Քաղաքական

28.04.2023 16:25


Հակարիի կամրջի փակվելու հետևանքով Լիսագորի համայնքապետը և ևս 6 բնակիչ մնացել են Գորիսում

Հակարիի կամրջի փակվելու հետևանքով Լիսագորի համայնքապետը և ևս 6 բնակիչ մնացել են Գորիսում

Ադրբեջանի կողմից Հակարիի կամրջի փակելու հետևանքով Լիսագորի համայնքապետ Գագիկ Նասիբյանը և ևս 6 բնակիչ մնացել են Գորիսում և չեն կարողանում վերադառնալ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նասիբյանը:

«Այս պահին մեր գյուղում սննդի և դեղորայքի կարիք չկա։ Մարդիկ օգտագործում են պահեստավորած սնունդը, կարծում եմ՝ մոտ քսան օր կբավականացնի՝ կախված այն բանից, թե ինչպես կօգտագործենք և հետագա իրադարձություններն ինչպես կզարգանան»,-ասաց Նասիբյանը։

Նասիբյանի խոսքով՝ գյուղում մշտական դեղորայքի կարիք ունեցող ծերեր չկան, սակայն կան երեք նորածիններ, որոնք մանկական կերի խնդիր ունեն․ «Դիմել ենք Կարմիր խաչին, որ սնունդ հասցնեն, ինձ թվում է՝ շուտով պատասխանը կստանանք»։

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները և շարունակաբար ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը:

Արցախը Հայաստանին կապող մայրուղու Հայաստանի Հանրապետության հետ սահմանին Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելուց հետո Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Եղցահող, Հին Շեն, Մեծ Շեն և Լիսագոր համայնքների բնակիչները մնացել են լիակատար շրջափակման մեջ, նրանք կտրվել են ինչպես Ստեփանակերտից, այնպես էլ Հայաստանի Հանրապետություն մեկնելու հնարավորությունից:

Այս խորագրի վերջին նյութերը