Քաղաքական

15.04.2023 09:23


Միրզոյանը կես ժամ ուշացել է Սամարղանդում ընթացող ԱՊՀ ԱԳ նախարարների հավաքից, հետո ասել, որ քնած է մնացել

Միրզոյանը կես ժամ ուշացել է Սամարղանդում ընթացող ԱՊՀ ԱԳ նախարարների հավաքից, հետո ասել, որ քնած է մնացել

Պարզվում է՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը գրեթե կես ժամ ուշացումով է ժամանել Սամարղանդում ընթացող ԱՊՀ արտաքին գործերի նախարարների գագաթնաժողովին, հետո ներս է մտել ու ասել, որ քնած է մնացել։ Այդ մասին 168.am-ին հայտնել են նրա հավաստի աղբյուրները։

Ըստ լրատվամիջոցի զրուցակցի, Միրզոյանի պահվածքը դարձել է միջոցառման կուլուարներում ընթացող թիվ մեկ թեման։

«Նախ ուշացավ արարողակարգային լուսանկարահանումից շուրջ կես ժամով, հետո մտավ բանակցությունների սենյակ ու ասաց, թե քնած է մնացել՝ ներողություն խնդրելով։ Իր պատճառով ամբողջ միջոցառման գրաֆիկը հետ ընկավ, բանակցությունները չէին սկսվում»,-նշել է աղբյուրը։

Զավեշտալին այն է, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ելույթ ունենալով ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում, ապա պատասխանելով լրագրողների հարցերին՝ հայտարարել էր, որ ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովը հանդիպելու են։

«Ես չգիտեմ՝ դուք գիտե՞ք, թե՞ ոչ, բայց մեր արտաքին գործերի նախարարները պետք է այսօր հանդիպեն»,-խրոխտ կերպով հայտարարել էր Ալեն Սիմոնյանը՝ Սանկտ-Պետերբուրգում պատասխանելով ադրբեջանցի իր գործընկերոջը։

Հետագայում, իհարկե, պարզվել է, որ Բայրամովն առհասարակ նույնիսկ Սամարղանդ չի մեկնել, նրա տեղակալն է այնտեղ եղել:

Ինչևէ, Արարատ Միրզոյանն ապրիլի 14-ին առանձնազրույց է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Այս խորագրի վերջին նյութերը