Քաղաքական

26.01.2023 11:14


Հրդեհից զոհված զինծառայող Պալյանի հայրը Փաշինյանին 3 օր ժամանակ է տալիս իր հետ հանդիպելու համար (տեսանյութ)

Հրդեհից զոհված զինծառայող Պալյանի հայրը Փաշինյանին 3 օր ժամանակ է տալիս իր հետ հանդիպելու համար (տեսանյութ)

Պողոսյանների ընտանիքում 6 ամիս է՝ սուգ է, տան անկյունում միակ որդուց՝ Պալյանից մնացած հուշերի անկյունն է։ Վեց ամիս անց մի միտք կա, որը ծնողներին հանգիստ չի տալիս և թույլ չի տալիս հաշտվել կորստի հետ՝ «հնարավոր էր փրկել»:

15 զինծառայողի կյանք խլած որղբերգական հրդեհը նորից թարմացրեց Պողոսյանների վիշտը։ 6 ամիս առաջ Սյունիքի մարտական դիրքի վագոն-տնակում հրդեհը խլել էր նրանց 19-ամյա որդու՝ Պալյանի կյանքը։

Պալյանը այրվածքներ էր ստացել դիրքերում զինվորների հանգստի համար նախատեսված վագոն-տնակում տեղադրված վառարանից բռնկված հրդեհից։ Մայրը սարսափելի մանրամասներ է պատմում դեպքից: Ասում է՝ որդին և ևս 3 զինծառայող փակված են մնացել վագոն-տնակում, մինչև հերթապահը կհասներ ու կբացեր դուռը։ Դրանից հետո էլ իրենց որդին խոր այրվածքներով 5 ժամ դիրքում է մնացել՝ առանց բուժօգնության, ծառայակիցները, որոնք ավելի թեթև վնասվածքներ ունեին, Պալյանի մարմնի կրակը ջրով և հողով են հանգցրել։

«Կապի դուրս չեն կարողացել գալ, սպասել են մինչև լույսը բացվի, այդպես մերկ, վառած մարմնով, ցրտին մինչև լույս 6:30-ից 7-ը սպասել են, որ օգնության գան: «Վիլիսով» տղաս վառած մարմնով նստած հասցրել են Սիսիանի հոսպիտալ, այնտեղ ցավազրկել ու տեղափոխել են Երևան: Տղաս իր ոտքով է հիվանդանոց գնացել առնական էր, շատ ուժեղ էր ֆիզիկապես»,-NEWS.am-ի հետ զրույցում պատմում է մայրը՝ Գալյա Այվազյանը:

Դեպքից միայն մոտ տասը ժամ անց են Պալյանին Այրվածքաբանության կենտրոն հասցրել և ռեալ բուժօգնություն ցուցաբերել։ Նրա մարմնի 60 տոկոսն այրված էր, շնչուղիները՝ 20 տոկոս. 10 օր կյանքի համար պայքարելուց հետո երիտասարդը մահացել է։ Մայրը՝ տիկին Գալյան պատմում է, որ որդին գիտակցության է եղել, նրան 3-4 օր խնամել է:

Ծնողները վստահ են՝ իրենց որդին կրփկվեր, եթե նրան ժամանակին հիվանդանոց հասցնեին, դիրքերից արագ իջեցնեին և ուղղաթիռով Երևան տեղափոխեին։

Պալյանի՝ այրվածքներ ստանալու մասին նրա ծնողներին ոչ Պաշտպանության նախարարությունն է տեղյակ պահել, ոչ տարածքային զինկոմիսարիատը, դեպքից 2 օր անց միայն զինակից ընկերներն են զանգահարել:

«Դա սովորական ծեծռտուք չէր, որ իրենք այդպես շատ հանգիստ թաքցրեցին մեզանից, չգիտակցեցին, որ այստեղ կյանքի պայքար է գնում: Ոչ մեկը ոչ զանգեց, ոչ տեղեկացրեց, թե էսպիսի դեպք է պատահել ծնողներ, հասեք ձեր երեխու օգնությանը»,-ասում է մայրը:

Ծանր հոգեբանական վիճակում գտնված ծնողները ստիպված են եղել նաև բժիշկների կարգադրություները կատարել՝ որդու համար դեղորայք և այլ պարագաներ պետք է ժամանակին հասցնեին հիվանդանոց:

10 օրվա ընթացքում, մինչ որդին վերակենդանացման բաժնում էր, ծնողները դրսում են մնացել, հիվանդանոցում նրանց մնալու տեղ չեն հատկացրել, որևէ պատկան մարմնից ներկայացուցիչ չի այցելել նրանց, օգնություն չի առաջարկել: Միայն 8-րդ օրը հիվանդանոց է եկել Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:

«Նույնիսկ մեկ աթոռ մեզ չեն տվել, որ մենք նստենք, պալատ չեն ունեցել մնալու, դրսում Աստված կանչելով թափառել ենք»,-ասում է մայրը:

Պալյան Պողոսյանի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական գործ՝ նույն անզգուշության հոդվածով, ինչ 15 տղաների կյանք խլած հրդեհի դեպքում։ Վեց ամիս անց գործով որևէ մեղադրյալ չկա, նույնիսկ դատաբժշկական փորձաքննության արդյունքները մինչև հիմա հայտնի չեն:

Նախարարությունը դեպքի մասին պաշտոնապես հաղորդել է դրանից միայն 8 օր անց։ Ծնողները որդու մահվան մեջ մեղադրում են դիրքի հերթապահ Կարեն Քյարամյանին, որը հերթապահի պարտականությունները պատշաճ չի կատարել և իշխանություններին։

Նրանք վստահ են՝ եթե իրենց որդու մահվան մեղավորները պատժվեին, 15 զոհերը չէին լինի. «Եթե հետևողական լինեիք չէինք ունենա այն ինչ հիմա ունեն. ևս 15 ընտանիքի ծուխ մարեցիք: Այս ցավն իրենք իրենց մաշկի վրա պիտի զգան»:

Ծնողները ամեն օր Պալյանի շիրիմին են այցելում, զարմանում են՝ ինպե՞ս կարող է պետությունն այդքան անտարբեր լինել զինվորի կորստի ու նրա ծնողների վշտի նկատմամբ։

«Գիշերը քուն ունենք: Սպասում ենք, որ մեր էս անտերուդուս կառավարոթյունը մի տեղեկությունը հայտնի: Սկզբի օրվանից առ այսօր ամփութությունների շարան է: Իր անկազմակերպ բանակի երեսից մեր երեխեքին տուր տվեցինք, այդ անկազմակերպությունը ես իմ աչքերով եմ տեսել: Եղավ 6 ամիս ես ես կուզեմ ձեզ հետ հանդիպել, ձեր այդ կոչեցյալ նախարարի հետ, առ այսօր ոչ մի պատասխան. խաբելով, քնցնելով 6 ամիս անցկացրին, ու հիմա ես ամեն ինչի ընդունակ եմ, ամենածայրահեղ քայլերի»,-ասում է Պալյանի հայրը՝ Ջիվան Պողոսյանը:

Պալյանի հայրն ասում է՝ համբերությունը սպառվել է։ Նա պահանջում է հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. «Հարցիս պատասխան տվեք, 3 օր ժամանակ եմ տալիս, եթե չպատասխանեցիք, ճանապարհը կփակեմ, ամենավերջին ձևերով ձեզ խայտառակ եմ անելու: Ես ձեր պատասխանին եմ սպասում»:

Պալյանը Շիրակի մարզի Ազատան գյուղից էր, սովորում էր Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում, նաև երաժիշտ էր, դաշնամուր ու ակորդեոն էր նվագում, որպեսզի իր ծառայությունը ծնողների համար հեշտ անցնի, պարբերաբար նրանց էր ուղարկում իր կատարումների տեսանյութերը:

Այս խորագրի վերջին նյութերը