Քաղաքական

11.01.2023 19:08


«Տան խուզարկության արդյունքում տարել են ՀՅԴ-ականի զենքով լուսանկարները, որը նա ունեցել է մարտական գործողությունների ժամանակ». Գեղամ Մանուկյան

«Տան խուզարկության արդյունքում տարել են ՀՅԴ-ականի զենքով լուսանկարները, որը նա ունեցել է մարտական գործողությունների ժամանակ». Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց, որ վաղ առավոտից ոստիկանության հատուկ ջոկատայինները խուզարկում ու ձերբակալում են ՀՅԴ-ականներին։

168.am հետ զրույցում Գեղամ Մանուկյանը մանրամասնելով իրավիճակը՝ նշեց, որ ամիսներ առաջ իբր հանրահավաքների ինչ-որ ձայնագրության հետ կապված են ոստիկանները դիմել նման գործողությունների։

«Մի շինծու բան է, այդ գաղտնալսման հետ կապված անհայտ էլ է, իրե՞նք են, իրե՞նք չեն խոսողները։ Փաստը, որ այդ ձայնագրությունը դարձել է հիմք՝ արդեն իսկ խայտառակություն է, որովհետև անօրինական գաղտնալսումը արդեն հանցանք է, որի շուրջ պետք է հարուցվեր քրեական գործ։ Բայց մի քանի ամիս առաջ հարուցված քրեական գործը, չգիտես ինչու, հիմա նոր հիշել են, որ նման քրեական գործ կա, և հիմա էլ երեք հոգու ձերբակալել են։ 72 ժամ հետո կդիմե՞ն դատարան, թե՞ ոչ, ուղղակի անհայտ է, ուղղակի խայտառակ հիմքով մարդ են ձերբակալում, թեև այս իշխանության համար սովորական է, դատարկ թղթի հիման վրա էլ կարող են մարդու կալանավորել, իսկ տասնյակներով ու հարյուրներով արդեն եղել են»,-նշեց Գեղամ Մանուկյանը։

Ըստ պատգամավորի, ձերբակալվածները Արարատի ու Արտաշատի ՀՅԴ կառույցների ներկայացուցիչներից են, ընդ որում, նրանցից մեկը 3 անչափահաս երեխաների հայր է՝ ապրիլյան և 44-օրյա պատերազմի մասնակից։

«Նրա տան խուզարկության արդյունքում տարել են նրա՝ զենքով լուսանկարները, որն ունեցել է մարտական գործողությունների ժամանակ։ Հիմա չի բացառվում, որ վաղը, ի սեր Թուրքիայի ու Ադրբեջանի, դրա հիման վրա մարդուն մեղադրանք ներկայացնեն»,-շեշտեց Գեղամ Մանուկյանը։

Թե ինչու հենց հիմա նման գործողություններ սկսեցին ՀՅԴ-ականների նկատմամբ, երբ Արցախը գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ, Գեղամ Մանուկյանը պատասխանեց, որ մի քանի տեսակետ կա, դրանցից մեկը հետևյալն է.

«Ինչ-որ բան է այս իշխանությունը պատրաստվում զիջել և փորձելու է բոլոր ակտիվ դիմադրության պատրաստ մեր հայրենակիցներին, ամեն մեկին մեկուսացնել։ Չհաջողվող սցենար է, բայց նրանք ամեն միջոցի պատրաստ են դիմել»։

Այս խորագրի վերջին նյութերը