Քաղաքական

03.01.2023 19:22


Ադրբեջանն արդեն 23 օր փակ է պահում Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը. հումանիտար աղետի շեմին է 120 հազար մարդ

Ադրբեջանն արդեն 23 օր փակ է պահում Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը. հումանիտար աղետի շեմին է 120 հազար մարդ

Արդեն 23-րդ օրն է՝ Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը շարունակում է մնալ փակ. միջանցքը դեկտեմբերի 12-ից փակել է Ադրբեջանը` բերելով բնապահպանական կեղծ պատճառաբանություններ:

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով 23 օր է՝ հումանիտար ճգնաժամի առաջ են կանգնել Արցախի 120 հազար մարդ, այդ թվում ՝ 30 հազար երեխա, 20 հազար տարեց ու շուրջ 9 հազար հաշմանդամություն ունեցող անձ։

Ճանապարհի փակ լինելու պատճառով Հայաստանից Արցախ չի կարողացել վերադառնալ 1100 մարդ, որոնց թվում՝ 270 երեխա:

Խախտված են անձանց ազատ տեղաշարժի, նվազագույն կենսամակարդակի ապահովման, բժշկական խնամք ստանալու, կրթության և այլ իրավունքներ։

Արցախում գործող խանութները, դեղատները, շուկաները գրեթե դատարկ են: Արցախի կառավարությունը դեկտեմբերի 29-ից հանրային սննդի ծառայությունների մատուցումը սահմանափակելու որոշում է ընդունել: Արցախում խանութները մատակարարումներ ստանում են պահուստային միջոցներից միայն կառավարության որոշմամբ:

321802985_1312626899305733_7445817062948387836_n-1.jpg (216 KB)

Բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ Դեկտեմբերի 30-ի տվյալներով «Արևիկ» բուժմիավորումում 12 երեխա գտնվել է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 12 բուժառու գտնվել է վերակենդանացման բաժանմունքում, որից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են եղել։

Դեկտեմբերի 19-ին Արցախում մեկ քաղաքացի մահացել էր, քանի որ ճանապարհի փակ լինելու պատճառով նրան չէին կարողացել Հայաստան տեղափոխել պատշաճ բուժումը կազմակերպելու համար:

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ մեկ անգամ հումանիտար բեռ է ուղարկվել Արցախ։ Հիմնականում դեղորայք, մանկական կեր և բուժօգնության համար նախատեսված պարագաներ։ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախից Հայաստանի տարբեր բժշկական կենտրոններ է տեղափոխվել 10 պացիենտ, որոնց թվում՝ 4 ամսական երեխա:

Ադրբեջանի բերած բնապահպանական պատճառաբանությունների սին լինելու մասին է վկայում այն հանգամանքը, որ, թեև Արցախի իշխանությունները հայտարարեցին «Բեյզ Մեթըլս» ընկերության կողմից շահագործվող հանքավայրերի գործունեությունը դադարեցնելու և ընկերության գործունեությունն ուսումնասիրելու համար միջազգային էկոլոգիական փորձաքննություն հրավիրելու մասին, սակայն ճանապարհը շարունակում է փակ մնալ:

Դեռևս դեկտեմբերի 13-ին Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն ու արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը հայտարարեցին, որ Լաչինի միջանցքը փակած անձինք ոչ թե բնապահպանական ակտիվիստներ են, ինչպես ներկայանում են, այլ Ադրբեջանի հատուկ ծառայություններում և բանակում աշխատող մարդիկ են: Միջանցքը փակելու առաջին իսկ օրերից տարածվել են տեսանյութեր և լուսանկարներ, որոնք վկայում են, որ ճանապարհը փակած անձանց թվում կան նաև թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության համակիրներ:

1099372.jpg (53 KB)

Արցախի կյանքի ճանապարհը փակելուց մեկ օր անց Ադրբեջանը դադարեցրել էր նաև գազամատարարումը դեպի Լեռնային Ղարաբաղ: Այն վերականգնվել էր միայն երեք օր անց՝ ձմեռային եղանակային անբարենպաստ պայմաններում թողնելով առանց այն էլ տեղաշարժի և այլ իրավունքներից զրկված խաղաղ բնակչությանը:

Այս խորագրի վերջին նյութերը