Քաղաքական

20.07.2023 13:43


Քաղաքացիները տասնյակ միլիոններ են վճարել քաղաքապետարանին մի ծառայության համար, որը չի կատարվում

Քաղաքացիները տասնյակ միլիոններ են վճարել քաղաքապետարանին մի ծառայության համար, որը չի կատարվում

Երևանի տարբեր վարչական շրջաններում աղբահանություն չի իրականացվում արդեն մի քանի օր։ Հատկապես ամառվա շոգ եղանակին այն ոչ միայն գարշահոտություն է տարածում ամբողջ թաղամասերում, այլև սպառնում է էկոլոգիական ու առողջապահական լուրջ խնդիր ստեղծել։

Երևանի քաղաքապետարանի՝ հուլիսի 17-ի գործակարգավարական նիստի ժամանակ քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը խոսեց աղբահանության ժամանակացույցի խախտման մասին և ասաց, որ վիճակը տեխնիկական է, աղբատար մեքենաները անսարք են։

Փոխքաղաքապետ Ավինյանն էլ ասաց․ «Այն տեխնիկան որը ձեռք է բերվել, ենթադրվում է, որ պետք է 10 տարի ծառայեր, և այս փչանալու ցուցանիշը մեծ մտահոգությունների առիթ է տալիս, սա ահազանգ է, որ այս տեխնիկայով հեռու չենք գնալու»:

Ֆեյսբուքյան օգտատերերը բազմաթիվ լուսանկարներ են հրապարակում աղբի կուտակումներից՝ ամոթանք տալով քաղաքապետարանին և ամեն օր փիար արշավ անող փոխքաղաքապետին։

Ուշագրավ է, սակայն, որ, թեև չի մաքրվում աղբը, սակայն աղբահավաքման համար, միևնույն է, ահռելի գումարներ են հավաքվում։ Այսպես, համաձայն Երևանի քաղաքապետարանի կայքի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բնակվում է 141 700 մարդ։ Յուրաքանչյուր մարդու հաշվով, ամեն ամիս աղբահանության գումարը կազմում է 200 դրամ, ընդհանուրը՝ 28 մլն, 340 հազար դրամ։ Տարեկան՝ 340 մլն դրամ։

Աջափնյակում բնավում է 111 100 մարդ, աղբահանության գումարը, ըստ բնակչության թվի, կազմում է 22 մլն 220 հազար դրամ ամսական, տարեկան՝ 266,640 հազար դրամ։

Նշենք, որ աղբահանումը կատարվում է փաստացի տվյալ բնակարանում բնակվող անձանց թվով, իսկ Երևանում այսօր բնակվում են շատ ավելի շատ թվով մարդիկ, քան գրանցվածներն են։ Այսինքն՝ աղբահանության վճարները կարող են գերազանցել նշված թվերը։

Ստացվում է՝ Երևանի այս վարչական շրջանների բնակիչները տասնյակ միլիոնավոր դրամներ են վճարում Երևանի քաղաքապետարանին մի ծառայության համար, որն իրեն չի մատուցվում, իսկ հաճախ՝ մատուցվում է ոչ պատշաճ։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը