

30.12.2022 19:41


Թուրքի ոգով դաստիարակված Նիկոլը «դուխով» խոսքը գողացել էր․ Ժաննա Գալստյան

Թուրքի ոգով դաստիարակված Նիկոլը «դուխով» խոսքը գողացել էր․ Ժաննա Գալստյան

Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող արցախահայությունը չի ընկճվում՝ ավելի վատ օրեր են եղել ու ավելի վատ իրավիճակներ են հաղթահարել։

168.am-ի հետ զրույցում Արցախի հերոս, Արցախյան ազատամարտի մասնակից, ՀՀ ժողովրդական արտիստ Ժաննա Գալստյանն ասաց, որ Արցախի հասարակությունը կարիք չունի ոգևորության, իսկ հայաստանաբնակներին, որոնք իսկապես անհանգստանում են Արցախի համար, միայն կարող է ասել՝ «արխային եղեք, ամեն ինչ լավ է լինելու»։

Ժաննա Գալստյանի խոսքով՝ այսօր խոսքն արժեզրկվել է, քչերն են հասկանում խոսքի իմաստը, այդ պատճառով էլ ոչինչ չունի ասելու։

«Այսօր խոսքերն անիմաստ են դարձել, մշտապես քննադատություններ էին հնչում, թե ինչու են արցախցիները լուռ, բայց չէ՞ որ հենց այնպես խոսելն անիմաստ է։ Անհասկանալի բան չկա, որ ասենք, բացատրենք՝ հասկանան, այսքանից հետո էլ ո՞ւմ ինչ ասենք, որ հասկանան։ Այն հատվածը, որն անհանգստանում է, լավ էլ ամեն ինչ տեսնում ու հասկանում է, դա մեր, այսպես ասած՝ զուլալ փոքրամասնությունն է։ Իսկ այն հատվածը, որն անտարբեր ապրում է, նրանց համար նույնիսկ խոսքերն են անիմաստ, ինչ էլ ասենք, չեն հասկանալու, նրանք ամեն ինչ կհասկանան այն ժամանակ, երբ թուրքն իր յաթաղանով կանգնի իրենց դռանը»,-նշեց Ժաննա Գալստյանը։

Նրա խոսքով՝ հազարավոր ծնողներ 2020 թվականի պատերազմից հետո իրենց Ամանորը և բոլոր տոներն անցկացնում էին «Եռաբլուրում», սակայն այսօր չեն կարողանում գնալ իրենց երեխաների մոտ՝ արցախցիների համար ամենածանրը հենց սա է։

«Սովը, ծարավը, զրկանքը, թուրքի կապիկություններ անելը, ոչ մի բան մեզ չի վախեցնում, բայց սարսափելի է, որ մարդը չի կարողանում գնալ իր երեխայի գերեզմանին»,-նշեց Ժաննա Գալստյանը։

Չնայած դժվարին վիճակին, Ժաննա Գալստյանը լավատեսությունը չի կորցնում՝ կրկնելով, որ ամեն ինչ լավ է լինելու, իսկ դրա համար բոլորովին էլ անհրաժեշտ չէ խելոք խոսք ասել։

«Մենք՝ արցախցիներով, Նիկոլի գլխից արդեն «դուխով»-ը հետ ենք բերել ու դրել այնտեղ, որտեղ պետք է, այսինքն՝ իր ճակատից այդ խոսքը հանել ենք։ Թուրքի ոգով դաստիարակված Նիկոլն այդ խոսքը գողացել էր։ Գիտե՞ք՝ թուրքի ամենամեծ պատիվը որն է՝ գողանալը, կապ չունի՝ ինչ է գողանում՝ անասուն, հող, փոքր իր, տարածք կամ հայրենիք։

Մի դեպք պատմեմ։ Մալիբալու գյուղում Խորհրդային Միության ժամանակ ադրբեջանցիներ էին ապրում, ադրբեջանցի մի պաշտոնյա գնացել է այդ գյուղ, գյուղի երեխաներից մեկը նրա մեքենայի հայելին գողացել է։ Ոստիկանները մի քանի ժամ անց գողոնը գտել են։ Այդ երեխայի ծնողները ծնկաչոք գնացել են այդ պաշտոնյայի մոտ, աղաչել-պաղատել են, թե՝ ինչ պետք է՝ կտանք, միայն թե այդ հայելին թողեք մեզ, որովհետև մեր երեխայի առաջին գողոնն է։ Ես ձեզ փաստ եմ պատմում։

Հիմա Նիկոլն էլ իրենցից մեկն է, նա մեր դուխը գողացավ ու կպցրեց իր ճակատից, մեր Մոնթեի կերպարի ատրիբուտները գողացավ։ Բայց ղարաբաղցին այդ դուխը հետ է վերցրել, իր դուխն իր տեղն է եկել, լավ է լինելու։ Մի կոտրված, նեղված մարդ չկա, ոչ ոք չի ասում՝ սեղանս ոնց է լինելու դեկտեմբերի 31-ին, սովորական 31 է, էլի, հո մայիսի 9-ից թանկ չէ՞ մեզ համար, որը մեզանից գողացան»,-եզրափակեց Ժաննա Գալստյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։ Միայն Կարմիր խաչի միջնորդությամբ ու նրանց մեքենաների ուղեկցությամբ հիվանդներից մեկը, որը 4 ամսական երեխա էր՝ տեղափոխվել է Երևան, Երևան է տեղափոխվել ևս մի քանի հիվանդ, սակայն սա խնդիրը չի լուծել։ Ադրբեջանի ահաբեկչական գործողության արդյունքում հիվանդներից մեկը, ցավոք, մահացել է:

Այս խորագրի վերջին նյութերը