Քաղաքական

16.03.2023 19:11


Զախարովան Փաշինյանի հայտարարությունը մեկնաբանելիս հիշել է Բուլգակովին և Ստանիսլավսկուն (տեսանյութ)

Զախարովան Փաշինյանի հայտարարությունը մեկնաբանելիս հիշել է Բուլգակովին և Ստանիսլավսկուն (տեսանյութ)

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) դուրս է գալիս Հայաստանից:

Մարտի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ ոչ թե Հայաստանն է դուրս գալիս ՀԱՊԿ-ից, այլ կազմակերպությունը, «ցանկանալով դա, թե չցանկանալով, դուրս է գալիս Հայաստանից», և այդ հանգամանքը մտահոգում է Երևանին։

«Երբ ես կարդացի սա, չգիտես ինչու հիշեցի երկու այլ մեջբերում՝ «Ով ում վրա էր կանգնած» (Բուլգակով) և «Պետք է սիրել արվեստը քո մեջ, այլ ոչ թե ինքդ քեզ արվեստում» (Ստանիսլավսկի)։ Ես հարցի այս մասը թողնում եմ ձեր հետագա մշակման համար, փորձեք հասկանալ, թե ինչի մասին է խոսքը»,-ասել է Զախարովան։

Ռուս դիվանագետը հիշեցրել է, որ նախապատրաստվել է Հայաստանում ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության ծավալման պլանը, Երևանում կազմակերպության կանոնադրական մարմինների նիստում գործնականում ավարտվել է համապատասխան որոշման մշակումը:

«Դրա հետ մեկտեղ, հայ գործընկերների առանձին պահանջների հետ կապված, որոնք խնդրահարույց էին ՀԱՊԿ մյուս անդամների համար, այդ որոշումն ի վերջո չընդունվեց»,-ասել է Զախարովան:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

***

Մեր կողմի բոլոր պարտավորությունները հստակ շարադրված են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե համաձա՞յն է արդյոք ՌԴ ԱԳՆ-ն Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության հետ, որ «Ռուսաստանը ԼՂ անվտանգության երաշխավորն է»՝ հաշվի առնելով, որ եռակողմ հայտարարության մեջ նման ձեւակերպում չկա։

«Պարզապես պետք է բացել այդ փաստաթուղթը և տեսնել, թե ինչ պարտավորություններ է կրում մեր կողմը: Եվ վերջ, ամեն ինչ բավական պարզ կլինի: Ռուս խաղաղապահներն իրենցից կախված ամեն ինչ անում են, որպեսզի էսկալացիա թույլ չտան և կայունացնեն իրավիճակը երկրի վրա, նույնը անում իրենց պատասխանատվության ոլորտում։ Իհարկե, շատ բան կախված է բոլոր ներգրավված կողմերի հայտարարություններից ու գործողություններից, որոնք, մեր կարծիքով, պետք է լինեն կառուցողական և միտված ընդհանուր հաջողությանը։ Եթե հնչում են հայտարարություններ, որոնք հակասում են հիմնական նպատակին, այն է՝ խաղաղության և կայունության հաստատմանը, տարաձայնությունների հաղթահարմանը, ամենք միշտ ուշադրությունը կենտրոնացնում ենք դրա վրա։

Մենք փորձում ենք դա անել դիվանագիտորեն, ոչ թե դիվանագիտության ավանդույթների պատճառով, այլ որպեսզի հասնենք դրված նպատակին՝ խաղաղություն, կայունություն, գլոբալ կայունություն։ Եվ Հայաստանի ղեկավարության հայտարարությունները մենք դիտարկում ենք որպես այն գծի շարունակություն, որը որդեգրվել է 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում կայացած գագաթաժողովում՝ Եվրամիության հովանու ներքո։ Ուստի թողնում ենք հայկական կողմի խղճին, նկատի ունեմ Հայաստանի ղեկավարության, Լեռնային Ղարաբաղի ճակատագրի համար երրորդ երկրների վրա պատասխանատվությունը դնելու փորձերը»,-ասել է Զախարովան։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը