Քաղաքական

14.04.2023 16:02


Մեր համագյուղացին իր աշխատավայրում ուղղակի սպանվեց ու ոչ մի պաշտոնական բան չկա․ Ուժանիսի գյուղապետ

Մեր համագյուղացին իր աշխատավայրում ուղղակի սպանվեց ու ոչ մի պաշտոնական բան չկա․ Ուժանիսի գյուղապետ

Այս պահին որևէ նոր բան չկա, բոլորի մոտ էլ նույն վարկածն է պտտվում, որ երեկ հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողն է սպանել Հայրապետին, բայց այնպես չէ, որ բոլորս հաստատորեն սրան ենք հավատում, մենք դեռ պաշտոնական տարբերակին ենք սպասում։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Ուժանիս գյուղի վարչական ղեկավար Սասուն Սարգսյանը՝ խոսելով համագյուղացու՝ Հայրապետ Մելիքսեթյանի սպանության մասին։

Հիշեցնենք, որ երկու օր առաջ սպանություն է տեղի ունեցել Կապանում։ Սպանվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդ 56-ամյա Հայրապետ Մելիքսեթյանը։ Պահնորդը Կապանի թաղամասերից մեկում՝ Շղարշիկում, որը ԶՊՄԿ-ի բազմաթիվ պահակակետերից մեկն է, պոչատար գնացող խողովակաշարի վրա աշխատելիս է եղել։ Նրան սպանել են հրազենով, պատճառներն ու հանգամանքները դեռևս անհայտ են։ Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, դիակի զննությամբ՝ մարմնի վրա հայտնաբերվել է հրազենային 6 վնասվածք, այդ թվում գլխի և որովայնի հատվածում:

Հիշեցնենք նաև, որ երեկ հայտնաբերվել է ապրիլի 10-ին ՀՀ տարածքում հայտնված ադրբեջանցի զինծառայողներից երկրորդը և այս պահին ԶՊՄԿ աշխատակցի սպանության մեջ նա է կասկածվում, քանի որ վերջինիս մոտ հեռախոս են գտել, որը ենթադրվում է, որ սպանված քաղաքացու հեռախոսն է։

«Հիմա Հայրապետի երեխաների հետ խոսել էլ չենք կարող, իրենց հոր հուղարկավորության արարողության կազմակերպմամբ են զբաղված։ Չենք կարող հարցնել, թե այդ ինչ հեռախոս էր, արդյոք իրենց հոր հեռախոսն էր, թե չէ։ Վաղը հավանաբար հնարավոր կլինի այս հարցերը տալ»,-ասաց նա։

Վարչական ղեկավարը նշեց, որ այս պահին իրենց հետաքրքիր է նաև, թե ինչպես ստացվեց, որ ադրբեջանցին կարողացավ ՀՀ տարածքում լայվ մտնել, կոչեր անել։

«Որևէ հարցի պատասխան չկա, մեր համագյուղացին իր աշխատավայրում ուղղակի սպանվեց, ու ոչ մի պաշտոնական բան չկա, թե ինչ է տեղի ունեցել իրականում»,-ընդգծեց Սարգսյանը։

Մանրամասները՝ MediaHub-ում։

Այս խորագրի վերջին նյութերը