Լրահոս

26.09.2011 17:34


Թաղապետը պարտավոր է ներողություն խնդրել երեխաներից «բոմժ» խոսքի համար. «Խոսքի իրավունք»

Մի քանի օր առաջ  «Խոսքի իրավունք» միավորումը հայտարարություն տարածեց, որում մտահոգություն էր հայտնում Արաբկիրի թիվ 26 մանկապարտեզի քանդման վերաբերյալ: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում էր որ, մեր համաքաղաքացիները հոգնել են պետական ատյանների կողմից անտեսված լինելուց: Նրանից, որ հասարակ մարդու սովորական ցանկությունը հաշվի չի առնվում, որ փող ունեցողը տրորում և ոտնատակ է անում մնացածի իրավունքները: Փող ունենալու դեպքում կարող ես երեխայի խաղահրապարակի փոխարեն քեզ ավտոտնակ կառուցել, քո անճոռնի ու այլանդակ կառույցը չեն քանդի, իսկ օրվա հացին կարոտ մարդու փոքրիկ կրպակը կքանդեն: Այդ հաղորդագրության մեջ, որը նախորդել էր Անկախության 20 ամյակի օրվան ասվում էր նաև որ, այսօրվա երեխաները, որ վաղը պիտի ասեն  «Հայաստանը ես եմ» ոչ ոքի պետք չեն:

Իրականությունը ցույց տվեց, որ այդ խոսքերը, որքան էլ կտրուկ և կոպիտ են հնչում, այնուամենայնիվ, չափազանցեցված չեն, քանի որ ավելի կոպիտ և վիրավորական բառ օգտագործեց Արաբկիրի թաղապետը երեխաների հասցեին: «Առավոտ» թերթից տեղեկացանք, որ նա երեխաներին անվանել է բոմժ: Իսկ թերթի այն հարցին, թե ինչո՞ւ է երեխաներին բոմժ ասել ու ի՞նչ է նկատի ունեցել: Նրա խոսքերով՝ «Իրենք (ծնողները) բացատրություն ուզեցին, թե ինչից է, որ մանկապարտեզներում տեղ չկա, ես էլ բացատրեցի, որ քանի որ անվճար են դարձել մանկապարտեզները, բոմժեր կան, որոնք աղբամաններից են հաց վերցնում, առավոտ 8.30-ից երեխեքին բերում են, իրիկունը 6-ին տանում են, այստեղ իրենց երեխային կերակրում են, լվացացնում են, դրա համար տեղ չկա մեր մանկապարտեզներում»

Իշխանության ներկայացուցչի կողմից նման վիրավորանքը ցինիզմի դրսևորում է: Դա հիասթափեցրեց մարդկանց և հերթական անգամ հողին հավասարեցվեց պաշտոնյայի՝ առանց այդ էլ վարկաբեկված կերպարը:

«Խոսքի իրավունք» միավորումը կոչ է անում ՏԻՄ ներկայացուցչին ներողություն խնդրել այդ բառի համար:

«Խոսքի իրավունք» միավորում

Այս խորագրի վերջին նյութերը