Քաղաքական

13.04.2023 21:30


Արցախի հանձնումը եղել է Նիկոլ Փաշինյանի վաղեմի ծրագիրը. Իշխանյան

Արցախի հանձնումը եղել է Նիկոլ Փաշինյանի վաղեմի ծրագիրը. Իշխանյան

Երեկ Կառավարություն-Ազգային ժողով (ԱԺ) հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կրկին խոսեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքների մասին, ասաց, որ մինչ Մադրիդյան սկզբունքները ԼՂ-ն երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում և ԽՍՀՄ փլուզման համատեքատում իրացրել է իր ինքնորոշման իրավունքը:

Ըստ նրա՝ Մադրիդյան սկզբունքներում արձանագրվում էր, որ պետք է ճշգրտվի ԼՂ կարգավիճակը, և այդ ճշգրտման մեխանիզմը պետք է համաձայնեցված լինի նաև Ադրբեջանի կողմից: Ապա մեկնաբանեց, որ այդպիսով՝ ինքնորոշվել, նշանակում է՝ լինել մի որևէ տեղ, հետո տեղափոխվել այլ տեղ ինքնորոշման իրավունքի իրացմամբ: Ըստ նրա՝ այդ տեղն Ադրբեջանն է:

168.am–ը Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին հարցրեց՝ ի՞նչ է սրանով ուզում ասել Փաշինյանը, և արդյոք նա անուղղակիորեն չի՞ ասում, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի մաս:

Վերջինս նախ նկատեց՝ անկեղծ ասած, ինձ համար ամենատհաճը վարչապետ կոչեցյալի՝ բոլորին մոլորեցնող խոսքերին պատասխանելն է։ Բայց քանի որ նրա այս խոսքերը կոնկրետ նպատակ են հետապնդում, ապա պետք է բացահայտել այդ ազգակործան նպատակը։

«Նախ վարչապետ կոչեցյալը, չգիտես ինչու, Արցախյան հակամարտության մասին խոսում է Մադրիդյան սկզբունքների և իբր դրանից առաջ եղած «ԼՂ-ն երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում» կարգախոսի մասին։ Չգիտես ինչու, նա «մոռանում» է, թե մինչ Մադրիդյանը, ինչպիսի սկզբունքների շուրջ են ընթացել բանակցությունները։ Ժամանակ չծախսենք և չանդրադառնանք մինչ 1994թ․ հրադադարից առաջ եղածին։

Հիշեցնենք, որ 1988թ․ ստեղծված «Ղարաբաղ» կոմիտեի նպատակը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորումն էր։ Եվ նույն «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ուրանալով իր «սկզբունքները», որոնցով եկել էր իշխանության, բանակցում էր Արցախը փուլ առ փուլ Ադրբեջանին հանձնելու շուրջ։ 1997թ․ նրա գրած հոդվածը՝ «Պատերազմ, թե խաղաղություն», այդ մասին էր։ Բարեբախտաբար, այն տարիներին դեռ թարմ էր ժողովրդի մեջ Արցախը պահելու նպատակը, և Լևոն Տեր-Պետրոսյանի ծրագիրը ձախողվեց»,-ասաց Ավետիք Իշխանյանը։

Ըստ նրա՝ 1998թ․ իշխանափոխությունից հետո նոր իշխանությունների համար բավականին ծանր բանակցային ժառանգություն էր մնացել, քանի որ շատ բարդ էր ամեն ինչ սկսել զրոյական կետից:

«Ինչևէ, պարզ է, որ միջնորդ երկրներն առաջարկել են լուծման տարբեր փաթեթներ։ Հաճախ մեր քաղաքագետ կոչվածներից շատերը հիշեցնում են այդ առաջարկություններից ինչ-որ մեկն ու ոգևորված «ապացուցում»՝ «Տեսեք, արդեն այսինչ թվականին Քոչարյանը կամ Սարգսյանը համաձայնել էին, օրինակ՝ հանձնել Մեղրին, Ղարաբաղը և այլն»՝ առանց հիշատակելու, որ դրանք ընդամենը եղել են առաջարկություններ»,-ասաց Ավետիք Իշխանյանը:

Իրավապաշտպանի խոսքով՝ համենայն դեպս, մինչ Մադրիդյան սկզբունքները հատկապես Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից չի հնչել, որ Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում։ Մադրիդյան սկզբունքներում արդեն հստակ ամրագրված էր ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, որն արդեն մեծ առաջընթաց էր՝ նախկին, փուլ առ փուլ Արցախի հանձնման բանաձևի համեմատ։

«Անձամբ ինձ դո՞ւր էին գալիս Մադրիդյան սկզբունքները… Իհարկե, ոչ այնքան, բայց և հասկանում էի, որ Մինսկի խումբը փնտրում է որոշակի կոմպրոմիսներ կողմերի միջև և, ինչպես նշեցի, մեզ ծանր բանակցային ժառանգություն էր մնացել, և բավականին բարդ էր միջնորդների բոլոր առաջարկությունները մերժել։ Սակայն հիշում եմ նաև, երբ հայկական կողմի վրա ճնշումներ էին լինում, դրանք արժանանում էին դիմադրության, օրինակ՝ 2006թ․ Ռամբույեում, երբ հայկական կողմին ստիպում էին գնալ միակողմանի զիջումների, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրապարակային բոյկոտեց բանակցությունները, վերադարձավ Հայաստան և շատ խիստ հայտարարությամբ հանդես եկավ, ընդհուպ՝ Հայաստանի կողմից Արցախի ճանաչում, որը, ցավոք, չիրականացավ: Ամեն դեպքում միջնորդ երկրները մեղմեցին իրենց մոտեցումները, և ծնվեց Մադրիդյան սկզբունքները, որտեղ Արցախի ինքնորոշում նշանակում էր՝ չլինել Ադրբեջանի կազմում, ուրիշ ոչինչ, ա՛յ վարչապետ կոչեցյալ»,-հիշեցրեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահը:

Մինչ 2020թ. Արցախի հակամարտության, այսպես կոչված, ստատուս-քվոն, ըստ Ավետիք Իշխանյանի, մեզ լիովին ձեռնտու էր։

«Ընթերցողին հիշեցնեմ նաև, որ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ միջնորդ երկրներն իրեն ստիպում էին ճանաչել Արցախի անկախությունը։ Եվս մեկ կարևոր հանգամանք՝ Ադրբեջանի նախագահներ՝ և՛ հայր, և՛ որդի Ալիևները, չէին համաձայնում որևէ փոխզիջման, նրանք պահանջում էին և՛ ազատագրված տարածքները, և՛ բուն Լեռնային Արցախը՝ որպես Ադրբեջանի անքակտելի տարածքներ։ Եվ ես համոզված եմ, որ բանակցություններն ընդամենը ժամանակ ձգելու քող էին պատերազմի պատրաստվելու համար։ Նաև համոզված եմ, որ պատերազմի Ադրբեջանը կդիմեր միայն հարմար առիթի դեպքում։ Եվ այդ «պահը» այսօրվա վարչապետ կոչեցյալը սկուտեղի վրա նվիրեց թշնամուն»,- ասաց Ավետիք Իշխանյանը:

Հարցին՝ ի՞նչ վտանգներ է պարունակում իր մեջ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը, իրավապաշտպանը նախ նկատեց՝ «փորձենք գնահատական տալ վարչապետ կոչեցյալի հայտարարության նպատակներին և պարունակող վտանգներին և հիշեցնենք, որ 2007թ․ խորհրդարանական ընտրություններին մասնակցող, այսօրվա վարչապետ կոչեցյալի գլխավորած «Այընտրանք» դաշինքի գաղափարական սկզբունք էր հռչակված Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածը, այսինքն՝ Արցախը հանձնելու կոնցեպտը։

«Արդեն 2008թ․ նախագահական ընտրություններին նա Լևոն Տեր-Պետրոսյանի ամենաարմատական կողմնակիցն ու քարոզիչն էր։ Հիշենք նաև մարտի 1-ի նրա խոսքերը՝ «Քաղաքը ազատագրենք ղարաբաղցի տականքներից»։ Այսինքն՝ կարելի է համոզված ասել, որ Արցախի հանձնումը եղել է Նիկոլ Փաշինյանի վաղեմի ծրագիրը, և նա հետևողականորեն ձգտել է իշխանության՝ նաև այս ծրագիրն իրականացնելու համար։ Եթե հաշվի առնենք նաև նրա՝ «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր եղած ժամանակ, դեռևս 2001թ. նույն թերթում հրապարակված «Մենք ու մեր շահերը» հոդվածը, որտեղ հիացմունքով ասվում է Մեղրիի, այն է՝ «Զանգեզուրյան միջանցքի» մասին, ապա ամեն ինչ իր տեղն է ընկնում։ Պարզ է չէ՞, որ առանց Արցախը հանձնելու՝ միջանցքի մասին որևէ խոսակցություն չէր կարող լինել»,- նշեց Ավետիք Իշխանյանը:

Իրավապաշտպանը հիշեցրեց նաև 2021թ․ «ընտրությունների» քարոզարշավը։

«Դեռ պատերազմի վերքերը չչորացած՝ Փաշինյանն արդեն խոսում էր խաղաղության, թշնամանքը մոռանալու և ամենակարևորը՝ կոմունիկացիաների մասին՝ հաստատ նկատի ունենալով միջանցքը։ Ինքս համոզված եմ, որ արդեն առնվազն 2001թ այսօրվա վարչապետ կոչեցյալը հավաքագրված է եղել օտարերկրյա ծառայությունների կողմից»,- ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահը:

Այսպիսով, ըստ նրա, Փաշինյանն այս հայտարարություն-խոստովանությամբ ոչ միայն հրաժարվում է Արցախից, այլև վտանգի տակ է դնում Սյունիքը և հետևաբար՝ ողջ Հայաստանը։

Անդրադառնալով նրան, որ Փաշինյանը մեծագույն բացթողում համարեց այն, որ իր ասած այդ «իրողությունը» իրենք 2018-ից չեն բացատրել ժողովրդին, ուրեմն ինչո՞ւ է հիմա այդ մասին ասում, Ավետիք Իշխանյանն ասաց՝ հերթական, ներեցեք՝ բլեֆը։ «Ինչ-որ պահի հասկանալով, կամ նրան իր կուրատորները հասկացրել են, որ բացահայտ հակաարցախյան քաղաքականությունը չի կարող հաջողություն բերել, այսօրվա վարչապետ կոչեցյալն արդեն 2015թ․ «Հայկական ժամանակում» հրապարակում է «Լևոն Տեր-Պետրոսյան․ մեծ խառնակչություն» հոդվածաշարը՝ դրանով իսկ ցույց տալով իր և Լևոն Տեր-Պետրոսյանի՝ իբր գաղափարական տարաձայնությունները։

Այնուհետև նա 2016թ․ Ապրիլյան քառօրյա պատերազմի ավարտից հետո ցուցադրաբար գնաց իբր զորավարժությունների, «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գունդը գրավելու օրերին հանդես եկավ Արցախի պաշտպանության համար թունդ ելույթներով՝ խստորեն քննադատելով Լևոն Տեր-Պետրոսյանին, դառնալով «ոչմիթիզական»։ Այս ամենը նպատակ էր հետապնդում մոլորեցնել բոլորիս, թե նրա համար Արցախը մեծագույն արժեք է, և նա վերանայել է իր նախկին մոտեցումները։ Եվ շատերը, այդ թվում, պետք է խոստովանեմ, ինքս, խաբվեցի։ Այնպես որ, նա, ինչպես ասացի, բլեֆում է: Եթե 2018թ․ նա խոսեր, որ Արցախը հանձնելու է, որ Շուշին ադրբեջանական քաղաք է, որ արցախյան մեր զոհերը զոհվել են հանուն ոչնչի, որևէ մեկը, բացի նրա գործակալ համախոհներից, չէր աջակցի նրան։ Այնպես որ, նրա կուրատորները շատ խելոք խորհուրդներ են տվել՝ «Ստի՛ր, անվերջ ստի՛ր, հասի՛ր իշխանության և կատարի՛ր մեզ տված քո պարտավորությունները, եթե ոչ, ապա ․․․»,-եզրափակեց Ավետիք Իշխանյանը:

Այս խորագրի վերջին նյութերը