Քաղաքական

26.03.2023 21:51


Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. ՌԴ ՊՆ

Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Երեսուն դիտակետում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Դրանում նշվում է, որ Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. զոհեր և վիրավորներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի ուժերը հետաքննում են այս փաստը։

Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղով։ Գորիս-Ստեփանակերտ երթուղով ապահովվել է մարդասիրական բեռներ բարձված խաղաղապահ զորակազմի ավտոշարասյան անցումը։

Ռուսական խաղաղապահ զորակազմի ինժեներ-սակրավոր խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը։ Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից մինչ օրս չպայթած ականներից ու արկերից մաքրվել է 2522,5 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1940 շինություն, հայտնաբերվել և վնասազերծվել է 26779 պայթուցիկ առարկա։

Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ, ասվում է տեղեկագրում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ: Այս մասին հայտնել էին Արցախի ՆԳՆ ոստիկանությունից:

Ըստ հաղորդագրության՝ մարտի 26-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունքում հաղորդում է ստացվել, որ ժամը 10:10-ի սահմաններում Սոս գյուղի բնակիչներ՝ Ռազմիկ Հարությունյանը և Երվանդ Բալայանը գյուղի վարչական տարածքի «Խզազեն տակ» կոչվող տեղամասի խաղողի այգում էտման և մաքրման աշխատանքներ կատարելիս, հակառակորդի դիրքերից հրաձգային զենքերով անկանոն կրակոցներ են արձակվել նրանց ուղղությամբ։

Նույն օրը` ժամը 11:05-ի սահմաններում, Թաղավարդ գյուղի բնակիչներ՝ Վովա Խաչատրյանը և Ռուբեն Ալավերդյանը նույն գյուղի վարչական տարածքում գտնվող «Շեխերի երես» կոչվող տեղամասի ցորենի դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս հայտնվել են ադրբեջանցի զինծառայողների կրակոցների թիրախում։

Հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր զինատեսակներով անկանոն կրակոցներ են արձակվել Արցախի քաղաքացիների ուղղությամբ։

Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։ Սակայն, հերթական անգամ դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:

Հաղորդագրությունը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը