Լրահոս

28.09.2011 12:37


Հ. Հովհաննիսյան. «Եթե Սերժ Սարգսյանը միանա Տեր–Պետրոսյանի ուղեգծին, ապա Քոչարյանը դառնալու է առանցքային ընդդիմադիր գործիչ»

Հ. Հովհաննիսյան. «Եթե Սերժ Սարգսյանը միանա Տեր–Պետրոսյանի ուղեգծին, ապա Քոչարյանը դառնալու է առանցքային ընդդիմադիր գործիչ»

Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանի և քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի այսօրվա համատեղ ասուլիսում պատասխանելով այն հարցին, թե Ռուսաստանում տեղի ունեցած Պուտին–Մեդվեդև վերադասավորումները Հայաստանի քաղաքական դաշտում որևէ փոփոխություն մտցնելո՞ւ են, ՀՀԿ պատգամավորն ասել է, թե Հայաստանի Հանրապետությունում ընտրություն կատարում է ժողովուրդը։

Հարցին, թե Քոչարյանը հրապարակային քաղաքականություն վերադառնալո՞ւ է, բանախոսը նշել է, թե քանի դեռ Քոչարյանն այդ մասին չի հայտարարել, ինքը չի ցանկանա մեկնաբանել՝ հավելելով, որ քաղաքականության մեջ ոչինչ չի բացառում։

Մեկ այլ հարցի, այն է՝ Պուտինի վերադառնալուց հետո Ռուսաստանը կարո՞ղ է փոխել վերաբերմունքը Հայաստանի ներկայիս իշխանությունների նկատմամբ, Հ. Սահակյանը պատասխանել է, թե այդքան էլ հակված չէ այդ տեսակետին։

–Մեր համագործակցությունը շատ ավելի խոր է, քան թե անձերի մակարդակով հարաբերությունները,–ընդգծել է նա։

«Եթե ՀԱԿ-ը իր քաղաքական հեռանկարը կապի այն տեսակետի հետ, որ ինքը կարող է պահանջված լինել Սերժ Սարգսյանի համար որպես գործոն, որը կչեզոքացնի Քոչարյանի ակտիվացումը, և դրա հաշվին կարողանա ակտիվացնել իր դերակատարությունը ՀՀ քաղաքական կյանքում, կհայտնվի այն նույն իրավիճակում, ինչ վիճակում հայտնվեցին Ռուսաստանի լիբերալները, որոնք հույս ունեին Պուտին-Մեդվեդև հակամարտության արդյունքում ակտիվանա»,–ասել է Հ. Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ ռուսաստանյան իրականության մեջ կատարված փոփոխությունը Սերժ Սարգսյանին ստիպելու է կողմնորոշվել, թե ինչ գծով է գնալու ինքը։

Ըստ նրա՝ հայկական քաղաքականության մեջ կա երկու գիծ՝ Լևոն Տեր–Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի, որոնք տարբերվում են ԼՂ հիմնահարցի լուծման վերաբերյալ կողմերի ունեցած տարբեր տեսակետներով։

Հովհաննես Սահակյանը հակադարձել է, թե համամիտ չէ, որ երկու գիծ կա։

–Մեր գիծն ավելի լայն է, մենք ավելի համարձակ քայլերի ենք գնում, ավելի կառուցողական ենք և զուրկ ենք այն կոմպլեքսներից, որ մեզ կարող են քննադատել,–ասել է նա։

Անդրադառնալով Քոչարյանի քաղաքական վերադարձին՝ Հ. Հովհաննիսյանն ասել է, թե Ռոբերտ Քոչարյանը իշխանությունից չի հեռացվել, նա քաղաքականության մեջ եղել է և կա։

–Եթե Սերժ Սարգսյանը հստակ միանա Տեր–Պետրոսյանի ուղեգծին, ապա Քոչարյանը դառնալու է առանցքային ընդդիմադիր գործիչ։ ,–ընդգծել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը