Քաղաքական

17.04.2023 13:51


«Տեղ համայնքում հարձակումից հետո Ներքին Հանդում փոփոխություն չի եղել. վարելահողերը միջդիրքային հատվածում են՝ չենք մշակում». Խաչատուր Բաղդասարյան

«Տեղ համայնքում հարձակումից հետո Ներքին Հանդում փոփոխություն չի եղել. վարելահողերը միջդիրքային հատվածում են՝ չենք մշակում». Խաչատուր Բաղդասարյան

168.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզի Ներքին Հանդ վարչական շրջանի ղեկավար Խաչատուր Բաղդասարյանն ասաց, որ 44-օրյա պատերազմից հետո գյուղի վարելահողի մեծ մասը մնացել է թշնամու հսկողության տակ, իսկ 2022 թվականի սեպտեմբերյան հարձակումից հետո բոլոր վարելահողներն են մնացել միջդիրքային հատվածում։

«Գյուղացիները միայն տնամերձ հողատարածքներն են մշակում։ Վարելահող առհասարակ չունենք, միջդիրքային են ու սեպտեմբերյան հարձակումից հետո անցել են թշնամու վերահսկողության տակ։

Ապրիլի 11-ին Տեղ համայնքում տեղի ունեցած հարձակումից հետո կոնկրետ Ներքին Հանդում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, նկատի ունեմ, թշնամին առաջ չի եկել, որտեղ կանգնած է եղել նախկինում, այնտեղ էլ կանգնել է»,-նշեց Խաչատուր Բաղդասարյանը։

Ըստ գյուղապետի, ցորեն ցանելու հողեր ու խոտհարքեր չունեն, բնակիչները մի քիչ կարտոֆիլ են մշակում տնամերձերում, ու վերջ։

«Խոտհարք չունենք, մարդիկ անասուն էլ չունեն, պահեն՝ որտե՞ղ դաշտ հանեն։ Մինչև պատերազմը բոլորն էլ շատ անասուն են ունեցել, մեծամասամբ անասնապահությամբ են զբաղվել»,-եզրափակեց Խաչատուր Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հարձակման հետևանքով Ներքին Հանդի հատվածից, ինչպես նաև այլ հայկական հատվածներ հայտնվել էին Ադրբեջանի վերահսկողության տակ։

Այս խորագրի վերջին նյութերը