Քաղաքական

13.03.2023 13:43


Ապրում ենք փողոցում, վրանների տակ, երկու տարի սպասեցինք, ինչ-որ բան ստեղծեցինք, հետո վռնդեցին տներից․ ՊՆ նախկին շենքի բնակիչ

Ապրում ենք փողոցում, վրանների տակ, երկու տարի սպասեցինք, ինչ-որ բան ստեղծեցինք, հետո վռնդեցին տներից․ ՊՆ նախկին շենքի բնակիչ

Հավաքվել ենք ՊԵԿ-ի դիմաց՝ մեր հարցերի պատասխանները ստանալու, երեք հիմնական հարց ունենք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացնող ՊՆ նախկին շենքի բնակիչներից մեկը։

«Մեզ ինչու են մեր տներից դուրս հանել, ինչու են կտրել լույսը, ու ինչու են շենքի բնակիչները դեռևս գտնվում անորոշ վիճակում։ Ո՞ւր էին մինչև հիմա, եթե պետական գույք է, ապա ինչո՞ւ էին նախկինում թողնում, որ մենք ներս մտնենք, ինչո՞ւ սպասեցին, որ մարդիկ 2 տարի այնտեղ ինչ-որ բան ստեղծեն, բնակվեն, հետո այդ մարդկանց թալանեն ու վռնդեն այնտեղից»,-ասաց շենքի բնակիչը։

Հարցին՝ հիմա որտե՞ղ են բնակվում, բնակիչը նշեց․

«Մենք հիմա ապրում ենք նախկին ՊՆ շենքի դիմացի փողոցում, վրանների տակ։ Մենք պայքարելու ենք վերադառնալու համար։ Մինչ այս պահը այս հարցով դիմել ենք և՛ դատարան, և՛ նախարարություն, բայց ոչ մի տեղից դեռ արձագանք չկա»։

Հիշեցնենք, որ 2022 թվականի ապրիլի 15-ի որոշումով՝ Կառավարությունը ՊՆ նախկին շենքը ամրացրել է ՊԵԿ-ին՝ այն արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) կենտրոն դարձնելու նպատակով։

Փետրվարի 16-ին շենքից վտարված քաղաքացիները բողոքի ակցիաներ են իրականացնում, նրանք ցանկանում են Կառավարության որոշում, ըստ որի՝ շենքին կտրվի բնակելի կարգավիճակ, իսկ իրենք կկարողանան վերադառնալ իրենց բնակարաններ։

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը