Քաղաքական

20.07.2023 16:15


ՔՊ-ական պատգամավորը բնակարան ունի, բայց վարձավճարի գումար է ստացել. «Ժողովուրդ»

ՔՊ-ական պատգամավորը բնակարան ունի, բայց վարձավճարի գումար է ստացել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ՀՀ պետբյուջեին վերաբերվում են, ինչպես սեփականության. բոլոր հնարավոր եղանակներով նրանք գումար են կորզում պետբյուջեից:

Ծագումով ապարանցի Մաթևոս Ասատրյանը, օրինակ, որ 11 անշարժ գույք ունի, ամեն ամիս պետությունից 100 հազար դրամ տան վարձի փոխհատուցում է ստացել:

Պաշտոնական հայտարարագրից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը 2023 թվականի հունվարին բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք է գնել։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պատգամավորն այն ձեռք է բերել 800 հազար դրամով, որը գտնվում է Երևանում՝ Աջափնյակ վարչական շրջանում։

Բացի այս տարածքից, որի միանձնյա սեփականատերն է նա, Ասատրյանը տնօրինում է ևս տասը անշարժ գույքի՝ երկու բնակարան, 5 հողամաս, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված շինություն և հողին ամրացված այլ անշարժ գույք և մեկ ավտոտնակ։ Երկու բնակարանները գտնվում են Աջափնյակ վարչական շրջանում, որոնք նա ձեռք է բերել նույն օրը՝ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին։ Այդ բնակարաններից մեկի պարագայում նա համասեփականատեր է, իսկ մյուսի դեպքում 1/3 բաժինն է իրենը։ Մյուս բոլոր գույքերը նա ունեցել է մինչև հեղափոխությունը։

Այս ամենը նա գնել է՝ ունենալով միայն պատգամավորի աշխատավարձը՝ որպես եկամուտ, որը մեկ տարվա ըթացքում կազմել է 7 մլն 886 հազար դրամ։

Ու թեև Մաթևոս Ասատրյանը պատգամավոր եղած ժամանակ Աջափնյակ վարչական շրջանում 2021 թվականին 2 բնակարան է գնել, այնուամենայնիվ, օգտվելով պատգամավորի երաշխիքների մասին օրենքի 9-րդ հոդվածից, այն է՝ եթե պատգամավորը Երևանում չունի բնակարան, նրան վարձավճարի փոխհատուցում է տրվում, ստացել է 100 հազար դրամ ամսական փոխհատուցում։

ԱԺ լրատվական ծառայությունից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրել են՝ 2021 և 2022 թվականներին Մաթևոս Ասատրյանը օրենքի խախտմամբ ստացել է վարձավճարի փոխհատուցում: Մանրամասները՝ առաջիկայում:

Այս խորագրի վերջին նյութերը