Մեկնաբանություն

02.10.2011 13:36


Հաճախորդացման հրապարակային փուլն սկսել ա

Հաճախորդացման հրապարակային փուլն սկսել ա

Շուրջօրյա հանրահավաքների մեկնարկային իր ելույթում Լևոն Տեր–Պետրոսյանը ոչ թե ընթերցեց նախապես պատրաստած տեքսը, այլ բանավոր ներկայացրեց իր խոսքը, իսկ նման դեպքերում, որպես կանոն, մարդիկ ավելի անկեղծ են լինում և ի ցույց դնում իրենց ներքին հոգեվիճակը։

ՀԱԿ առաջնորդի ելույթից պարզվեց, որ ինքը վախեցած է։ Շատ է վախեցած։ Անչափ է վախեցած։ Այնքան է վախեցած, որ «Սերժիկ, հեռացի՛ր» գոռացողների դեմ կանգնած որևէ բառ չի խոսում «հեռացիրի» սուբյեկտի մասին, այլ անդրադառնում է Ռոբերտ Քոչարյանին, ով ներկայումս պաշտոնաթող նախագահ է։

Ծիծաղելին այն էր, որ Տեր–Պետրոսյանը խորհուրդ տվեց բոլորին չխոսել Քոչարյանի մասին, քանի որ նա չի կարող իրենց համար խնդիրներ առաջացնել, բայց «հիմա» պահանջող հանրահավաքի ժամանակ իր ելույթի մեծ մասը նվիրեց ... Քոչարյանին։

Տեր–Պետրոսյանը հայտարարեց, թե Քոչարյանը գործոն չէ, բայց ավելի քան 30 րոպե խոսեց նրա մասին՝ ինքն իրեն ու թիմակիցներին հանգստացնելու փորձ անելով. ում մոտ ինչ ցավում է՝ նա դրանից էլ խոսում է։

Տեր–Պետրոսյանի վախն այնքան ակնհայտ էր, որ նա կոչ արեց թերթերից մեկին ընդհանրապես չանդրադառնալ երկրորդ նախագահին, քանի որ այդպիսով նրա PR–ն են անում, բայց գյալաջիությունը վերսկսելու պահանջով սկսած շուրջօրյա հանրահավաքի իր առաջին ելույթում ակամայից զբաղվեց Քոչարյանի PR–ով։ Տեր–Պետրոսյանին, ակնհայտորեն, հունից հանում է անգամ Քոչարյանի լուսանկարը, որը նա թերթերում տեսնելիս՝ ընկնում է հոգեխանգարմունքի մեջ ու սկսում «ինքնաբուխ» ելույթ ունենալ։ Սակայն թույլ տանք մեզ կանխատեսել, որ չնայած խոստմանը, որ այլևս անդրադարձ չի լինելու Քոչարյանի թեմային ու չնայած Լևոնի՝ երկրորդ նախագահին այլևս չանդրադառնալու թերթերից մեկին հղած կոչին՝ և՛ ինքը, և՛ այդ թերթը կշարունակեն խոսել Քոչարյանի մասին, քանի որ բնազդը և պատվիրատուն երկու սուբյեկտներին էլ ստիպելու են դա անել։

Դասախոսություններ կարդալու հայտ ներկայացրած Տեր–Պետրոսյանն այնքան էր տարված Քոչարյանի դեմ սերժահաճո ելույթի ներկայացմամբ ու այնքան էր իրար խառնվել երկրորդ նախագահի ակտիվացման հեռանկարով, որ նույնիսկ ռեվերանսներ արեց իր կողմից ժամանակին բռնի կերպով փակված ՀՅԴ–ի ու, իր ձևակերպմամբ, հայաստանաստեղծ ԲՀԿ–ի հասցեին՝ միաժամանակ կոչ անելով նրանց հանկարծ չսատարել Քոչարյանին, այլապես, ««էջմիածնական միաբանները» գործողության մեջ» ծրագրի շրջանակներում, կսկսի կծոտել այդ երկու կուսակցություններին։

Մեզ մնում է միայն արձանագրել, որ Քոչարյանի նկարն անգամ հոգեբանական ծանր ազդեցություն է թողնում ՀԱԿ առաջնորդի վրա, ու վերջինս այնպիսի վարքագիծ է դրսևորում, որ մատնում է իր ներքին տագնապները՝ կամա թե ակամա համալրելով ժողգործիքների շարքերը։

Հաշվի առնելով ներքաղաքական զարգացումների որոշ նրբերանգներ՝ կարող ենք արձանագրել նաև, որ «արմատականների» առաջնորդն իր պահվածքով ինքնաառաջադրվեց որպես գեղամյանական դպրոցի հետևորդ։ Ավելին, Տեր–Պետրոսյանը հարկավորներին հասկացրեց, որ, ի տարբերություն Արտաշես Մամիկոնիչի, ինքը պատրաստ է ազգային գործիքի դերակատարումը ստանձնել առանց խնամու տուն այցելելու՝ ելնելով, այսպես ասած, «գաղափարական» ու հոգեբանական նկատառումներից։ Պատահական չէր, որ Տեր–Պետրոսյանը կրկին հիշեց Եղիազար Այնթապցուն ու զարմանք հայտնեց, թե ինչու այդքանից հետո Սերժ Սարգսյանը չի նկատում իրեն կամ եթե նկատում էլ է, ապա ոչ այն ձևով ու ոչ այն չափ, որքան անհրաժեշտ է։

Սերժ Սարգսյանի գութը և բանականությունը «շարժելն» է, թերևս, պատճառ դարձել այն բանին, որ իշխող կոալիցիայի ՀԱԿ–ի հետ «երկխոսող» աշխատանքային խմբի համար անսպասելիորեն Տեր–Պետրոսյանը, առաջնորդվելով ականավոր կոնգրեսական գործիչ Տիգրան Առաքելյանի բերդից ուղարկած SMS–ով, շտապեց նետվել «երկխոսության» տիրույթ, քանի որ երկու վախը մի մահ է, իսկ նա այնքան է ուզում ապրել, որ պատրաստ է անգամ անձրևի տակ թրջվել ու թրջել մյուսներին՝ հանուն Սերժ Սարգսյանի իշխանության կայունության երաշխիքը դառնալու հեռանկարի և հանուն այն բանի, որ նա (դե Քոչարյանը, էլի) հանկարծ չվերադառնա։

Ստացվում է, որ Տեր–Պետրոսյանը պայքարում է ոչ թե Ս. Սարգսյանի հեռացման համար, այլ Քոչարյանի վերադարձի դեմ, իսկ արտահերթ ընտրությունների պահանջը տվյալ դեպքում վերածվում է Սերժի վերարտադրման տեխնոլոգիական ճանապարհի, որն առաջարկում է ՀԱԿ առաջնորդը։ Չնկատել այս ամենը՝ նշանակում է լինել զոմբիացած «Լևոնի վկա» կամ ինչ–ինչ խնդիրներից ելնելով հաճախորդացման անպատվաբեր ուղին բռնած մեկը։ Ասել է թե՝ 2008–ին Տեր–Պետրոսյանի նետած բոլոր բումերանգները հիմա վերադառնում են իրեն ու նա հիմա իր մաշկի վրա կզգա «ով մեզ հետ չէ՝ տականք է» ձևակերպման ամբողջ «հմայքը»։

«Ախր ա՛յ Սերժ, մի՞թե չես տեսնում, որ մենք ընդհանուր թշնամի ու, հետևաբար, նաև ընդհանուր շահեր ունենք։ Օգտագործի՛ր ինձ որպես գործիք՝ Քոչարյանի դեմ պայքարելու և վերարտադրվելու համար։ Մեզ էլ հետո ԱԺ–ում ինչ կտաս, կտաս։ Մենք մաքսիմալիստ չենք»։ Սա՛ է Տեր–Պետրոսյանի հիմնական մեսիջը, որը նա փորձում է տեղ հասցնել հանրահավաքային իր ելույթների միջոցով։ Այդ մեսիջը Լևոնը կձգտի տեղ հասցնել նաև նախագահի աշխատակազմի հետ կոնտակտ–պերսոն նշանակված Մանուշակ Պետրոսյանի միջոցով։

Կարծում ենք, որ իշխանություններն ըստ արժանվույն կգնահատեն ոմանց նեոգեղամյանացման հայտը և կսեղմեն իրենց մեկնած «արժանապատիվ» ձեռքը։ Եվ ուրեմն՝ հաճախորդացման գործընթացի շրջանակներում «երկխոսությունը» կվերականգնվի, քանի որ սկսել ա...

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Հանրահավաքի ժամանակ Լ. Տեր–Պետրոսյանը հայտարարեց, թե այլ թեմաների հետ մեկտեղ այս մեկ շաբաթվա ընթացքում խոսելու է նաև սովետից մնացած խնայբանկի ավանդներից։ Ինչպես հայտնի է, ավանդների վերադարձից մի ժամանակ սիրում էր խոսել Արթուր Բաղդասարյանը, բայց ԱԽՔ դառնալուն պես մոռացավ այդ մասին։ Հիմա այդ հարցի բարձրացման փոխանցիկ դրոշը, փաստորեն, ՕԵԿ նախագահից վերցնում է ՀԱԿ առաջնորդը. անկանխատեսելի են հաճախորդների ճակատագրերը և հետաքրքիր կերպով դրանք նույնանում են։

Ի դեպ, արժե հիշեցնել, որ Տեր–Պետրոսյանի իշխանության տարիներին մարդկանց ավանդները վերադարձնելն ու ընդհանրապես այդ հարցը բարձրացնելը համարվում էր էժանագին պոպուլիզմ։ Ահա այսպիսի բաներ։

Այս խորագրի վերջին նյութերը