Մեկնաբանություն

09.06.2023 17:35


Փաշինյանի ու «փաշինյանների» վտանգավոր ու մահաբեր ավտոշարասյունները

Փաշինյանի ու «փաշինյանների» վտանգավոր ու մահաբեր ավտոշարասյունները

Այն, որ Նիկոլ Փաշինյանը վտանգավոր է շրջակայքում գտնվող հայ մարդկանց համար, կարծում ենք, ակնհայտ է: Համենայն դեպս, կա արձանագրված, անհերքելի ու անփոփոխելի դաժան և անողոք փաստ. 2021 թվականի ապրիլի 26-ի երեկոյան, ժամը 18-ի սահմաններում, Նիկոլ Փաշինյանի մարմնի փոխադրմամբ զբաղվող ավտոշարասյան մեքենաներից մեկը (վարորդ՝ Արամ Նավասարդյան) մահացու վրաերթի ենթարկեց երիտասարդ հղի կնոջը՝ Սոնա Մնացականյանին՝ սպանելով թե՛ կնոջը, թե՛ նրա չծնված երեխային:

Արձանագրված մյուս անողոք փաստն այն է, որ վրաերթից հետո Նիկոլ Փաշինյանն ու նրա ավտոշարասյունը շարունակեցին իրենց ընթացքը՝ տուժողին թողնելով անօգնական վիճակում:

Արձանագրված ու անհերքելի փաստ է և այն, որ Նիկոլ Փաշինյանը գործնականում պատասխանատվությունից ազատել է իր ավտոշարասյան տվյալ մեքենան վարած ու հղի կնոջը և նրա չծնված երեխային սպանած վարորդին, որը առոք-փառոք, ողջ-առողջ, շարունակում է վայելել կյանքի բերկրանքը:

Բայց վտանգավոր է ոչ միայն Նիկոլ Փաշինյանի մահաբեր ավտոշարասյունը, այլև նրա ենթակա մյուս ավտոշարասյունյալ պաշտոնյաների: Նախօրեին ոչ այլ ոք, այլ «թավշյա» երկրաքանդության նկատելի շահառուներից ոչ անհայտ, ավելի ճիշտ՝ տխրահռչակ, Դանիել Իոաննիսյանը աղմուկ բարձրացրեց, որ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի ավտոշարասյան պատճառով, հունիսի 8-ին, ժամը 8։45-ի սահմաններում, Գրիգոր Լուսավորիչ փողոցում վթարի է ենթարկվել «Ֆորդ ֆոկուս» մակնիշի ավտոմեքենա, վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Վթարի հետևանքները կարող էին շատ ավելի ծանր լինել, քանի որ շրջված մեքենան բախվել է այլ մեքենաների ևս, որոնցից մեկը՝ երթուղային միկրոավտոբուս է եղել:

Այս տեղեկության մեջ ուշագրավ է միանգամից մի քանի բան:

Նախ, բանից պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանի ՆԳ նախարարը ավտոշարասյան ուղեկցությամբ է տեղաշարժվում: Եթե իջևանցի ՆԳ նախարարն ավտոշարասյուն չունենար, երևի նրա խանչյալի քարը կամ ուսադրի աստղն ընկնեին: Ախր իրենք պապական ավտոշարասյուններով են դեսուդեն շարժվել:

Մյուս հատկանշական պարագան այն է, որ այս միջադեպի վերաբերյալ ամենից ակտիվ աղմկողը Դանիել Իոաննիսյանն է, բայց «թավշիստների» ներքին իրարուտոցին թողնենք իրենց:

Երրորդ հատկանշական հանգամանքն այն է, որ հանրության ու շրջակայքում հայտնված հայ մարդկանց համար վտանգավոր ու մահաբեր է ոչ միայն Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը, այլև նրա ենթակա այլ «թավշիստների» ատոշարասյունները («քայլողներին» տեսե՜ք):

Եվ վերջապես, հատկանշական հանգամանք է այն, որ հանրության ուշադրությունում հայտնված դեպքի վերաբերյալ այսպես ասած՝ «քննությունը» բոլոր ճիգերը գործադրում է, որպեսզի կատարվածի համար պատասխանատվությունից ազատի ՆԳ նախարարին և նրան ուղեկցող ավտոշարասյան մեքենայի վարորդին: Դե, սա արդեն «կլասիկա» է. «Ռաֆիկ նիվչյոմ նէվինավատ...» հայտնի սքեթչի տարբերակով: Այսինքն, ինչ էլ լինի, նույնիկ ամենից բացահայտ եղելության դեպքում, նիկոլականները մեղավոր կհամարեն նախկիններին, չուզողներին, Տիգրան Մեծին, աստղերի դասավորությանը, «մութ ուժերին», իսկ իրենք երբեք ու ոչ մի դեպքում ոչ մի բանի համար պատասխանատու և մեղավոր չեն:

Ճիշտ է, դրանից Նիկոլ Փաշինյանն ու մյուս «նիկոլփաշինյանները» չեն դադարում ուղղակի սպառնալիք լինել շրջակայքում հայտնված հայ մարդկանց համար:

Արթուր Խայթ

Այս խորագրի վերջին նյութերը