Քաղաքական

31.08.2023 11:08


«Մայր Հայաստան» դաշինքն աջակցում է «Հայաքվեին» (տեսանյութ)

«Մայր Հայաստան» դաշինքն աջակցում է «Հայաքվեին» (տեսանյութ)

«Մայր Հայաստան» դաշինքի անդամները ԿԸՀ-ի մոտ էին։

Նշենք, որ այսօր ԿԸՀ են հանձնվել «Հայաքվեի» նախաձեռնությանը միացած քաղաքացիների ստորագրությունները։

Դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ «Հայաքվեն» շատ կարեւոր է որպես քաղաքացիական նախաձեռնություն եւ այդ գործընթացը պետք է ի վերջո քաղաքական հանգուցալուծում ստանա, եւ մենք կարողանանք ապահովել ե՛ւ ստորագրած մեր քաղաքացինեի իրավունքները, ե՛ւ քաղաքական գործընթացների հետագա տրամաբանության մեջ զարգացում տանք այս ամենին․ այստեղ արդեն հասարակական-քաղաքական լայն համախմբում է պետք, որպեսզի կարողանանք արդյունք ապահովել։

Լրագրողների մտահոգությանը, թե փորձում են Երեւանում գրանցել մարզաբնակներին՝ օգտագործելով վարչական ռեսուրսը, Անդրանիկ Թեւանյանը պատասխանել է՝ «Մայր Հայաստանի» թիմերն աշխատում են նաեւ այդ ահազանգերի ուղղությամբ։

«Այդպիսի ահազանգ մենք էլ ունենք, բայց մենք համոզված ենք, որ մեր քաղաքացիներն իրենց խոսքն ասելու են․ որեւէ պարագայում այս իշխանությունը վերարտադրվելու շանս չի ունենալու, որովհետեւ բոլոր ուսումնասիրությունները, մեր ուղղակի շփումները քաղաքացիների հետ ցույց են տալիս, որ այս իշխանությունը մերժված է, իրենք չունեն որեւէ վստահություն, ուղղակի դա պետք է քաղաքական հանգուցալուծման տեսք ստանա եւ մենք համոզված ենք, որ մեր քաղաքացիներն իրենց խոսքն անպայման ասելու են»,-նշել է «Մայր Հայաստանի» առաջնորդը։

Լրագրողներին նաեւ հետաքրքրել է՝ արդյոք երեւանցիները գիտակցո՞ւմ են, որ քաղաքային իշխանության փոփոխությամբ համապետական իշխանափոխություն հնարավոր է։

«Մեր գխավոր խնդիրը քարոզչության միջոցով այդ ամենը տեղ հասցնելն է եւ մենք տեսնում ենք, որ մարդիկ շատ լավ պատկերացնում են, որ ստանդարտ իրավիճակ չէ Հայաստանում»,-պատասխանել է Անդրանիկ Թեւանյանը։

Նա նշել է, որ ստանդարտ իրավիճակում ընտրություններն այլ տեսք կստանային, բայց հիմա մեր գլխավոր օրակարգն անվտանգությունն է, երկրի գոյությունը, արցախահայության խնդիրները, եւ այս բոլոր հարցերը պատասխան կստանան Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ։

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում ավելի վաղ գրել էր․ «Մայր Հայաստան» շարժումն ու արդեն նույնանուն դաշինքի վերածված կառույցի անդամներն առաջին իսկ օրվանից աջակցել են «Հայաքվեին»։

Մենք՝ որպես նախաձեռնության մասնակիցներ, կլինենք ԿԸՀ–ի դիմաց՝ մեր քաղաքացիների ստորագրություններն արժեվորելու և մեր գործընկերներին սատարելու համար»։

Նշենք, որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելն ու Հայոց ցեղասպանության ուրացումը քրեականացնել առաջարկող «Հայաքվե» նախաձեռնության օրինագիծն Ազգային ժողովի օրակարգ մտնցելու համար անհրաժեշտ էր 50 հազար ստորագրություն․ հավաքվել է 8 հազարով ավելի։

Այս խորագրի վերջին նյութերը