Քաղաքական

24.07.2023 16:31


«Ոստիկանը ձեռքիցս խլեց Արցախի դրոշը, հիմա չգիտեմ՝ ուր է»․ պատմում է համերգի ժամանակ դրոշը ծածանած երիտասարդը

«Ոստիկանը ձեռքիցս խլեց Արցախի դրոշը, հիմա չգիտեմ՝ ուր է»․ պատմում է համերգի ժամանակ դրոշը ծածանած երիտասարդը

Մեր ակցիայի նպատակն է եղել ևս մեկ անգամ հիշեցնելը, որ Արցախը եղել է, կա և մնալու հայկական։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վանաձորում «Ֆետսիվառ» երաժշտական փառատոնի ժամանակ Արցախի դրոշը ծածանած և բերման ենթարկված երիտասարդ Արեգ Գասպարյանը։

«Երիտասարդի ձայնը» ՀԿ-ի անդամները հատուկ ակցիայի համար գնացել էին Վանաձոր։ Այնտեղ նախօրոք ուսումնասիրել են տարածքը, հասկացել՝ ինչպես կարող են ավելի հեշտ հասնել բեմին, սպասել են, որ հնարավորինս շատ մարդ հավաքվի հրապարակում և երեքով շարժվել են դեպի բեմ։ Ոստիկանները երիտասարդներից երկուսին բռնել են աստիճանների մոտ, իսկ Արեգը հասցրել է բեմ բարձրանալ և ծածանել դրոշը։

«Աղջիկներից մեկի ոտքից քաշել ու գցել էին աստիճաններին, ինքն էլ փորձել է երկար մնալ աստիճաններին, ժամանակ շահել, ես այդ ընթացքում արեցի իմ գործողությունը մինչև ոստիկանները իմ հետևից էլ եկան։ Սպասելիքներս իրականում ավելի մեծ էին, աջակցություն կար, բայց շատ չէր։ Սպասում էի, որ պետք է ամբողջ հրապարակը ինձ հետ պետք է վանկարկեր՝ «Արցախ», բայց բոլորը չէին։ Սակայն բերման ենթարկվելուց հետո բազմաթիվ անծանոթ մարդիկ եկել էին բաժանմունքի մոտ ինձ աջակցելու»,-պատմեց։

Երիտասարդին ոստիկանական բաժնում պահել են մոտ չորս ժամ՝ այդպես էլ չնշելով բերման ենթարկելու պատճառը։ Նաև բերման ենթարկելու պահին պահանջ չեն ձևակերպել։

«Բերման ենթարկվելիս դրոշը քսվում էր գետնին, ոստիկանին ասացի՝ թույլ տվեք բարձրացնեմ, թույլ չտվեց, մի կերպ բարձրացրի, խլեց ձեռքիցս, հիմա չգիտեմ՝ որտեղ է, ինչ են արել դրոշի հետ։ Բայց ոստիկանական բաժնում վերաբերմունքն այլ էր։ Երևում էր, որ ոստիկաններն էլ համակարծիք չեն կատարվողին, մեկն ասաց՝ իմ բարեկամների կեսն Արցախում են հիմա, ես էլ տանջվում, մեկ այլ ոստիկան ասաց՝ շատ եմ ուրախացել ակցիայի համար։ Ես վստահ եմ, որ ինձ բերման են ենթարկել հենց Արցախի դրոշի համար, որովհետև այլ բացատրություն չկա։ Երբ երկրպագուներն են խաթարում համերգի ընթացքը՝ ցանկանալով լուսանկարվել արտիստի հետ, նրան ուղղակի հեռացնում են տարածքից, բերման ենթարկելու մասին խոսք չի լինում»,-ընդգծեց Արեգ Գասպարյանը։

Այս խորագրի վերջին նյութերը